• Հայ
  • Рус
  • Eng
Պրոֆեսոր Ենկոյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
Պրոֆեսոր Ենկոյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
05.07.2018

Օր առաջին. ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը աշխատանքային այցով անմիջապես օդանավակայանից ուղևորվեց Գերմանիայի դոկտոր Մարգարետ Ֆիշեր-Բոշի անվան կլինիկական ֆարմակոլոգիայի ինստիտուտ: Այստեղ աշխարհահռչակ գիտնական,  դոկտոր Մարգարետ Ֆիշեր-Բոշի անվան կլինիկական ֆարմակոլոգիայի ինստիտուտի տնօրեն, Տյուբինգենի համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մատիաս Շվաբի ուղեկցությամբ պրոֆ. Ենկոյանը մանրամասն ծանոթացավ   կենտրոնի հնարավորություններին, ինչպես նաև պրոտեոմիկ և գենոմիկ հետազոտություններին:

Հանդիպման ընթացքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ երկու համալսարանների միջև համատեղ նախագծեր իրականացնելու ուղղությամբ, որոնք կներառեն ինչպես գիտական համագործակցություններ, այնպես էլ որոշակի կրթական ծրագրեր նեյրոգիտության բնագավառում:

Նշենք, որ կենտրոնը կլինիկական ֆարմակոլոգիայի ոլորտում Գերմանիայում առաջատար է, իսկ Եվրոպայում գրավում է երկրորդ տեղը և հանդիսանում է Ռոբերտ Բոշ հիմնադրամի հովանավորյալ ինտիտուտ:

Երկրորդ և երրորդ օրերի ընթացքում ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի այցի ընթացքում գիտակազմակերպչական հարթակից անցում կատարվեց բուն գիտականի:

Օրը սկսվեց այցով Տյուբինգենի համալսարանի բժշկական և բնական գիտությունների ֆակուլտետներ:  Պրոֆեսորը հնարավորություն ունեցավ ծանոթանալու մի քանի լաբորատորիաների աշխատանքներին և մասնավորապես մեր հայրենակցուհի Լուսինե Դանիելյանի կողմից առաջարկված նոր մեթոդին` ոսկրածուծից անջատված մեզենքիմալ ցողունային բջիջների ինտրանազալ մեթոդով գլխուղեղ ներմուծմանը: Պրոֆ. Ենկոյանը ծանոթացավ նաև գլխուղեղից գլիայի անջատման մի շարք ժամանակակից մեթոդների, ինչպես նաև վարքային մի շարք ուսումնասիրությունների և հնարավորություն ունեցավ սեփական ձեռքերով փորձել որոշ մեթոդներ: 

Ուրախությամբ պետք է նշել, որ մեր հայրենակցուհի Լուսինե Դանիելյանի հետ համագերծակցության արդյունքում շատ շուտով ԵՊԲՀ Նեյրոգիոտությոն լաբորատորիայում հնարավոր կլինի իրականացնել ինտրանազալ մեթոդով ցողունային բջիջների ներարկում գլխուղեղ: Մեթոդը բացում է նոր հորիզոններ մի շարք ախտաբանական պրոցեսների բուժման ուղղությամբ: 

Այնուհետև պրոֆ. Ենկոյանը համալսարանի պրոֆեսորների հետ այցելեց Տյուբինգենի դղյակի հին խոհանոց, որտեղ առաջին անգամ շվեյցարացի բժիշկ Ֆրիդրիխ Միշերը 1869թ. հայտնաբերեց մի նոր մոլեկուլ, որը նա անվանեց նուկլեին և միայն 1871թ. գիտական աշխարհը լսեց ԴՆԹ-ի գոյության մասին: