• Հայ
  • Рус
  • Eng
Լավագույն մարդիկ փոխել են իր կյանքի ուղին և ճակատագիրը
05.05.2017

Շարունակելով բժշկագիտության նվիրյալների անցած ուղին ներկայկացնելու շարքը՝ այս անգամ հյուրընկալվեցինք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում:

 Բժշկագիտության բնագավառի անվանի գործիչ Վիլեն Հակոբյանի կոչումների և պարգևների շարքն ամբողջապես թվարկելը բարդ գործ է:

Բժիշկ-դեղագետը նաև մանկավարժ է և հասարակական գործիչ, ԵՊԲՀ նախկին ռեկտոր, այժմ՝ ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական, ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, միջազգային ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Ֆիզիկոս դառնալու երազանքը չիրականացավ

«Պատահական եմ բժիշկ դարձել։ Ուզում էի ֆիզիկոս դառնալ, մաթեմատիկան և ֆիզիկան պաշտամունք էին ինձ համար»,- զրույցի սկզբում նշեց Վիլեն Հակոբյանը՝ մեջբերելով նաև այն դրվագը, թե ինչպես մեծ եղբոր հետ պատահական հայտնվեց բժշկական այն ժամանակվա ինստիտուտի շենքի դիմաց. պատահականությունը ճակատագրական էր։

Ֆիզիկոս դառալու երազանքն իրականացնելու նպատակով նա ցանկանում էր ընդունվել ԵՊՀ, սակայն վեց տարեկանում դպրոց ընդունվելու հետևանքով անձնագիր չունենալու, իսկ տրամադրված տեղեկանքի վրա նկարի բացակայության փաստը պատճառ են դառնում, որպեսզի իր գործերը չընդունվեն համալսարան։


Հուսահատվելով՝ եղբայրները պետական համալսարանից Աբովյան փողոցով իջնում են դեպի ներքև, հուլիսի 30-նն էր, հետևաբար անգամ մեկ օր կորցնելու պարագայում Վիլեն Հակոբյանը ստիպված կլիներ կորցնել մի ամբողջ ուսումնական տարի։

Քայլելիս նրանք պատահաբար հանդիպում են բժշկական ինտիտուտ ընդունվելու դիմումի ձևի, որը փաթաթված թերթի տեսք ուներ։

Այսպես նա գործերը հանձնում է մի հաստատություն, որի մասին անգամ գաղափար չուներ։

«Երբ հարցրեցինք՝ իսկ որտե՞ղ է բժշկական ինստիտուտը, մեզ վրա անգամ ծիծաղեցին, քանի որ մենք հենց այդ շենքի դիմաց էինք»,- պատմում է ակադմիկոսը:

Չհաշտվելով ֆիզիկոս դառնալու երազանքն անկատար մնալու փաստի հետ՝ մեկ տար անց Հակոբյանը, չնայած լավ առաջադմությանը, ցանկացել է հետ վերցնել գործերը, սակայն այն ժամանակ բժշկականի ռեկտոր Գևորգ Ղևոնդյանը՝ իր բնորոշմամբ՝ ազնվագույն անձնավորություն, և դեկան Վահան Մխիթարյանը թույլ չեն տվել նրան կատարել այդ քայլը։ Որպես հակափաստարկ՝ հմուտ մասնագետները նշել են, որ անգամ ֆիզիկոսներն ու մաթեմատիկոսներն են դիմում բժշկի, նրանից օգնություն խնդրում, հետևաբար՝ բժշկությունն առավել կարևոր առաքելություն է։


«Այսպիսով, արժանավոր մարդիկ փոխել են իմ կյանքի ուղին, ես միայն լավ մարդկանց եմ հանդիպել և շարունակում եմ հանդիպել առ այսօր»,- հավելում է նա։

Ֆիզիկոս չդարձավ, բայց ֆիզիկան և աստղաֆիզիկան այսօր էլ իրենց արժանի տեղն ունեն ակտիվ կյանքով ապրող գիտնականի հետաքրքրությունների շրջանակում։


Կապը ԵՊԲՀ-ի հետ չընդհատվեց

Վիլեն Հակոբյանի կազմակերպական կարողությունների մասին բուհում չեն մոռանում։

Նա եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալ (1971-1972), արտասահմանյան ուսանողների դեկան (1972-1979), բուժական ֆակուլտետի դեկան (1979-1983), ուսումնական գծով պրոռեկտոր (1986-1987), ռեկտոր (1987-2006), «Իզմիրլյան» գիտաբժշկական կենտրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահ (2010-առ այսօր), ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական (2011-առ այսօր):

Հատկապես 90-ականների սկզբին, մեր երկրում առկա սոցիալական և տնտեսական դժվարին իրավիճակում, Հակոբյանի հմուտ ղեկավարման շնորհիվ բժշկական համալասրանում և ոչ մի օր դասապրոցեսը կանգ չի առել, ավելին՝ կազմակերպչական ջիղն օգտագործելով՝ բուհի ղեկավարը կարողացել է ստեղծել պայմաններ, որպեսզի թե էլեկտրամատակարարումը, թե ջրամատակարարումը ցուրտ ու մութ տարիներին անխափան լինեն աշխատակիցների համար՝ թեթևացնելով անգամ կենցաղային հոգսերը։


Նախկին ռեկտորը մեծ ոգևորությամբ է հիշում նաև ԵՊԲՀ օտարերկրացիների ուսուցման, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետների ստեղծումը։

2013թ. ականավոր բժիշկ-գիտնական Վիլեն Հակոբյանի 75-ամյակը հանդիսավորությամբ նշվեց հարազատ բուհում, որի հետ իրեն կապում են արդեն ավելի քան 60 տարիները:

Բժշկականն իր համար հարազատ կառույց է, որի ամեն մի դրական փոփոխություն նրան ուրախացնում է, իսկ անհաջողությունը՝ տխրեցնում։


Ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը 7 մենագրության, 3 դասագրքի, 11 ուսումնամեթոդական ձեռնարկի, 21 արտոնագրի, ավելի քան 350 գիտական հրապարակման հեղինակ է։ Մասնագիտական գործունեությանը զուգահեռ նաև ակտիվ հասարակական աշխատանք է իրականացրել։ Նախագահել ու համանախագահել է միջազգային նշանակության տասնյակ համագումարներ:


Նա բացահայտել է գլխուղեղի անոթներում ց.ամինակարագաթթվի (ց.ԱԿԹ) և նրա գոյացմանը նպաստող ֆերմենտների առկայությունը, պարզել ց.ԱԿԹ-ի դերը գլխուղեղի արյան շրջանառության խանգարումների ժամանակ:


Զբաղվում է նաև սիրտ-անոթային համակարգի վրա ազդող ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի հայտնաբերման, սակավաշարժ կենսաձևի ժամանակ գլխուղեղի արյան շրջանառության խանգարման և դրա դեղային համուղղման հարցերով: Համահեղինակ է դեղաբանության դասագրքերի:

Իմաստունը միայն այն մարդը չէ, որ շատ բան գիտի, այլ այն մարդն է, որն իմացածը շռայլորեն տալիս է շրջապատին

Վիլեն Հակոբյանի կյանքում առանձնահատուկ տեղ ունի ծանոթությունն ու երկարամյա ընկերությունը ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ առողջապահության նախարար Էմիլ Գաբրիելյանի հետ: Բժշկագիտության ոլորտի երկու անվանիները ծանոթացել են բժշկական մայր բուհի Ֆարմակոլոգիայի ամբիոնում: Աշխատանքի բերումով ծանոթությունը փոխակերպվել է ջերմ մարդկային հարաբերությունների, որն անցել է ժամանակի ստուգատեսը:

Վիլեն Հակոբյանի գնահատմամբ՝ Էմիլ Գաբրիելյանը բազմակողմանի զարգացած, իմաստուն, մեծ աշխատանքային փորձ ունեցող և մեր հանրապետության համար մեծ դերակատարում ունեցող անձնավորություն էր, ով շատ սիրված էր նաև ուսանողների կողմից:

Էմիլ Գաբրիելյանն ու Վիլեն Հակոբյանը համատեղ ջանքերով, ի նպաստ հարազատ բուհի և հարազատ ամբիոնի, բազմաթիվ նախաձեռնություններ են կյանքի կոչել:

«Իմաստունը միայն այն մարդը չէ, որ շատ բան գիտի, այլ այն մարդն է, որն իմացածը շռայլորեն տալիս է շրջապատին»,- իրենից 7 տարի մեծ գործընկերոջը բնութագրելիս նշում է Վիլեն Հակոբյանը:

Հակոբյանն առանձնակի ջերմությամբ է հիշում նաև ավելի քան կես դար՝ 1936-88թթ.-ին Ֆարմակոլոգիայի ամբիոնը ղեկավարած ականավոր դեղաբան և հմուտ մանկավարժ, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Սիմոն Հակոբի Միրզոյանին, ում անմիջական ջանքերով հիմնադրվել է հայկական նորօրյա, միջազգային ճանաչում ունեցող դեղաբանական դպրոցը: Ճանաչված գիտնականի աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել և առ այսօր իրենց կարևոր տեղն ունեն միջազգային բժշկագիտական գրականության մեջ:


Ջերմ խոսքը հզոր դեղից հզոր դեր է կատարում

Զրույցը եզրափակվում է ապագա և արդեն գործող բժիշկներին ուղղված կոչով. «Պետք է հարգել, սիրել առաջին հերթին մասնագիտությունը և հիվանդին»,- ասում է բժիշկ-գիտնականը։ Նրա գնահատմամբ՝ ամբողջ աշխարհում տեխնիկական միջոցները սրընթաց զարգացում են ապրում, ինչն, իր հերթին, բացասական է անդրադառնում բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունների վրա։ Նա վստահ է, որ հաճախ ջերմ խոսքը հզոր դեղից հզոր դեր է կատարում, և հիվանդի նկատմամբ ուշադրությունը կարևոր նշանակություն ունի։

Հեղինակ՝ Տաթևիկ Գրիգորյան

Լուսանկարները՝ Վիլեն Հակոբյանի անձնական արխիվից և Կարեն Սերոբյանի