• Հայ
  • Рус
  • Eng
Կոմիտասի անվան ազգային քառյակը՝ Կոմիտասի 150 ամյակին նվիրված առաջին համերգը մեկնարկեց ԵՊԲՀ-ում
Կոմիտասի անվան ազգային քառյակը՝ Կոմիտասի 150 ամյակին նվիրված առաջին համերգը մեկնարկեց ԵՊԲՀ-ում
19.04.2019

Կոմիտասի անվան ազգային քառյակը «Մշակույթն՝ ուսանողներին» ծրագրի շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկեց անդրանիկ համերգը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։ Հանդես եկան ջութակահարներ Էդուարդ Թադևոսյանը, Սյուզի Երիցյանը, թավջութակահար Անժելա Սարգսյանը և ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը: ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու խոսքով՝ այսօր բժշկական համալսարանը պատիվ ունի իր պատերի ներքո հյուրընկալելու լեգենդար քառյակը:

«Խորհրդանշական է, որ Կոմիտասի 150 ամյակին նվիրված անդրանիկ համերգը տեղի է ունենում բժշկական համալսարանում: Մենք առաջնորդվում ենք այն գաղափարով, որ ԵՊԲՀ ուսանողները ոչ միայն ապագա բժիշկներ են, այլ բոլոր սոցիալական շերտերին հպված այն հագույցը, որը պարտավոր է ունենալ պատկերացում սեփական մշակույթի մասին»,-ընդգծեց Վահան Արծրունին՝ ավելացնելով, որ շատ կարևոր է սովորողների ներգավվածությունը «Մշակույթն՝ ուսանողներին» ծրագրին:

Այն նախատեսում է մի շարք միջոցառումներ, որոնք մշակույթը կմոտեցնեն համալսարանականներին: Առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Կոմիտասի անվան ազգային քառյակը, տարիներ շարունակ աշխարհին ներկայացնելով Կոմիտասի մանրանվագները, հանրահռչակում է կոմիտասյան երաժշտությունը: Կոմիտասի անվան ազգային քառյակի յուրաքանչյուր կատարում ուղեկցվեց բարձր ծափողջյուններով՝ արտահայտելով ներկաների հիացումն ու շնորհակալությունը:

Նշենք, որ այս տարին Կոմիտասի անվան ազգային քառյակի համար նույնպես հոբելյանական է: Արդեն 95 տարի է փոփոխվող կազմով, սակայն անզուգական կատարողական արվեստով, արժեհամակարգին ու ավանդույթներին հավատարմ մնալով՝ քառյակն աշխարհով մեկ ճանաչելի է դարձնում մեր ազգային հոգևոր Էությունը։