• Հայ
  • Рус
  • Eng
Կլինիկական օրդինատորների հետ քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր
Կլինիկական օրդինատորների հետ քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր
17.03.2018

Կլինիկական օրդինատորներն այսօր իրենց հուզող ամենատարբեր հարցերն ուղղեցին  ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին:  Հանդիպման սկզբում ռեկտորը հայտնեց, որ շատ շուտով կընդլայնվեն ԵՊԲՀ-ի կլինիկական հնարավորությունները, ինչի արդյունքում էականորեն կբարելավվի  նաև հետբուհական և շարունակական կրթության կազմակերպման ողջ գործընթացը:

«Կլինիկական նոր հարթակում ամեն ինչ ծառայելու է ուսումնական և գիտական գործընթացի բարելավմանը»,- ընդգծեց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ համալսարանական կլինիկաները որակյալ կադրերով համալրելը  մշտապես  բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է:

Առաջիկայում նախատեսվում է նաև արդիականացնել և վերազինել համալսարանական ստոմատոլոգիական ծառայությունները:

ԵՊԲՀ պրոռեկտորների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված ընդլայնված հանդիպման ընթացքում   սովորողների կողմից բարձրացված հարցերը  բազմազան էին:

Կլինիկական օրդինատորները բուհի ղեկավարի ուշադրությունը հրավիրեցին ուսումնական գործընթացում ծագող մի շարք խնդիրների վրա՝ սկսած անհրաժեշտ գրականության թարմացումից, մինչև կազմակերպչական հարցեր:

Արմեն Մուրադյանը հորդորեց կլինիական օրդինատորներին առաջին հերթին լավ տիրապետել սեփական մասնագիտությունը, շարունակ զարգացնել մասնագիտական հմտությունները, լինել նախաձեռնող, բայց և ծայրահեղ պատասխանատու:

Ավանդական դարձած հանդիպումները սովորողների հետ շարունակական են լինելու: