• Հայ
  • Рус
  • Eng
Միքայելյան հիվանդանոցում կիրականացվի կծվածքի շեղումների եզակի վիրահատական բուժում
Միքայելյան հիվանդանոցում կիրականացվի կծվածքի շեղումների եզակի վիրահատական բուժում
01.07.2019

ԵՊԲՀ Միքայելյան հիվանդանոցի հրավերով Թայվանի Կաթոլիկ հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Բիյոնդ Հանգ-Յանգ Լինը նախավիրահատական անվճար խորհրդատվություններ է իրականացրել այն պացիենտների համար, ովքեր նախատեսում են անցնել կծվածքի շեղումների վիրահատական բուժում:

Նախավիրահատական կոնսուլտացիանները նպատակ ունեն հիվանդներին պատրաստել վիրահատության: Թայվանի Կաթոլիկ հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավարի հետ պայմանավորվածության համաձայն՝ նախատեսվում է այդ վիրահատություններն իրականացնել Միքայելյան հիվանդանոցում: Նմանատիպ վիրահատությունները Հայաստանում դեռևս եզակի են: Գոյություն ունեն վերին և ստորին ծնոտի վիրահատության տարբեր տեսակներ, իսկ Բիյոնդ Հանգ-Յանգ Լինի մեթոդով իրականացվող վիրահատությունը նորույթ է Հայաստանի պացիենտների համար:

Թայվանի Կաթոլիկ հոսպիտալի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավարի կողմից հունիսի 24-ից 25-ը խորհրդատվություն են ստացել 16-ից 37 տարեկան 10 պացիենտ: Հունվար ամսին կվիրահատվեն նրանք, ովքեր կանցնեն օրթոդոնտիկ բուժում և պատրաստ կլինեն վիրահատության: Միքայելյան համալսարանական հիվանդանոցի բժիշկները նախատեսում են պացիենտների բուժումն իրականացնել նոր մեթոդով, քանի որ փորձը ցույց է տվել, որ այն ավելի արդյունավետ է:

Հայտնի վիրաբույժ Բիյոնդ Հանգ-Յանգ Լինն այցի շրջանակում մասնագիտական հմտություններով կիսվել է ԵՊԲՀ ուսանողների և կլինիկական օրդինատորների հետ, ինչպես նաև կլոր սեղան-քննարկման ընթացքում Հայաստանում ոլորտի առաջատար մասնագետներին ներկայացրել է ոլորտի զարգացման տեմպերը: