• Հայ
  • Рус
  • Eng
Խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի՝ Հիպոկրատի և զինվորական ծառայության երդման ներքո
Խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի՝ Հիպոկրատի և զինվորական ծառայության երդման ներքո
12.07.2019

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի պատմական շենքի բակում տեղի ունեցավ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված տոնակատարությունը, որը մեկնարկեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ զինվորական նվագախմբի քայլերթով: Այս խորհրդանաշական օրը գիտական խորհրդի հանդիսավոր նիստին Բժշկական համալսարանի անվանական կրթաթոշակառուներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի շրջանավարտ կուրսանտները, ավանդույթի համաձայն, Հիպոկրատի երդում տալով ստացան իրենց ավարտական դիպլոմները՝ թևակոխելով կյանքի նոր՝ մասնագիտական փուլ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ խիստ խորհրդանշական է ավարտել բժշկական համալսարանն ու կրել զինվորական համազգեստ, խիստ պատասխանատու է ծառայել կրկնակի՝ Հիպոկրատի և զինվորական ծառայության երդման ներքո: «Այս մարդիկ աներկբա ուժեղ և պատասխանատու են, և ես նրանց ցանկանում եմ, որպեսզի պատվով կատարեն իրենց պատասխանատու առաքելությունը»,-նշեց ՀՀ վարչապետը:

Անդրադառնալով օտարերկրյա շրջանավարտներին՝ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ նրանք ստացել են անհրաժեշտ գիտելիքներ, ապրել են հարազատ միջավայրում, և այսուհետև կդառնան ՀՀ դեսպանն իրենց երկրներում՝ հասնելով այնպիսի հաջողությունների, որով կհպարտանան ինչպես հարազատներն ու բարեկամները, այնպես էլ հայ ժողովուրդը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Բժշկական համալսարանն այսօր միակ ամենահաջողված պետական բուհն է, որն արտահայտում է բարձրագույն կրթական համակարգի ապագայի վերաբերյալ պետության պատկերացումը: «Հույս ունեմ, որ միջազգայնացման ուղին բռնած ԵՊԲՀ-ն կընդլայնի իր այս փորձը, որին կհետևեն Հայաստանի մյուս բուհերը՝ գրավիչ դառնալով օտարերկրացի ուսանողների համար:

Վարչապետի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ բժշկական ծառայությունները հասանելի են իրեն, և այդպես լինի իրականում:

«Ինչպես տեսնում եք՝ մեր կառավարության համար սա առաջնահերթություն է, որպեսզի որևէ քաղաքացի որևէ առողջապահական հիմնարկի մուտքից ձեռնունայն ետ չվերադառնա: Ես ցանկանում եմ, որ մենք միասին կարողանանք ստեղծել այնպիսի իրավիճակ, որ յուրաքանչյուր բժշկի ձեռքը մշտապես պարզած լինի և օգնության պատրաստ ոչ միայն դե յուրե, այլ նաև դե ֆակտո: Սա մեր հավաքական գործն է, որը մենք պետք է անենք»,- համոզմունք հայտնեց վարչապետը:

Միջոցառմանը ներկա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նախարարներին իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, դեսպաններին, հայրենիքի պաշտպաններին, անվանի ու ապագա բժիշկներին և միջոցառման մասնակիցներին ողջյունելով՝ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը շնորհավորեց շրջանավարտներին 100-ամյա պատմություն ունեցող քաղաքային հիվանդանոցի շենքի առջև բժշկին հարին երդում տալու կապակցությամբ: «Այս շենքը մեր պատմական հիշողությունն է, այն ոչ միայն բժշկական դարբնոց է, այլև ռազմական փառքի հիշողություն կրողը, քանի որ այստեղ բուժվել ու բուժվում են ազգի հերոսները»,-ասաց ռեկտորը՝ հիշեցնելով «Մի վնասիր» սկզբունքը: Արմեն Մուրադյանը շրջանավարտներին խորհուրդ տվեց լինել առաջինը, քանի որ առաջինն իրավունք չունի սխալվել ու վրիպել: Նա գիտական խորհրդի երաշխավորությամբ համոզմունք հայտնեց, որ այս շրջանավարտները կդառնան առաջինը:

Այսօր տարածաշրջանում միայն Հայաստանն ու Ռուսաստանն ունեն ռազմաբժշկական ֆակուլտետներ, որտեղ պատրաստվում են հայրենիքի համար կարևոր նշանակություն ունեցող մասնագետներ՝ ռազմական բժիշկներ: Նրանց կրթող դարբնոցը՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը 25 տարեկան է:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համոզմունք հայտնեց, որ ԵՊԲՀ շրջանավարտներն անելու են առավել քան հնարավոր է: «Ձեզանից մեծ սպասումներ ունենք»,-ասաց նախարարը՝ շնորհավորելով շրջանավարտներին ավարտելու, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծման 25-ամյակի առիթով: Դավիթ Տոնոյանի հրամանով՝ ՀՀ ՊՆ-ի հետ երկարատև համագործակցության, ռազմաբժշկական կրթության ու գիտության զարգացման գործում ներդրած ավանադի համար ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմը խրախուսվեց պատվոգրերով, հուշանվերներով, հուշամեդալներով ու մեդալներով: Գիտական խորհրդի որոշմամբ՝ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ստեղծման 25-ամյակի, ռազմաբժշկական կրթության զարգացման գործում մեծ ավանդի համար ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին շնորհվեց Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի առաջին աստիճանի շքանշան, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ստեղծման, զարգացման, վիրավոր զինվորների վերականգնման գործում ցուցաբերած մեծ աջակցության  համար առաջին աստիճանի շքանշանի արժանացավ կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:

ԵՊԲՀ-ն մշտապես պարտավորված է մեծարել սխրանքներ կատարած մարդկանց: «Հերացու» անվան ոսկե և արծաթե հուշամեդալների արժանացան հայրենիքին տարիներ շարունակ ծառայող անվանի բժիշկներ, որոնք կրելով բժշկի վեհ կոչումն՝ օրինակ են յուրաքանչյուր շրջանավարտի համար:

Ավանդույթի համաձայն ամեն տարի ԵՊԲՀ-ն հաշվետվություն է ներկայացնում երկրի ղեկավարությանը: Միջազգային կրթական օջախ լինելու ավանդույթին հավատարիմ մնալով՝ բժշկական բուհը 2018-2019 ուսումնական տարում ընդունել է 1200 ուսանող, որոնց թվում` 36 երկրներից 300-ից ավելի օտարերկրացիների: Նշված ժամանակահատվածում մանագիտական կյանք է ճանապարհվել 1008 ուսանող: Արդիականացնելով բժշկական սիմուլյացիոն կենտրոնները՝ հաջողվել է սովորողների առաջադիմությունը բարձրացնել 4,7 տոկոսով: Բազմաթիվ ձեռքբերումների կողքին պետք է առանձնացնել գիտության բնագավառում Հայաստանի և ԵՊԲՀ-ի հաջողությունը՝ HORIZON 2020 TWINNING ծրագրում հաղթող ճանաչվելն ու 1 միլիոն դոլարի դրամաշնորհի արժանանալը: Բժշկական համալսարանը ստացել է նաև միջազգային ինստիտուտցիոնալ հավատարմագրում, դարձել է ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն, իսկ ԵՊԲՀ-ի դիպլոմը ճանաչվել է ևս մեկ երկրի՝ Շրի Լանկայի կողմից:

Կարևեորելով միջազգայնացման գործընթացը՝ Բժշկական համալսարանը մեկ տարվա ընթացքում ընդունել և պատվով ճանապարհել է աշխարհի հայտնի համալսարաններից 35 պրոֆեսորի, 7 պատվավոր դոկտորի և 3 նոբելյան մրցանակակրի: Ամենօրյա և արգասաբեր աշխատանքի շնորհիվ բժշկական բուհն ավելացրել է սեփական կապիտալը 206 տոկոսով:

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ շուրջ 8000 ուսանողից և 3200 աշխատակցից բաղկացած 11000 հոգանոց  առողջ ընտանիքով այս ամենը կյանքի կոչվել ընդամենը 365 օրում: «Շարունակելով ներդնել եռանդ ու ջանքեր՝ 365 օր անց մենք կունենանք՝ հիմնանորոգված մարզադահլիճ, կեսդարյա պատմություն ունեցող պատերին կտանք նոր շունչ, մեր ձեռքերով կկառուցենք բժիշկների պուրակը, կներդնենք գերժամանակակից կրթական տեխնոլոգիաներ, կընդլայնենք աշխարհագրություն՝ միջազգային գիտական հարթակում գրավելով ուրույն տեղ, համալսարանական հիվանդանոցները կհագեցենենք ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև կկենտրոնանանք մանկաբուժության խնդիրների վրա»,- ասաց ԵՊԲՀ ռեկտորն՝ ավելացնելով, որ ԵՊԲՀ-ն շարունակելու է ժպիտով, սրտով, հոգով և եռանդով կրթել նոր սերնդին և առողջացնել մարդկանց: