• Հայ
  • Рус
  • Eng
Կենսաքիմիան է մարդու օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացների հիմքում
Կենսաքիմիան է մարդու օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացների հիմքում
20.12.2017

Յուրաքանչյուր կառույց առաջին հերթին ամբողջական է այն մարդկանց, անհատների շնորհիվ, ովքեր ընդհանուր մեխանիզմի ընդամենը մեկ, բայց կարևոր մասն են: Բժշկական համալսարանը հարուստ է ոչ միայն իր 100-ամյա պատմությամբ, այլև այն մասնագետներով, ովքեր տասնամյակներ շարունակ բժշկական բուհի հիմնասյուներն են, մեկդարյա պատմության կերտողները:
ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ Միխայիլ Աղաջանովը ողջ կյանքը նվիրել է գիտությանը՝ մասնավորապես նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելմանն ու բուժմանը: Պրոֆեսորի երկարամյա գործունեությունը մշտապես բարձր է գնահատվում թե՛ համալսարանի, թե՛ միջազգային գիտական մտքի կողմից:

Միխայիլ Աղաջանով ավագը Ալեքսանդր Մանթաշովի անձնական բժիշկն էր
Ասում են՝ բժշկական մթնոլորտը վարակիչ է: Չգրված այս օրենքը հաստատվում է նաև Միխայիլ Աղաջանովի կյանքի օրինակով:«Ծնվել եմ բժշկի ընտանիքում և, կարելի է ասել, ծնված օրվանից եմ առնչվել բժշկության հետ»,- պատմում է նա: Բժշկական մթնոլորտը վաղ հասակից վարակում է ապագա բժիշկ-գիտնականին և կանխորոշում նրա հետագա հաջողությունների ճանապարհը: Այս ընտանիքի բժշկական գիծը սկիզբ է առնում Միխայիլ Աղաջանով ավագից, ով Թբիլիսիում մեծ համբավ էր վայելում: Վաստակավոր բժիշկը Միխայիլ Աղաջանովի պապն էր: Մաշկաբան-վեներոլոգի պացիենտներն անվանի մարդիկ էին, հասարակական-քաղաքական գործիչներ, որոնց բժիշկը բացառիկ արտոնություն ուներ բուժզննելու տնային պայմաններում: Նրա հանրաճանաչ հիվանդներից էր նաև ազգօգուտ բարեգործություններով հայտնի, լայն ժողովրդականություն վայելող բարերար Ալեքսանդր Մանթաշովը, ով նաև Միխայիլ Աղաջանով ավագի կնոջ ազգականն էր: Տարիների ընթացքում բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները փոխակերպվում են ամուր ընկերության, ինչի մասին է վկայում 1900-ականների սկզբին Թբիլիսիում արված պատմական լուսանկարը, որն այսօր Միխայիլ Աղաջանով կրտսերը խնամքով պահպանում է ընտանեկան լուսանկարների արխիվում:
Միխայիլ Աղաջանովը Հոկտեմբերյան հեղափոխությունից տարիներ անց Վրաստանի երկու՝ այն ժամանակվա Անվտանգության և Ներքին գործերի մինիստրությունների բժշկական վարչությունների խորհրդատուն էր:
1920-ականներին Թբիլիսիի մտավորականներից մի քանիսը՝ այդ թվում Միխայիլ Աղաջանովի պապը, իր երեք որդիներից երկուսին ուղարկում է Իտալիա կրթություն ստանալու: Տղաներից մեկը մնում է Իտալիայում և վերադառնում ծննդավայր միայն տարիներ հետո: Մյուսը, Իտալիայում տնտեսագիտական կրթություն ստանալուց հետո վերադառնալով հայրենիք, նույնպես ընտրում է բժիշկ դառնալու ուղին: Միխայիլ Աղաջանով ավագի փոքր որդին՝ Իոսիֆ Աղաջանովը, մասնագիտությամբ ինժեներ էր, պատերազմական տարիներին հանգամանքների բերումով ավտովթարից մահանում է երիտասարդ` 29 տարեկան հասակում: Հոր մահից հետո Միխայիլ Աղաջանովի դաստիարակությամբ զբաղվում է մայրը, պապը, տատը, ինչպես նաև մասնագիտությամբ բժիշկ հորեղբայրը՝ Գեորգի Աղաջանովը: Մաշկաբան-վեներոլոգը Վրաստանի գիտահետազոտական ինստիտուտում բաժնի վարիչ էր: Նա ևս մեծ ներդրում ուներ իր եղբորորդու մասնագիտության ընտրության և հետագայում կայացման գործում:

Մասնագիտական գործունեությունը նվիրեց կենսաքիմիային
1957 թվականը ճակատագրական էր Միխայիլ Աղաջանովի կյանքում: Արծաթե մեդալով ավարտելով միջնակարգ դպրոցը՝ «ընտանեկան խորհրդի» որոշմամբ տեղափոխվում է Երևան: Հանձնելով միայն մեկ քննություն քիմիայից՝ նա ընդունվում է Երևանի  բժշկական ինստիտուտ՝ հավերժ կապելով կյանքը բժշկագիտության հետ:
Թբիլիսիից Երևան գալով՝ Միխայիլ Աղաջանովը ծանոթանում է բժշկագիտության, ինչպես նաև կենսաբանական գիտությունների ոլորտի մի շարք հեղինակությունների հետ: Այդ խոշոր գիտնականներից է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Մխիթարյանը, ով երկար տարիներ ղեկավարել է ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնը: Ուսուցչի, ավագ գործընկերոջ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի լուսանկարը տարիներ շարունակ փակցված է Միխայիլ Աղաջանովի աշխատասենյակում: Հենց նրա առաջնորդությամբ է նույն ամբիոնի ապագա ղեկավարը որպես մասնագիտացում ընտրում կենսաքիմիան և լիովին ընկղմվում մասնագիտության առանձնահատկությունների ու հնարավորությունների բացահայտման գործընթացում: Տարիներ անց չի ափսոսում, որ դարձավ ոչ թե կլինիցիստ՝ բուժող բժիշկ, այլ մասնագիտական գործունեությունը նվիրեց բժշկագիտությանը, կենսաքիմիային:
«Կենսաքիմիան բացատրում է կյանքի քիմիական հիմունքները: Կենսաքիմիան է մարդու օրգանիզմում կատարվող բոլոր գործընթացների հիմքում: Ուղեղի և աղեստամոքսային տրակտի, ինչպես նաև մյուս օրգանների կառուցվածքը կարելի է արտահայտել քիմիական բանաձևերով»,- մասնագիտության բուն իմաստը բացատրում է պրոֆեսոր Աղաջանովը:
Անդրադառնալով իր ղեկավարած ամբիոնին՝ կենսաքիմիկոսն ընդգծում է, որ 1923թ. ստեղծված ամբիոնը հիմնադրումից ի վեր աչքի է ընկել իր ավանդույթներով: Ամբիոնի առաջին վարիչը՝ ԵՊՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Հակոբ Հովհաննիսյանն էր, այնուհետև 1937թ.-ից ամբիոնը ղեկավարել է Հայաստանում կենսաքիմիական գիտության հիմնադիր Հրաչյա Բունիաթյանը: Նա 1943թ.-ին Հայաստանի այլ ականավոր գիտնականների հետ հիմնադրել է ՀՍՍՀ Գիտությունների ազգային ակադեմիան: Աշխարհահռչակ գիտնականի ղեկավարության տարիներին ամբիոնում իրականացվել են լայնածավալ նեյրոքիմիական հետազոտություններ: 1961թ.-ից մինչև կյանքի վերջը Հրաչյա Բունիաթյանն իր հիմնադրած ՀԽՍՀ ԳԱ կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենն էր, որը 1982թ.-ից կոչվում է նրա անունով։ Ամբիոնի գիտական նվաճումների զարգացմանը նպաստել են նաև պրոֆեսորներ Գաբրիել Խաչատրյանը և Էմիլ Մխեյանը: Ամբիոնում իրենց դոկտորական թեզերն են պաշտպանել պրոֆեսորներ Էլեոնորա Միքայելյանը, Դիանա Գևորգյանը և Մագդալինա Մելքոնյանը, ով 1993թ.-ից մինչ այժմ ղեկավարում է Բժշկական քիմիայի ամբիոնը:
«Ամբիոնի մթնոլորտը միշտ աշխատանքային է եղել: Համալսարանում տարիներ առաջ սովորական երևույթ էին դիտարկում այն հանգամանքը, որ ամբիոնի լույսերն անգամ կեսգիշերն անց կարող է հանգած չլինեին, աշխատակիցներն աշխատում էին մինչև ուշ գիշեր»,- ասում է Կենսաքիմիայի ամբիոնի վարիչը՝ հավելելով, որ այսօր էլ աշխատանքներ են տարվում ամբիոնի լավագույն ավանդույթները պահպանելու ուղղությամբ: Նրա գնահատմամբ`առանց գիտության հնարավոր չի կարող գոյություն ունենալ որևէ բարձրագույն ուսումնական հաստատություն, և հենց գիտությունն է բուհը դարձնում համալսարան։ Բոլոր աշխատակիցներն իրենց հարուստ փորձը փոխանցում են երիտասարդ սերնդին։ Ամբիոնի երկարամյա աշխատակիցներից է դոցենտ Լիլիա Չիլինգարյանը, ով արդեն ավելի քան կես դար է իր հարուստ մասնագիտական փորձը փոխանցում է ապագա բժիշկներին։ 

Կենսագրական տվյալներ
1957-1963թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: 1963-1966թթ եղել է բժշկական ինստիտուտի Կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտ, 1966-1974թթ․՝ ամբիոնի ասիստենտ, 1974-1984թթ․՝ նույն ամբիոնի դոցենտ, 1984-1986թթ՝ պրոֆեսոր: 1988-1991թթ․ համատեղությամբ աշխատել է որպես Երևանի բժշկական ինստիտուտի գիտության գծով պրոռեկտոր: Հենց այս տարիներին նրա ջանքերով ՀԽՍՀ բժշկական գիտությունների ակադեմիային կից հիմնադրվել է Պարբերական հիվանդության պրոբլեմային հանձնաժողովը: 1986–2008թթ. եղել է Կենսաքիմիայի ամբիոնի վարիչը, 2008-2011թթ.՝ Կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր, ապա 2011թ.-ից՝  կրկին Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ: Բազմաթիվ վերապատրաստումներ է անցել, այդ թվում Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում, Մոսկվայի բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտում, Կիևի պետական բժշկական ինստիտուտում, Ճապոնիայի Կիտասատոյի համալսարանում և այլուր: 1986թ. Մոսկվայում ՍՍՀՄ ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում արժանացել է ոսկե մեդալի, 1988թ. ՍՍՀՄ կրթության պետական կոմիտեի կողմից ստացել է մեդալ: 1992թ. Ճապոնիայի Կիտասատոյի համալսարանը նրան շնորհել է ազգային մեդալ։ 2000թ. արժանացել է ԵՊԲՀ ոսկե մեդալի, իսկ 2010թ. ոսկե կրծքանշանի։ 2010թ. արժանացել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչման։ 2014թ. գիտակրթության և գործնական առողջապահության ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և ծննդյան 75-ամյակի կապակցությամբ պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը ԵՊԲՀ-ի կողմից պարգևատրվել է ոսկե շքանշանով: 2015թ. ՀՀ գիտության պետական կոմիտեի կողմից գիտնականն արժանացել է Ոսկե մեդալի:

Բժշկի մասնագիտությունն են ընտրել նաև Միխայիլ Աղաջանովի երեխաները

Լուսինե Աղաջանովան ավարտել է ԵՊԲՀ-ն, այժմ բնակվում է ԱՄՆ-ում, կլինիկական և գիտական հաջողված գործունեություն է ծավալում Սթենֆորդի համալսարանում: Միխայիլ Աղաջանովի զույգ աղջիկներից Ելենա Աղաջանովան պրոֆեսոր է, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավարն է, Էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչը: 1996 թվականին դաժան հանգամանքներում կյանքից հեռացել է Միխայիլ Աղաջանովի որդին՝ Իոսիֆ Աղաջանովը, ով այդ ժամանակ սովորում էր ԵՊԲՀ 3-րդ կուրսում: Միխայիլ Աղաջանովի կինը՝ Նելլի Ահարոնովան, մանկավարժ է, Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի փոխտնօրենը: Նաև նկարչությամբ է զբաղվում, պարբերաբար ցուցահանդեսներ է կազմակերպում ոչ միայն Հայաստանում, այլև Սան Ֆրանցիսկոյում: Բժշկի մասնագիտությունն Աղաջանովների ընտանիքում սերնդեսերունդ է փոխանցվում: ԵՊԲՀ-ի 4-րդ կուրսում է սովորում նաև Ելենա Աղաջանովայի և ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Վարդան Ազնաուրյանի որդին՝ Միխայիլ Ազնաուրյանը: Միխայիլ Աղաջանովն ունի չորս թոռ՝ 3 տղա, 1 աղջիկ:

Հաջողություններ Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրման ոլորտում
Միխայիլ Աղաջանովը հասարակական ակտիվ գործունեությամբ է զբաղվում: 2002թ.-ից Ալցհեյմերի հիվանդության հայկական ասոցիացիայի հիմնադիր նախագահն է, 2004-2015թթ․ ԵՊԲՀ ՈՒԳՀ-ի գիտական հիմնադիր ղեկավարը, 2006թ․ ԵՊԲՀ էթիկայի կոմիտեի նախագահը, 2012թ.-ից Հայաստանի կենսաքիմիական ասոցիացիայի փոխնախագահը, 2014թ.-ից  «Нейрохимия» հանդեսի գլխավոր խմբագիրը, 2014թ․-ից Neurochemical journal հանդեսի գլխավոր խմբագիրը, 2014թ. ՀՀ գիտպետկոմիի «Բժշկություն» հանձնաժողովի նախագահը։ 2017թ․ մարտին ԵՊԲՀ ռեկտորի հանձնարարությամբ համալսարանում ստեղծվում է Կարգապահական հանձնաժողով, որի նախագահն է նշանակվում  Միխայիլ Աղաջանովը․ Աշխարհի առաջատար բուհերում կիրառվող այս կոմիտեների նպատակն ուսանողների, առհասարակ բոլոր աշխատակիցների իրավունքների և պարտականությունների ոլորտում առաջացող խնդիրների կանոնակարգումն է:  Կարգապահական հանձնաժողովը կազմված է 12 անդամներից, ովքեր հանձնաժողովային կարգով քննարկում և առաջարկներ են ներկայացնում բուհի ուսանողներին կամ աշխատակիցներին վերաբերող ամենատարբեր հարցերի շուրջ:
Բժիշկ-գիտնականն անդամակցում է նաև շուրջ մեկ տասնյակ հեղինակավոր միջազգային մասնագիտական միավորումների: Միխայիլ Աղաջանովը հպարտությամբ է պատմում «Нейрохимия» հեղինակավոր հանդեսում գլխավոր խմբագրի իր պատվաբեր գործունեության մասին: Ռուսալեզու գիտական հանդեսն ամենամսյա պարբերականությամբ ժամանակակից նեյրոքիմիայի նորագույն բացահայտումների վերաբերյալ ընթերցողին է ներկայացնում հագեցած տեղեկատվություն:
Գիտության վաստակավոր գործչի ղեկավարությամբ պաշտպանվել է 6 դոկտորական, 28 թեկնածուական ատենախոսություն, 300-ից ավելի գիտական աշխատանքների, բժշկական կենսաքիմիայի ոլորտում 6 հեղինակային իրավունքի, 3 դասագրքի և բազմաթիվ ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է:
Արդեն 15 տարի է Միխայիլ Աղաջանովի հասարակական գործունեության առանցքում է Ալցհեյմերի հիվանդության հայկական ասոցիացիայի գործունեությունը: Ինչպես աշխարհում գոյություն ունեցող մի շարք այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում այս մասնագիտական միավորման խնդիրն է բարձրացնել բնակչության իրազեկվածության աստիճանը` շեշտադրելով այն փաստը, որ Ալցհեյմերը հիվանդություն է, այլ ոչ թե ծերությանը բնորոշ նորմալ դրսևորում։ Այս ասոցիացիան հայ համայնքի աջակցությամբ իր մասնաճյուղն ունի նաև ԱՄՆ-ում: 2018 թվականի մայիսին ԵՊԲՀ-ում նախատեսվում է համատեղ ջանքերով անցկացնել Ալցհեյմերի հիվանդությանը նվիրված գիտաժողով:
Գիտնականն ընդգծում է, որ իրենց համար օրակարգային է աշխատանքներն ուղղել այս հիվանդությամբ ապրող մարդկանց կյանքի որակի բարելավմանը, ուսումնասիրել պատճառներն ու գտնել հիվանդության բուժման ուղիները: Հետևաբար իրազեկման աշխատանքներն ու ուսումնասիրությունները չեն սահմանափակվում միայն սեպտեմբերով, որն ընդունված է համարել Այլցհեյմերի հիվանդության իրազեկման ամիս: Հիվանդության տարածվածությունը Երևանում և մարզերում պարզելու նպատակով ասոցիացիան առաջիկայում ծրագրում է իրականացնել լայնածավալ ուսումնասիրություններ, որոնք կմեկնարկեն եկող տարվա գարնանը Կոտայքի մարզից: Հիվանդության պաթոգենեզի հետազոտությունը,  դրա կանխարգելումը և բուժման ուղիների մշակումը Կենսաքիմիայի ամբիոնի հիմնական գիտական ուղղություններից է։ Այդ տեսակետից ամբիոնում  զգալի հաջողություններ  են գրանցվել «Ալցհեյմերի փորձարարական հիվանդության բուժման բնագավառում»։ Միխայիլ Աղաջանովը հիշում է նաև տարիներ առաջ իր ելույթը Սանկտ Պետերբուրգում, որտեղ նա հայտնեց իր գիտականորեն հիմնավորված կարծիքն այն մասին, որ ուղեղի նյարդային բջիջները վերականգնվում են: Այսօր արդեն գիտական աշխարհում շատերի կողմից հիմնավորված և ընդունված այս տեսությունն ունի բազմաթիվ համախոհներ:

Առանց օտար լեզուների իմացության անհնար է պատկերացնել բժշկի հաջողությունը
Երկարամյա մասնագետը վստահ է, որ ժամանակակից աշխարհում անհնար է պատկերացնել բժշկի մասնագիտական զարգացումն առանց օտար լեզուների իմացության: Պրոֆեսորը մեջբերում է իր օրինակը: Նա Թբիլիսիում հաճախել է գերմանական մանկապարտեզ, իսկ ուսանողական տարիներից արդեն սկսել է վարժ տիրապետել անգլերենի: Բացի ռուսերենից ազատ հաղորդակցվում է նաև անգլերեն, ինչպես նաև նա առաջիններից էր, ով նախորդ դարի 70-ականների վերջին սկսել է հենց այս օտար լեզվով կենսաքիմիա դասավանդել ԵՊԲՀ արտասահմանցի ուսանողներին: Հետագայում օտարալեզու ուսուցումը, բուհում պահանջարկից ելնելով, ընդլայնվել է և արդեն ավելի քան երեք տասնամյակ է ԵՊԲՀ-ում այս պահի դրությամբ 26 երկրի քաղաքացիները բժշկական կրթություն են ստանում օտար լեզուներով: Միխայիլ Աղաջանովի խոսքով՝ այսօր առավել խստացված և բարձր պահանջներ են դրված ուսանողների և առավելապես բժշկական կրթություն ստացողների առջև: «Ուսանողը չի կարող դառնալ լավ բժիշկ և չի դառնա առանց օտար լեզուների ուսումնասիրության, առանց ինքն իր վրա շարունակական աշխատանքի»,- ընդգծում է զրուցակիցս:
Պատահական չէ, որ պրոֆեսորն իր օրը վաղ առավոտից սկսում է ոչ միայն գիտական ոլորտի, այլև աշխարհում կատարվող նորություններին ծանոթանալու, ինչպես նաև աշխարհի տարբեր անկյունների գործընկերների կողմից իրեն ուղղված էլեկտրոնային նամակներին պատասխանելու պարտադիր պայմանից: Նա վստահ է, որ համալասարանական կրթության հիմքում այն մոտեցումներն են, որոնցից օգտվելու դեպքում երիտասարդը հնարավորություն կունենա հաղորդակցվել աշխարհում գոյություն ունեցող գիտական բոլոր գանձերի հետ: Կենսաքիմիայի ամբիոնի վարիչն ուրախությամբ է նշում, որ հաճելի է տեսնել երիտասարդների, ովքեր գիտության ոլորտում ակտիվ աշխատանքներ են տանում: Նա կարևորում է ապագա բժիշկների համալիր զարգացումը, բանավոր խոսքի հմտությունների առկայությունը, հետագայում հիվանդների հետ հաղորդակցվելու, տարբեր միջոցառումներին զեկուցվող նյութը գրագետ ներկայացնելու, ժամանակակից աշխարհին համընթաց քայլելու նպատակով: Պրոֆեսորը վստահ է, որ յուրաքանչյուր ուսանող կամ դասախոս պետք է մասնակից դառնա այն մեծ ծրագրերին ու նախաձեռնություններին, որոնք դրված են այսօր բժշկական համալսարանի առաջ:

Հեղինակ՝ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ ՄԻԽԱՅԻԼ ԱՂԱՋԱՆՈՎԻ անձնական արխիվից և ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲՅԱՆԻ