• Հայ
  • Рус
  • Eng
Սեքսոպաթոլոգիայի կլինիկան 15 տարեկան է
Սեքսոպաթոլոգիայի կլինիկան 15 տարեկան է
24.05.2019

Այս տարին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի աշխատակիցների համար հոբելյանական է։

Կլինիկան Հայաստանի միակ գիտաբժշկական կենտրոնն է, որի աշխատակիցները կլինիկական գործունեությանը զուգահեռ կատարում են գիտական հետազոտություններ` դրանք տպագրելով տեղական և արտասահմանյան գիտա-գործնական հանդեսներում: Կլինիկան համալրված է արտերկրում վերապատրաստված և գիտական աստիճան ունեցող մասնագետներով, որոնք բուժում և վերականգնում են անհատների և ամուսնական զույգերի սեռական առողջությունը: Սեքսոպաթոլոգիայի կլինիկան ուսումնական բազա է հանդիսանում ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի համար, որտեղ իրականացվում է հետդիպլոմային կրթություն՝ օրդինատուրա, ասպիրանտուրա, հարակից մասնագետների սեքսոպաթոլոգիայի առարկայի ցիկլային դասընթացներ, մասնագիտական վերապատրաստումներ:

Մայիսի 17-ին, Սեքսոպաթոլոգիայի կլինիկան և ամբիոնը, Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի հետ համատեղ նշեցին կլինիկայի տարեդարձը: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ կլինիկայի ղեկավար, բ.գ.թ. Ա.Դ. Գրիգորյանը: Այնուհետև կլինիկայի հիմնադիր, պրոֆ. Ա.Է. Հակոբյանը ելույթ ունեցավ ‹‹ԵՊԲՀ Սեքսոպաթոլոգիայի անցյալը ներկան և ձեռքբերումները›› զեկուցմամբ՝ ընդգծելով սեքսոպաթոլոգիայի դերը և կարևորությունը ընդհանուր բժշկության ոլորտում:

Միջոցառմանը ներկա էին նաև ‹‹Հերացի›› թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ, պրոֆ. Ա.Յ. Բաբլումյանը և տեղակալ Ա.Հ. Բդոյանը:

Միջոցառումը ամփոփվեց կլինիկայի զարգացման և միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրերի առաջարկություններով:

Համալսարանական կլինիկան շարժվում է ժամանակին համահունչ։ Սեռական խանգարումները բուժվում են ժամանակակից մեթոդներով և բարձր արդյունավետությամբ։ Կլինիկան աշխատում է «Սեռական առողջությունը ընտանիքի հիմնասյուներից մեկն է» կարգախոսով, քանի որ առողջ ընտանիքը ամուր պետության գրավականն է։