• Հայ
  • Рус
  • Eng
Լորդերի պալատի միակ հայը՝ վիրաբույժ Արա Դարզին. Հայ ժողովուրդն առանձնահատուկ է
Լորդերի պալատի միակ հայը՝ վիրաբույժ Արա Դարզին. Հայ ժողովուրդն առանձնահատուկ է
22.12.2017

Լորդ Արա Դարզի կամ Արա Վարդգեսի Թերզյան... Ականավոր բրիտանահայ վիրաբույժ, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի  առողջապահության նախկին նախարար... Հազարավոր կյանքեր փրկած մեր հայրենակցին միջազգային ասպարեզում ճանաչում են որպես առողջապահական համակարգերում նորարարական բարեփոխումների ներդրման կողմնակից և ջատագով: Լորդ Դարզին ծնվել է 1960 թվականի մայիսի 7-ին Իրաքի Մոսուլ քաղաքում: 17 տարեկանում տեղափոխվել է Իռլանդիա, այնուհետև՝ Անգլիա: Նա Մեծ Բրիտանիայի Թագավորական միության՝ ամենահին եւ ամենահեղինակավոր գիտական ակադեմիայի անդամ է: 2002 թվականին նա Թագուհու կողմից արժանացավ ասպետի կոչման բժշկության եւ վիրաբուժության ոլորտում ունեցած ավանդի համար:  

Իր մականունը Արա Դարզին ընտրել է Դուբլինում: «Արա անունը նման է իռլանդական տարածված անձնանվան՝ Դարա: Դարզին նման է իռլանդական տարածված ազգանվան՝ Դարսի: Այսպիսով, ինձ սկսեցին կոչել Դարա Դարսի», - մի առիթով պատմել է մեր հայրենակիցը:  

- Լորդ Դարզի, Դուք և՛ բժիշկ եք, և՛ քաղաքական գործիչ, Դուք աշխարհի առաջատար վիրաբույժներից մեկն եք, Ձեր ձայնն առաջատար է գլոբալ առողջապահական քաղաքականության ոլորտում: Ինչպե՞ս եք կարողանում համատեղել այս ամենը:

Դա, անկասկած, պահանջում է մի փոքր հավասարակշռում: Իմ ժամանակը ես տնօրինում եմ շատ հանգամանորեն և ունեմ նաև փորձառու թիմ, որն օգնում է ինձ անել դա: Չափազանց կարևոր է առանձնացնել առաջնահերթ անելիքները, ինչը շնորհիվ ես համոզված եմ լինում, որ ամեն ինչ արդյունավետորեն արված է: Այնուամենայնիվ, իմ հիվանդները միշտ առաջին տեղում են, և այդ գաղափարը գերիշխել է իմ ողջ կարիերայի ընթացքում:     

-Ձեր հարցազրույցներում միշտ ընդգծում եք փոփոխություններ կատարելու կարևորությունը: 2007-2009 թվականներին Դուք եղել եք Միացյալ Թագավորության առողջապահության նախարարը և զգալի բարեփոխումներ եք իրականացրել երկրի ազգային առողջապահական համակարգում: Ձեր տեսանկյունից, այսօր ի՞նչ մարտահրավերներ գոյություն ունեն գլոբալ առողջապահական համակարգում:

Ծերացող և աճող բնակչությունն էական մարտահրավեր է դառնում գլոբալ առողջապահական համակարգի համար: Աշխարհի բնակչությունը ներկայում աճում է տարեկան մոտավորապես 1%-ով՝ ստեղծելով հսկայական ծանրաբեռնվածություն գլոբալ ռեսուրսների, ֆինանսների և տեխնոլոգիաների առումով: Մենք ամբողջովին կախված ենք հարմարվելու եւ նորացվելու մեր ունակությունից, որպեսզի կարողանանք աջակցել աճող բնակչությանը:

 -Դուք փրկել եք Ձեր կոլեգաներից մեկի (Լորդ Բրեննանի) կյանքը հենց Լորդերի պալատի նիստի ընթացքում: Կպատմե՞ք այդ մասին: Եղե՞լ են արդյոք էլի նմանատիպ դեպքեր:

Այո, ինձնից իսկապես պահանջվում էր վերակենդանացնել Լորդերի պալատում ելույթի ժամանակ սրտի կաթված ստացած գործընկերոջս՝ կիրառելով դեֆիբրիլյատոր և սիրտ-թոքային վերակենդանացում: Սա մի եզակի իրավիճակ էր, և բարեբախտաբար ես ստիպված չեղա անել դա նորից: Ես վիրահատել եմ նաև նախկին վարչապետին, մի դեպք, որը գաղտնի էր պահվում, մինչ այս տարի հրապարակվեց նրա ինքնակենսագրությունը:

 -Պրոֆեսոր, ինչպե՞ս ընտրեցիք բժշկությունը, իսկ այնուհետև քաղաքականությունը:

Ես ցանկանում էի տարբերվել ծնողներիցս: Հետաքրքրված էի և՛ ինժեներիայով, և՛ բժշկությամբ, բայց ընտրեցի բժշկությունը: Ես գիտեի, որ դա լինելու է մարտահրավեր մշտապես փոփոխվող հորիզոններով, և հենց այդ միտքն էլ ոգեշնչեց ինձ: 

Ես չէի պլանավորել դառնալ քաղաքական գործիչ: Ինձ համար մեծ անակնկալ էր, երբ ինձ խնդրեցին դառնալ Մեծ Բրիտանիայի կառավարության անդամ՝ որպես առողջապահության պետքարտուղարի տեղակալ: Ես համաձայվեցի միայն մեկ պայմանով, որպեսզի շաբաթը մեկ անգամ վիրահատություններ կատարեմ. դա ես չէի կարող թողնել:

ուք ծնվել եք Մոսուլում, Իրաքում: Հայոց ցեղասպանության հետևանքով Ձեր նախապապերը տեղահանվել են Էրզրումից: Կխնդրեի ներկայացնել Ձեր ընտանիքի փրկության պատմությունը: Ինչպե՞ս Դուք հայտնվեցիք Լոնդոնում:

Իմ ընտանիքը սերում է Էրզրումից, ինչպես Դուք նշեցիք: Հորս պապը (Թադեոս Շիրոյան – հեղ.) և նրա հինգ երեխաներից չորսը մահապատժի ենթարկվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ 1915 թվականին, և նախատատս (Էլբիզ Շիրոյան – հեղ.) ու հայրական տատս (Արևալույս Շիրոյան) ընտանիքի միակ անդամներն էին, որոնք կարողացան փրկվել: Նրանք բոկոտն քայլեցին մինչև Մոսուլ, որտեղ հետագայում ծնվեց հայրս: Ես մեծացել եմ Բաղդադում: Ընտանիքս տեղափոխվեց Իռլանդիա նախքան Ծոցի պատերազմը (1990-1991թ. Պարսից ծոցի պատերազմը – հեղ.): Այդ ժամանակ ես 17 տարեկան էի: Ավարտեցի բժշկագիտությա դասընթացը Թրինիթի քոլեջում և 1990 թվականին տեղափոխվեցի Լոնդոն, որպեսզի ընդլայնեմ իմ վիրաբուժական կարիերան:

-Դուք հաճախ եք ասում. «Չնայած ես երբեք չեմ եղել Հայաստանում՝ ես մեծացել եմ՝ զգալով ինձ հայ»: Վերջերս Դուք այցելեցիք Հայաստան: Ինչպիսի՞ն էր Ձեր տպավորությունը: Արդյո՞ք զգացիք Ձեզ ինչպես հայրենիքում:

Ես չեմ տեսել այնպիսի չապականված բնական գեղեցկություն, ինչպիսին Հայաստանում է: Լանդշաֆտները հիանալի են, եկեղեցիներն ու վանքերը՝ ճարտարապետորեն հրաշալի: Այնուամենայնիվ, հայ ժողովուրդն է դարձնում Հայաստանը առանձնահատուկ երկիր. բոլորն այնքան դրական են, անկախ վշտից ու դժվարություններից, որոնց բախվել է երկիրն անցյալում:

-Պրոֆեսոր, Ձեզ հաջողվու՞մ է ժամանակ գտնել հանգստի համար: Եթե այո, ինչպե՞ս եք նախընտրում հանգստանալ:

Հանգստի համար ժամանակ գտնելը մի փոքր դժվար է, բայց ես փորձում եմ անցկացնել որքան հնարավոր է շատ ժամանակ ընտանիքիս հետ:

-Որպես Բրիտանիայի ամենանշանավոր հայ և որպես աշխարհի հայտնի վիրաբույժներից մեկը՝ կիսվեք, խնդրում եմ, մեր ապագա բժիշկների հետ հաջողության Ձեր բանաձևով: Ո՞րն է Ձեր խորհուրդը նրանց:

Չկա ինչ-որ հատուկ համընդհանուր բանաձև, որը տանում է դեպի հաջողություն, հատկապես այնպիսի մշտապես փոփոխվող ոլորտում, ինչպիսին բժշկությունն է: Իմ ամենամեծ խորհուրդն է՝ տվե՛ք շատ հարցեր, ուշադիր լսե՛ք Ձեզ շրջապատող մարդկանց և մի՛ վախեցեք սխալներ գործելուց, պարզապես հավաստիացեք, որ սովորում եք այդ սխալներից:

-Արդյո՞ք Ձեր հայկական ծագումն ինչ-որ դեր խաղացել է հաջողության հասնելու հարցում:

Ես շատ հպարտ եմ իմ հայկական ծագմամբ, և այն, անշուշտ, ազդեցություն է թողել իմ հետագա կյանքի ու աշխարհայացքի վրա: Չնայած ես չեմ մեծացել Հայաստանում, բայց մշտապես ինձ հայ եմ զգացել: Ես այցելել եմ հայկական եկեղեցիներ, ծնողներիս հետ միշտ վառ եմ պահել հայկական ժառանգությունը: Ես եկա Հայաստան՝ բժիշկների նոր սերունդների վերապատրաստելու, և հայ բժիշկներին բերեցի Միացյալ Թագավորություն՝ միաձուլելով իմ կյանքի կարևոր տարրերը:

-Պլանավորո՞մ եք, արդյոք, կրկին այցելել Հայաաստան:

Իհարկե: Ես միշտ հաճույք եմ ստանում իմ երկիր այցելելիս և կշարունակեմ գալ Հայաստան այնքան հաճախ, որքան կկարողանամ: 

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան