• Հայ
  • Рус
  • Eng
Կանխարգելումը գլխուղեղի կաթվածի լավագույն բուժումն է
Կանխարգելումը գլխուղեղի կաթվածի լավագույն բուժումն է
29.10.2019
Գլխուղեղի կաթվածի` ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը մայրաքաղաքում անցկացնում է իրազեկման միջոցառում՝ ինսուլտի ախտանշաններն ու կանխարգելման ուղիները քաղաքացիներին ներկայացնելու նպատակով:
 
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանը նշեց, որ միջոցառման գլխավոր նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ՝ բարձրացնելով մարդկանց կյանքի որակը: «Կանխարգելումը լավագույն բուժումն է: Փորձելու ենք բավարար չափով տեղեկություն տալ քաղաքացիներին, այդ թվում տեսանյութերի տարբերակով: Բացատրել, թե ինչպես պետք է ճանաչել կաթվածը, խնդրի դեպքում ինչ շտապ քայեր ձեռնարկել՝ մարդուն փրկելով հաշմանդամությունից»,-ասաց նա:
 
Նյարդաբանի խոսքով՝ միջոցառման ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն կունենան հետազոտվելու մասնագետների կողմից. «Օրվա ընթացքում կիրականացվեն պարանոցի անոթների հետազոտություն, ճնշման և շաքարի չափումներ, ավելորդ քաշի հայտնաբերում, այսինքն այն բոլոր գործոնների, որոնք հանդիսանում հիվանդության առաջացմանը պատճառ»,-ասաց Եկատերինա Հովհաննիսյանն՝ ավելացնելով, որ այսպիսի միջոցառումները կլինեն շարունակական և մասնագետները քաղաքացիներին կօգնեն խուսափել այս լուրջ խնդրից:
 
Նշենք, որ ավելի քան 40 երկրում հոկտեմբերի 29-ին նշվում է գլխուղեղի կաթվածի` ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օրը:
 
Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարի 1-ից գլխուղեղի սուր իշեմիկ ինսուլտի բուժումը Հայաստանում անվճար է: Այդ ծառայությունները դեռևս մատուցվում են հանրապետության երկու բժշկական կենտրոններում, որոնց թվում է՝ «Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան» հիմնադրամի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը: Ծրագրի շրջանակում երկու բժշկական կենտրոններում բուժսպասարկում է ստացել 286 քաղաքացի: