• Հայ
  • Рус
  • Eng
Կամավորական աշխատանքում անքուն գիշերները դարձան իմաստավոր, բժշկական արտահագուստը՝ ամենահարմարավետը
Կամավորական աշխատանքում անքուն գիշերները դարձան իմաստավոր, բժշկական արտահագուստը՝ ամենահարմարավետը
27.08.2020

Նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում և առողջապահական համակարգի արտակարգ իրավիճակում անձնվեր ծառայության ու իրականացրած պատասխանատու աշխատանքի համար ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող Մանվել Չաբուխյանը պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով:

Համավարակի առաջին իսկ օրվանից ապագա բժիշկը մեծ ցանկություն ուներ աշխատել և օգնել թե՛ հիվանդներին, թե՛ բուժաշխատողներին։

«Երբ ուսխորհուրդը հայտարարեց, որ կամավորներ են պետք, առանց մեկ վայրկյան տատանվելու որոշեցի՝ պետք է գնամ։ Առաջին քայլերը, որ կատարեցի կամավորության սկզբունքով, աշխատանքի անցա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում՝ 15 օր։ Դա իմ առաջին փորձաշրջանն էր. հաղթահարեցի պատվով, ՀՀ Ան նախարարի կողմից արժանացա պատվոգրի»,- պատմում է սովորողը։

Նրա խոսքով՝ երբ հայրենի քաղաքի՝ Սպիտակի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվեց կորոնավիրուսով հիվանդների բուժման համար, որոշեց անպայման աշխատանքի անցնել այնտեղ։ Աշխատել է սկզբում որպես սանիտար, ապա՝ բուժակ։

«Այն ինձ շատ մեծ հնարավորություն տվեց ծանոթանալ մինչ այդ ինձ համար անծանոթ աշխատանքին։ Սպիտակի բժշկական կենտրոնի տնօրեն  Վարդուհի Սիսակյանը մեծ սիրով ինձ ընդգրկեց իրենց շատ պատրաստված, բանիմաց թիմում, անմիջապես տեղավորեց ամենապատասխանատու՝ ռեանիմացիայի բաժանմունքում»,- նշում է Մանվել Չաբուխյանը։

Սկզբում իր համար շատ բարդ համարվող աշխատանքը դարձավ սիրելի ու հաճելի։ Միշտ պատրաստ ամեն ինչում օգնելու և սովորեցնելու բժիշկ-ռեանիմատոլոգ Արթուր Դունամալյանի օգնությամբ և իր համառ ջանքերի շնորհիվ կարճ ժամանակում ընտելացել է ամենամարդասիրական գործին, անգամ անքուն գիշերները դարձան ամենաիմաստավոր գիշերները, իսկ արտահագուստը՝ ամենահարմարավետը։

Ապագա բժշկի գնահատմամբ՝ կամավորական աշխատանքում ոչ մի դժվարություն չկա: Կամավորական աշխատանքը շատ հաճելի է, սովորողն այն կատարում է պատասխանատվությամբ ու մեծ սիրով։

ԿԳՄՍ նախարարությունում աշխատելու ժամանակ միաժամանակ հեռավար դասեր էր անում, կարողանում էր համատեղել և ոչ մի խնդիր չէր առաջանում։

Ծնողները միայն ողջունել և ոգևորել են իրեն, ընկերները նույնպես շատ են ուրախացել, իսկ դասախոսները դեռ տեղյակ չեն, բայց համոզված է, որ բոլորն էլ կողջունեն ու կուրախանան իր հաջողություններով։

Կամավորական աշխատանքը, ԵՊԲՀ սովորողի կարծիքով, իրեն մեծ հնարավորություն է տվել` ավելի ինքնավստահ է դարձել, հպարտությամբ է լցվել: Մեծ ոգևորություն է ապրում յուրաքանչյուր դուրս գրվող հիվանդի հետ, կիսում է նրանց ցավն ու ուրախությունը։

Դեռ վաղ է մտածել նեղ մասնագիտացման մասին, բայց շատ կցանկանար նյարդավիրաբույժ կամ սրտային վիրաբույժ դառնալ: Ապագա բժիշկը հավելում է՝ կարևորը ոչ միայն լավ մարդ, այլև լավ մասնագետ լինելն է։