• Հայ
  • Рус
  • Eng
Պրոֆեսորական պոլիկլինիկան հասանելի է դարձնում ԵՊԲՀ պրոֆեսորների խորհրդատվությունը քաղաքացիների համար
Պրոֆեսորական պոլիկլինիկան հասանելի է դարձնում ԵՊԲՀ պրոֆեսորների խորհրդատվությունը քաղաքացիների համար
11.06.2019

«Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում գործող պրոֆեսորական պոլիկլինիկայի նպատակն է ավելի հասանելի դարձնել ԵՊԲՀ պրոֆեսորների խորհրդատվությունը քաղաքացիների համար:

Ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսորական պոլիկլինիկայի նախաձեռնության հեղինակ, թոքաբան Միքայել Նարիմանյանի խոսքով՝ կան բազմաթիվ տարածված խնդիրներ, որոնք դեռ չեն ձևավորվել որպես հիվանդություն: «Մեր գործունեությունը միտված է խնդիրները լուծելուն. լուծել դրանք հենց սկզբնական շրջանում»,- ասաց պրոֆեսորն՝ ավելացնելով, որ պացիենտներն ավելի հաճախ դիմում են որևէ բժշկի մոտ խորհրդատվություն անցնելուց հետո, երբ արդյունքները գոհացնող չեն լինում:

«Որպես թոքաբան՝ մեզ դիմում են որևէ հիվանդանոցում ամբուլատոր բուժում ստանալուց կամ ինքնաբուժումից հետո: Շատ հաճախ մարդիկ նախընտրում են համացանցից ստացած ինֆորամացիան՝ մասնագետի խորհրդատվության փոխարեն»,-ասաց նա՝ ընդգծելով, որ քաղաքացիների համար բուժօգնություն ստանալու առաջնային օղակը պետք է լինի ընտանեկան բժիշկը՝ թերապևտը, որը պետք է պացիենտին ուղղորդի, քանի որ եթե այդ գործընթացը դուրս է գալիս առաջնային բուժօգնության շրջանակից, խնդիր է առաջանում, հատկապես, երբ պացիենտն ինքն է որոշում, թե ինչ մասնագետի դիմի՝ օգտագործելով տարբեր խորհուրդներ, անգամ գրականություն, որը պատրաստ չէ ընկալել:

Միքայել Նարիմանյանի կարծիքով՝ պրոֆեսորական պոլիկլինիկայի անձնակազմի գիտելիքները, փորձը, որոնք ձեռք ենք բերվել տարիների ընթացքում, ուղղված են առաջնային բուժօգնությանը՝ հիվանդությունները կանխարգելուն, այդ ուղղությամբ ծագած խնդիրները լուծելուն:

Ընթացիկ տարում պրոֆեսորական պոլիկլինիկա է դիմել և ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից բժշկական խորհրդատվություն ստացել 624 ՀՀ քաղաքացի:

Հիշեցնենք՝ «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում ԵՊԲՀ պրոֆեսորների կողմից իրականացվում են անվճար բժշկական խորհրդատվություններ հետևյալ մասնագիտություններով՝ թոքաբանություն, ՔԿԱ հիվանդություններ, վիրաբուժական հիվանդություններ, կոլոպրոկտալոգիա, մանկաբուժություն, մաշկաբանություն և սեռավարակաբանություն, նյարդաբանություն, նյարդավիրաբուժություն, սրտաբանություն, էնդոկրինալոգիա և ակնաբուժություն: Խորհրդատվությունները կատարվում են ցանկացած բնակչի համար` անկախ տարիքից, սեռից և սպասարկման տարածքից, նախնական գրանցումով, յուրաքանչյուր շաբաթ օր` ժամը 10:00-12:00: