• Հայ
  • Рус
  • Eng
ՌԴ գլխավոր մանկական արյունաբան Ալեքսանդր Ռումյանցևը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր
ՌԴ գլխավոր մանկական արյունաբան Ալեքսանդր Ռումյանցևը՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր
11.10.2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր գիտական խորհրդի հանդիսավոր նիստին նոմինացիոն կոմիտեի որոշմամբ հանդիսավոր կերպով ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գլխավոր մանկական արյունաբան, Դմիտրի Ռոգաչյովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունաբանության կենտրոնի նախագահ, Ռուսաստանի մանկական արյունաբանության եւ ուռուցքաբանության միության նախագահ, պրոֆեսոր Ալեքսանդր Ռումյանցևին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով պատվավոր հյուրերին՝ նշեց, որ անգնահատելի է պրոֆեսորի, անվանի բժշկի բազմամյա համագործակցությունը Հայաստանի հետ: «Արյունաբանական դպրոցը ձևավորվել է նաև ձեր ջանքերի արդյունքում, որի շնորհիվ բազմաթիվ կյանքեր են փրկվում մեր երկրում»,-ընդգծեց ռեկտորը:

ՌԴ գլխավոր մանկական արյունաբանը շնորհակալություն հայտնելով նոմինացիոն կոմիտեին և գիտխորհրդի անդամներին՝ անդրադարձ կատարեց իր մասնագիտական գործունեությանն ու բազմամյա փորձին, որին հաջորդեց պրոֆեսորի զեկույցը՝ նվիրված արյունաբանության և ուռուցքաբանության խնդիրներին ու մարտահրավերներին, ոլորտում իրականացված գիտական աշխատանքներին, ինչպես նաև կլինիկական դեպքերին:

Ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ դասախոսության ժամանակ նախանշված ուղղությունները մեծ նշանակություն ունեն ինչպես պրակտիկ բժիշկների, այնպես էլ սովորողների համար, քանի որ ներկայացվեց աշխատանքային բազմամյա փորձը արյունաբանության և ուռուցքաբանության բնագավառում: Ռեկտորը հույս հայտնեց, որ Ալեքսանդր Ռումյանցևը կշարունակի ակտիվ համագործակցել ԵՊԲՀ-ի հետ, ինչի առանցքում կլինի ոլորտի որակյալ կադրերի պատրաստումը:

Գիտական խորհուրդն արտահերթ նիստին անդրադարձ կատարեց նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Արմեն Մուրադյանը ներկաներին տեղեկացրեց, որ օրենքի նախագծի քննարկմանը ներկայացրել է գիտխորհրդի անդամների դիրքորոշումը մի շարք առանցքային հարցերի վերաբերյալ: «Հարցը դեռ քննարկման դաշտում է: Բուհն իր ողջ կազմով ունի գիտական, կառուցողական և արհեստավարժ մոտեցումներ: Տարբեր գործընթացներում մեզ համար կարևոր նշանակություն ունի նաև ուսանողների ներկայացվածությունն ու ներգրավածությունը»,-ընդգծեց ռեկտորն՝ ավելացնելով, որ ուսանողությունը լիիրավ է մայր բուհի գործունեության վերաբերյալ լինել իրազեկ և ազդել զարգացումների վրա: Արմեն Մուրադյանը հավելեց, որ քննարկումները շատ կարևոր են, քանի որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը լինելու է այն դաշտը, որտեղ գործելու են և՛ պրոֆեսորադասախոսական կազմը, և՛ ուսանողները: «Համահարթեցումը որպես սկզբունք՝ պետք է լինի բուհական բոլոր հաստատությունների համար»-ամփոփեց ռեկտորը: