• Հայ
  • Рус
  • Eng
Միջազգային գիտաժողովը միավորեց վերարտադրողական առողջության ոլորտի առաջատար մասնագետներին
Միջազգային գիտաժողովը միավորեց վերարտադրողական առողջության ոլորտի առաջատար մասնագետներին
24.11.2017

ԵՊԲՀ-ում այսօր մեկնարկեց «Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» թեմայով երրորդ միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են անվանի պրոֆեսորներ Ֆրանսիայից, Իսրայելից և Ռուսաստանի Դաշնությունից։

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ միջոցառման կարևորությունը դժվար է գերագնահատել: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն նվիրյալներին, որոնց ամենօրյա աշխատանքով են պայմանավորված վերարտադրողական առողջության ոլորտում մեր երկրում գրանցվող հաջողությունները:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ բժշկական մայր բուհն այն ակադեմիական հարթակն է, որտեղ պետք է քննարկվեն մի շարք մասնագիտական հարցեր: Նա նշեց, որ վերարտադրողական առողջությունն ընդունված է համարել մարդկության զարգացման ամենակարևոր ոլորտներից մեկը, որը բնորոշում է ոչ միայն բնակչության որոշակի հատվածի առողջությունը, այլև մարդկանց բարեկեցությունը,  ծնելիությունն ու   բնական աճը,  ինչպես նաև երկրի անվտանգության ապահովումը: Նա շնորհակալություն հայտնեց գիտաժողովի   նախաձեռնողներին և հյուրերին: ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանի խոսքով՝ պերինատալ բժշկության արդի հիմնախնդիրներին նվիրված այս 3-րդ   գիտաժողովը նվիրված է ժամանակակից բժշկության, այդ թվում մանկաբարձական պրակտիկայի համար կարևորագույն հիմնախնդիր հանդիսացող  հեմոստազի համակարգի հարցերին: Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչն ուրախությամբ ընդգծեց, որ գիտաժողովին  մասնակցում են Վրաստանի, Արցախի  և Ջավախքի մանկաբարձ-գինեկոլոգները: Գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան հեմոստազիոլոգիայի ոլորտի  այնպիսի աշխարհահռչակ գիտնական-կլինիցիստներ, ինչպիսիք են  Հաֆայի հեմատոլոգիայի և թրոմբոզի ինստիտուտի տնօրեն Բենջամին Բրենները, Մոնպելյեի համալսարանի պրոֆեսոր Ժան–Քրիստոֆեր  Գրին,  ՌԴ ԲԳԱ թղթակից անդամ, Սեչենովի անվան Մոսկվայի Առաջին պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մակացարիան  և նույն ամբիոնի   ու  ՌԴ գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր  Վիկտորիա Բիցաձեն: Անվանի մասնագետները ներկայացրին զեկուցումներ մանկաբարձության ոլորտի մի շարք արդի հիմնահարցերի մասին:  Մասնակիցների խոսքով՝ միջազգային այս փորձի ներդրումը  Հայաստանում կնպաստի մայրական և պերինատալ հիվանդացության և մահացության իջեցմանը:

Նշենք, որ Սեչենովի անվան Մոսկվայի Առաջին պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Մակացարիան  և նույն ամբիոնի   ու  ՌԴ գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր  Վիկտորիա Բիցաձեն այուհետև կհանդիսանան ԵՊԲՀ այցելու պրոֆեսորներ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում մասնագետները քննարկեցին հետագա համագործակցության ընդլայնման մի շարք հարցեր: