• Հայ
  • Рус
  • Eng
Կրթության որակի բարելավումը՝ Գիտական խորհրդի ուշադրության կենտրոնում
Կրթության որակի բարելավումը՝ Գիտական խորհրդի ուշադրության կենտրոնում
07.11.2018

ԵՊԲՀ գիտական խորհրդի այսօր հրավիրված նիստի հագեցած օրակարգի առաջին հարցը վերաբերում էր կրթության որակի բարելավմանը։

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանն իր շուրջ մեկ ժամ տևողությամբ զեկույցում հանգամանալից ներկայացրեց կրթության որակի բարելավման ոլորտում առկա հիմնախնդիրները և դրանց լուծման մեխանիզմները։

Պրոռեկտորը շեշտեց, որ ուսանողների համար անհրաժեշտ կրթական միջավայրի ապահովումը, նրանց կրթական գործընթացի և սոցիալական  կարգավիճակի  բարելավմանն աջակցությունը, ինչպես նաև բժշկական  բարձրագույն կրթության որակի գլխավոր երաշխավորի՝ մասնագիտական բարձր որակավորմամբ և բարոյական արժեքներով օժտված դասախոսական կազմի առկայությունը առաջնահերություն է պետական բժշկական բուհի համար: Այս դրույթներն ամրագրված են նաև բուհի 2015-2020 թվականների Ռազմավարական ծրագրում:

 Արդեն իսկ  աշխատանքներ են տարվում կրթական  ծրագրերի, դասավանդման մեթոդների, դասախոսական  կազմի ընտրության, որակավորման  բարձրացման  և խրախուսման  քաղաքականության, ամբիոնների  տարածքները և  նյութատեխնիկական  բազան,  ուսանողների  հետ  տարվող աշխատանքները, կրթության   որակի   գնահատման և ապահովման   մեխանիզմները բարելավելու ուղղությամբ:

Զեկուցողն իր ելույթում նաև թվային ցուցանիշներով անդրադարձ կատարեց դասախոսությունների որակին, դասախոսների պատրաստվածությանը, ուսումնական գրականությանը և ուսումնական գործընթացին վերաբերող տասնյակ այլ հարցերի, որոնց լուծումը հնարավորություն կտա առաջիկայում էականորեն բարելավել բժշկական կրթության որակը։ 

Գիտական խորհրդի անդամները բազմաթիվ հարցեր ուղղեցին զեկուցողին: Մասնավորապես կարծիքներ փոխանակվեցին դասախոսությունների ազատականացման, ինչպես նաև թեմատիկ միջառարկայական դասախոսությունների անցկացման վերաբերյալ:  Լարիսա Ավետիսյանն ընդգծեց, որ հոկտեմբերից-նոյեմբեր ընկած ժամանակահատվածում  ԵՊԲՀ-ում անցկացվում են  թեմատիկ միջառարկայական դասախոսություններ: Հոկտեմբերի 20-ին, ոչ աշխատանքային օրվա ընթացքում անցկացված  առաջին թեմատիկ դասախոսությանը սովորողների լայն ընդգրկվածությունը վկայեց այն մասին, որ ապագա բժիշկներին իսկապես հետաքրքրում է առարկայի մատուցման ինտերակտիվ մոտեցումը: 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս անդրադարձավ դասախոսությունների ընթերցման մեթոդաբանությանը վերաբերող խնդիրներին: Նա նկատեց, որ տեսական առարկաներ ուսումնասիրելուց զատ, ուսանողները վաղ կուրսերից պետք է սերտ առնչություն ունենան նաև կլինիկական ոլորտի մասնագիտությունների հետ, քանի որ կլինիկական աշխարհին հաղորդակից լինելու դեպքում  բժիշկ դառնալու ուղին առավել գրավիչ է: 

Ամփոփելով զեկույցը՝ պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանն ընդգծեց, որ մատնանշված մարտահրավերների հաղթահարումն առավել դյուրին կլինի այն դեպքում, երբ ուսումնական գործընթացի թիվ մեկ ապահովողը՝ ամբիոնը պատասխանատվություն կրի  և դառնա կրթության որակի բարելավմանն ուղղված բոլոր աշխատանքների ակտիվ մասնակիցն ու ապահովողը։