• Հայ
  • Рус
  • Eng
Միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ստեղծման 10-ամյակին
Միջազգային գիտաժողով՝ նվիրված ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ստեղծման 10-ամյակին
20.09.2018

ԵՊԲՀ-ում սեպտեմբերի 20-21-ն անցկացվեց միջազգային գիտաժողով «Դատահոգեբանական փորձաքննության և հոգեբանի մասնակցությամբ համալիր փորձաքննության զարգացման արդի հիմնախնդիրները և հեռանկարները» թեմայով: Գիտաժողովը կազմակերպվել էր Կոլուգայի Կ.Է. Ցիալկովսկու անվան պետական համալսարանի հետ համատեղ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով գիտաժողովի հյուրերին և մասնակիցներին նշեց, որ ձևավորված ավանդույթի համաձայն բժշկական համալսարանը մեկ հարկի տակ է համախմբում տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետների, ովքեր կիսվում են իրենց հաջողություններով: Նրա գնահատմամբ՝ համալսարանը ստեղծում է հարթակ նոր վեկտորների, ուղղությունների զարգացման համար:
Արդյունավետ աշխատանք մաղթելով մասնակիցներին՝ նա հավելեց, որ նման համաժողովները կանխորոշիչ կարող են լինել սովորողների և ասպիրանտների գիտական որոնումներում: ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը նշեց, որ միջազգային գիտաժողովը նվիրվում է ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ստեղծման 10- ամյակին՝ ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ: Խաչատուր Գասպարյանն ընդգծեց, որ տասը տարի առաջ ամբիոնի հիմնադրումն էական ազդեցություն ունեցավ մեր երկրում բժշկական հոգեբանության զարգացման վրա:
Ներկայացելով գիտաժողովի անվանի հյուրերին՝ նա տեղեկացրեց, որ Դատական փորձաքննության և կրիմինալիստիկայի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, Կոլուգայի Կ.Է. Ցիալկովսկու անվան պետական համալսարանի ընդհանուր և իրավաբանական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր Վալի Ենգալիչևն այսուհետև կհամալրի նաև ԵՊԲՀ այցելու պրոֆեսորների շարքը: Անվանի պրոֆեսորն իր հերթին ողջունեց մասնակիցներին: Նաև շնորհակալություն հայտնեց բժշկական բուհին նման համաժողովի անցկացման համար:
Գիտաժողովի բացմանը ներկա էր նաև Հայ-ռուսական համալսարանի պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը: Նա ընդգծեց Քննչական կոմիտեի և ԵՊԲՀ-ի միջև համագործակցության կարևորությունը: Գիտաժողովի մասնակիցներից երկուսին հայտարարվեց շնորհակալություն և նրանք պարգևատրվեցին կոմիտեի «Համագործակցության մեդալ»-ով: ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի ստեղծման 10- ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովին ամենատարբեր մասնագիտական թեմաներով կհնչեն տասնյակ զեկուցումներ: Զեկույցներ են ներկայացնելու նաև Ռուսաստանից և Ուկրաինայից ժամանած մասնագետները: