• Հայ
  • Рус
  • Eng
Լազերային տոնզիլէկտոմիայի ներդրումը Հայաստանի ԼՕՌ պրակտիկայում
Լազերային տոնզիլէկտոմիայի ներդրումը Հայաստանի ԼՕՌ պրակտիկայում
24.02.2018

Լազերային տոնզիլէկտոմիայի ներդրումը Հայաստանի ԼՕՌ պրակտիկայում ԵՊԲՀ «Հերացի» համալսարանական համալիրի դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ կլինիկայում արդեն ներդրվել են լազերային վիրահատություններ ԼՕՌ օրգանների հիվանդությունների կապակցությամբ:

Առաջին անգամ Հայաստանում հաջողությամբ իրականացվեց տոնզիլէկտոմիա՝ Revolix տուլիումային լազերի կիրառմամբ: Իր առանձնահատուկ պարամետրերի շնորհիվ Revolix տուլիումային լազերը գործնական կիրառման լայն հնարավորություն է տալիս օթորինոլարինգոլոգիայի բոլոր ոլորտներում: Կոկորդի ուռուցքների և նշիկների հատման (տոնզիլէկտոմիա) պարագայում Revolix-ը անգերազանցելի է, որտեղ բացահայտում է իր յուրահատուկ հնարավորությունները՝ հյուսվածքների հատման տեղում հրաշալի հեմոստազով։ Այն չի առաջացնում լայնածավալ այրվածքային նեկրոզ կտրվածքի շրջանում, քանի որ թափանցում է 1 միլիմետրից ավելի քիչ խորությամբ, ինչը հատկապես կարևոր է տոնզիլէկտոմիայի իրականացման ընթացքում: Բացի դա, տուլիումային լազերը բացարձակապես անարյուն ազդեցություն է ունենում քթի լորձաթաղանթի վրա, առաջացնելով լորձաթաղանթի կրճատում և փափուկ հյուսվածքների կոագուլյացիա։ Սահմանային և հարակից հյուսվածքները մնում են մաքուր և հեշտ են տարբերակվում։ Անատոմիական կաուցվածքները լիարժեք պահպանվում են՝ հետվիրահատական վերքի նվազագույն բորբոքմամբ։

Revolix լազերը հատուկ մշակված է առավել քիչ ինվազիվ միջոցառումների և վիրաբուժական միջամտությունների անցկացման, բժիշկների և հիվանդների պահանջների բավարարման համար: Այն մեր օրերում հասանելի ամենաժամանակակից լազերային տեխնոլոգիան է: Մեթոդի ներդրման նպատակով մասնագետներն անցել են լազերային օթորինոլարինգոլոգիայի վերաբերյալ վերապատրաստման հատուկ դասընթացներ և վարժանքներ Սանկտ Պետերբուրգի ակադեմիկոս Ի.Պ. Պավլովի անվան Առաջին պետական բժշկական համալսարանի՝ լազերային վիրաբուժության առաջատար կենտրոնում: