• Հայ
  • Рус
  • Eng
Պաթանատոմի մասնագիտությունն անհնար է պատկերացնել առանց անկեղծության
Պաթանատոմի մասնագիտությունն անհնար է պատկերացնել առանց անկեղծության
05.12.2017

Պաթանատոմիական ախտորոշումները բժշկության հիմնաքարերն են: Եթե տասնամյակներ առաջ կարողանում էին միայն շոշափելով կամ լսելով ախտորոշել կամ բուժել, ապա 21-րդ դարում բժիշկը պետք է հստակ իմանա, թե ինչ հիվանդություն է բուժում: Ախտաբանական անատոմիան հենց այդ հնարավորությունն է ընձեռում մասնագետներին: Եվ որքան այդ ծառայությունը մոտ է բժշկագիտության վերջին նվաճումներին, այնքան ախտորոշումներն ավելի ճշգրիտ են, իսկ բուժումն առավել արդյունավետ: Նելլի Խոստիկյանի անունը սերտորեն է կապված մեր երկրում պաթանատոմիական ծառայության կայացման և զարգացման հետ: Բժիշկ-գիտնականը գրեթե վեց տասնամյակ առողջապահական համակարգում է: Դժվար է պատկերացնել, որ առաջին հայացքից նրբազգաց և զգայուն այս կինը հանգամանքների բերումով տարիներ առաջ ճակատագրական որոշում կայացրեց, և որպես նեղ մասնագիտացում ընտրեց պաթանատոմիան: ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի վարիչն օրեր առաջ համալրել է ռուսական «Архив патологии» միջազգային գիտական ամսագրի խմբագրական խորհրդի կազմը: Անվանի մասնագետին խորհրդի կազմում ընդգրկվելու համար առաջադրել է գիտական հրատարակության գլխավոր խմբագիր, պրոֆեսոր, ակադեմիկոս, ՌԴ մասնագիտական կրթության դաշնային պետական կրթական հաստատության Պաթոլոգիական անատոմիայի բաժնի ղեկավար Գեորգի Ֆրանկը: Սա Նելլի Խոստիկյանի գիտամանկավարժական ոլորտում գրանցած հաջողությունների ընդամենը մի փոքր մասն է: Պահանջված մասնագետի հետ զրուցեցինք իր անցած ուղու և առաջիկա ծրագրերի մասին։

Ընտանիքն ամենամեծ հարստությունն է
Նրա նախնիները Արևմտյան Հայաստանից են` Վանից: Մայրը՝ Գեղանուշ Խոստիկյանը, ճատարապետ էր, աշխատել է Ալեքսանդր Թամանյանի արհեստանոցում, հայրը` Գուրգեն Խոստիկյանը, հաջողված դեղագետ էր, դեղաբան: Խոստիկյան ազգանունը շատերին ճանաչելի է նաև նրա հորեղբոր որդու՝ կինոյի, հեռուստատեսության և թատրոնի հայ անվանի դերասան Արմեն Խոստիկյանի շնորհիվ։ Արմեն Խոստիկյանի հայրը՝ Միսաք Խոստիկյանը ևս ժամանակի ուսյալ մարդկանցից էր, ով կրթություն է ստացել Շվեյցարիայում, Գերմանիայի Բեռնի համալսարանում: Նա առիթ է ունեցել ճանաչելու հայ մեծանուն կոմպոզիտոր, երաժշտագետ Կոմիտասին, ինչպես նաև նախորդ դարի 20-ական թվականներին ապրող և ստեղծագործող առաջադեմ մի շարք անհատների:
Երկարամյա պաթանատոմի երկու որդիներն էլ հաջողված գործունեություն են ծավալում։ Արմեն Ավոյանը ԵՊԲՀ շրջանավարտ է, ճանաչված ուրոլոգ, իսկ Հովհաննես Ավոյանի անունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս։ Նա համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններից մեկի համահիմնադիրն է։ Նելլի Խոստիկյանը ոգևորվում է իր երեխաների և թոռների հաջողություններով: Սակայն չորս թոռներից ոչ ոք չընտրեց բժշկի մասնագիտությունը: Ուրախությամբ է խոստովանում, որ առանձնակի ջերմ հարաբերություններ ունի նաև հարսների հետ։

ԵՊԲՀ-ն՝ երկրորդ ընտանիք
Պրոֆեսոր Արտաշես Բեգլարյանի անվան ԵՊԲՀ ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնում Նելլի Խոստիկյանն աշխատում է 1965 թվականից, իսկ 2006 թվականից մինչև օրս ղեկավարում է այն: Ինչպես նշեցինք նյութի սկզբում, չնայած նրբազգաց և զգայուն լինելուն, ինտերնատուրան ավարտելուց հետո որոշ ժամանակ մանկաբույժ աշխատելուց հետո նա ընդունվել է կլինիկական օրդինատուրա՝ հիստոքիմիայի գծով:
ԱՄՆ կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է «Տարվա կին» և «Տարվա կին մասնագետ» (2001): Պարգևատրվել է ԵՊԲՀ, ԱՄՆ նոր հազարամյակի պատվո ոսկե մեդալներով: Երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պաթանատոմի պաշտոնը: Առողջապահության համակարգում երկարատև, անբասիր աշխատանքի, բժշկագիտության զարգացման և կադրերի պատրաստման գործում ներդրած գնահատելի ավանդի համար, մասնագիտական բարձր պատրաստվածության և պատասխանատվության համար ՀՀ ԱՆ գլխավոր պաթանատոմ Նելլի Խոստիկյանը ՀՀ առողջապահության նախարարության կողմից 2015 և 2017թթ. պարգևատրել է պատվոգրերով:
Պրոֆեսորը հեղինակ է մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկների: Միայն 2016 թվականի վերջին լույս է տեսել նրա «Կլինիկական մորֆոլոգիա» դասագիրքը, որով սովորում են ապագա բժիշկները 6-րդ կուրսում: Նախքան այս հայալեզու աշխատության հրատարակումը «Կլինիկական մորֆոլոգիա» դասընթացը միայն ռուսերենով էր իրականացվում:
Պատահական չէ, որ բուհի 100-ամյա հոբելյանին ընդառաջ իր ղեկավարած ամբիոնն էլ ամփոփում է կատարած աշխատանքն ու ուրվագծում հետագա անելիքները։
«Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնը վերջին տարիներին համալրվել է երիտասարդ կադրերով, պետք է նշեմ, որ այս ոլորտը գնալով գրավիչ է դառնում երիտասարդների համար, այդ մասին է վկայում նաև կլինիկական օրդինատորների աճող թիվը»,- ասում է պրոֆեսորը:
Ամբիոնում երեք լեզուներով մշակվել է մոդուլային ծրագիր ՝ Ընդհանուր բժշկության և Ստոմատոլոգիական ֆակուլտետների 3-րդ և 6-րդ կուրսերի համար։ Մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններում յոթ կլինիկական բազա ունեցող ամբիոնում վերջին տարիներին պաշտպանվել է 5 թեկնածուական և 2 դոկտորական թեզ: Համալրվել է դասախոսական կազմը, որի գերակշիռ մասը գիտության թեկնածուներ են և դոկտորներ։ Վերջին 3 տարիների ընթացքում ամբիոնը տարբեր պարբերականներում տպագրել է ավելի քան 70 գիտական հոդված: Նելլի Խոստիկյանը մեծ ոգևորությամբ է ընդգծում, որ վերջին տարիներին նոր շունչ է ստացել նաև ամբիոնի ուսանողական գիտական խմբակը, որն օրեր առաջ անցկացվող «Գիտության շաբաթ 2017» գիտաժողովին չորս գիտական ինքնուրույն աշխատանք է ներկայացրել: Ամբիոնի դասախոսական կազմի ուսերին է դրված նաև մեր երկրում պաթանատոմիական ծառայության իրականացումը։ Մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, կլինիկական գործունեություն են ծավալում հանրապետության առաջատար բժշկական կենտրոններում: Նելլի Խոստիկյանը ղեկավարում է նաև «Հայ ախտաբան-անատոմների և ախտահյուսվածքաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որի կորիզն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմն է։
ԵՊԲՀ-ն անվանի մասնագետի երկրորդ ընտանիքն է։ Նրա գնահատմամբ՝ հարազատ բուհը մշտապես աչքի է ընկել իր բարձր վարկանիշով, լավ մասնագետներով և արժանի շրջանավարտներով: Բուհի խոսուն հոբելյանին ընդառաջ, նա հիշում է նաև այն երախտավորներին, որոնք կայացրել են համալսարանը դժվարին տարիներին:
Այդ երախտավորներից է Վարվառա (Վարդուհի) Գաբրիելյանը: ՀՍԽՀ վաստակավոր բժիշկը Հայաստանում ախտաբանական անատոմիայի գիտական դպրոցի կազմակերպիչներից է, բժշկական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի երկարամյա ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ախտաբան անատոմը:
Ամբիոնի կայացման գործում իր մեծ ներդրումն ունի նաև շուրջ 20 տարի (1963-1985թթ.) այն ղեկավարած, ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ախտաբան-անատոմ և Ախտաբան-անատոմների գիտական ընկերության նախագահ Արտաշես Բեգլարյանը, ում կիսանդրին 2012թ.-ից որդիների նախաձեռնությամբ կանգնեցված է ամբիոնի մուտքի առաջ: Ամբիոնի պատմության էջերում իր կարևոր դերակատարումն ունի նաև 1986-2006թթ. Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոնի վարիչ Նորայր Վարդազարյանը: Ավագ սերնդի շատ ախտաբան անատոմներ են ծանոթացել մասնագիտության առանձնահատկություններին, կայացել հենց այս և շատ այլ անվանի մարդկանց շնորհիվ:
Նշենք, որ ամբիոնում գործում է հանրապետության միակ պաթանատոմիական թանգարանը, որն ուշագրավ է ոչ միայն ապագա բժիշկների, այլև այցելուների համար: Այստեղ ֆարմալինի լուծույթով մշակել և հատուկ պայմաններում պահպանվում են մարմնի տարբեր մասերի, օրգանների ցուցանմուշներ, որոնք անհրաժեշտ են առարկայի խորը ուսումնասիրման, դասապրոցեսի, ինչպես նաև քննությունների ընթացքում սովորողների գիտելիքները ստուգելու համար:
Ի դեպ, բժիշկներ էին նաև տիկին Խոստիկյանի հորաքույրն ու նրա ամուսինը: Նրանցից ժառանգություն ստացած բժշկական հարուստ գրադարանը նա տեղակայել է ամբիոնի կլինիկական բազաներից մեկում՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում:

Պաթանատոմիայի նպատակն ամենևին էլ միայն դիահերձումը չէ
Պաթանատոմիայի նպատակն ամենևին էլ միայն դիահերձումը չէ։ Հիշյալ ծառայությունը, մահվան ճշգրիտ պարզաբանման պատճառներից զատ, նպատակ ունի ուսումնասիրել և ախտորոշել հիվանդությունները, շատ դեպքերում նշել դրանց բուժման հնարավոր մեթոդները։ Այսինքն՝ այս ծառայությունն ունի նաև բուժմանը նպաստելու և գիտական բնույթի խնդիրները լուծելու նպատակներ:
Նելլի Խոստիկյանի խոսքով ՝ պաթանատոմիական եզրակացությունները հաճախ մաթեմատիկական ճշգրտության են հասնում, պաթանատոմիան առհասարակ ավելի շատ ճշգրիտ գիտություն է, որը պահանջում է համալիր մոտեցում:
Այս մասնագիտությունն ընտրած կլինիկական օրդինատորներին մասնագիտության մասին առավել լայն պատկերացում կազմելու համար նա խորհուրդ է տալիս կարդալ Արթուր Հեյլի «Վերջնական ախտորոշում» վեպը, որը գեղարվեստական ձևով է նկարագրում ծեր պաթանատոմի ապրումները մի երեխայի վերջնական ախտորոշումը հասկանալու բարդ գործընթացում:
Չնայած տասնամյակներ են անցել, բայց Նելլի Խոստիկյանը լավ է հիշում առաջին դիահերձումը, խոստովանում է, որ չնայած որոշ չափով սպառել է զգայունությունը կլինիցիստի պրակտիկ գործունեության ընթացքում, սակայն չի դադարել հուզվել յուրաքանչյուր բարդ դեպքի վերլուծության կամ ուսումնասիրման ժամանակ: Նա հաստատում է ռուս անվանի ախտաբան անատոմ Ալեքսեյ Պոլունինի խոսքերը, որ ախտաբանական անատոմիան գիտություն է, ոչ թե մեռած, այլ հիվանդ վիճակում գտնվող կենդանի մարմնի մասին: Բժիշկ-գիտնականն իր մասնագիտության մեջ ամենից շատ կարևորում է անկեղծությունը, մարդկային բարձր հատկանիշները: Մեծ սիրով պահպանում է կապը տարբեր տարիների իր ուսանողների և գործընկերների հետ:
Բանիմաց մասնագետը վստահ է,որ առհասարակ ոչ միայն բժշկագիտության, այլև յուրաքանչյուր ոլորտում հաջողության հասնելու համար պետք է լինել հավակնոտ, դրական իմաստով ամբիցիոզ և ձգտել հասնել նորանոր բարձունքների կամ, ինչպես ասում են անգլերենում, պետք է փորձես «ստեղծել ինքդ քեզ»:

Հեղինակ՝ ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԽՈՍՏԻԿՅԱՆԻ անձնական արխիվից