• Հայ
  • Рус
  • Eng
Շարժվելով գիտության միջազգայնացմանն ընդառաջ
Շարժվելով գիտության միջազգայնացմանն ընդառաջ
09.06.2017

Մեր համալսարանում հունիսի 9-ին անցկացվեց Եվրամիության «Հորիզոն2020» ծրագրի «Տեղեկատվական օր» միջոցառումը: «Հորիզոն 2020»-ը Եվրամիության հետազոտության և նորարարության ամենաընդգրկուն ծրագիրն է, որը նպատակ ունի նորարարության ու հետազոտության կապակցման միջոցով զարգացնել տնտեսությունը Եվրոպայում: Ծրագրի ընդհանուր բյուջեն նախատեսված է 7 տարիների համար և կազմում է 80 միլիարդ եվրո, որից գրեթե 7 միլիարդը հատկացվել է «Առողջություն, ժողովրդագրական փոփոխություններ և բարեկեցություն» ոլորտին:

Միջոցառմանը հյուրընկալվել էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, ով ներկայացրեց Հայաստանի գիտության զարգացման հեռանկարները այս ծրագրի համատեքստում: ԵՊԲՀ գիտության վարչության պետ Սեյրան Քոչարյանը, ով նաև «Հորիզոն 2020»-ի «Առողջություն, ժողովրդագրական փոփոխություններ և բարեկեցություն» ոլորտի ազգային կոնտակտային անձն է, ներկայացրեց ծրագրի շրջանակում իր և ԵՊԲՀ գիտության վարչության կողմից իրականացվող տեղեկատվական հոսքերի կառավարման մեթոդները, մինչև այժմ կատարված աշխատանքները, հետագա պլանները, ինչպես նաև բաց մրցույթներին դիմելու կարգը:

Հայտերի ներկայացման ֆինանսական և իրավական խնդիրների մասին ելույթ ունեցավ ՀՀ ԳԱԱ միջազգային բաժնի ղեկավար, «Հորիզոն 2020»-ազգային կոնտակտային անձանց ցանցի համակարգող Տիգրան Արզումանյանը: Նույն ստորաբաժանման աշխատակից, «Մարի Սկլադովսկա Կյուրի գործողությունների» և «Փոքր ու միջին ձեռնարկությունների ֆինանսավորման հնարավորությունների» ազգային կոնտակտային անձ Անահիտ Խաչիկյանը ներկայացրեց Մարի Սկլադովսկա Կյուրի կրթաթոշակները, որոնք հատկապես մեծ հետաքրքրություն առաջացրին դահլիճում ներկա երիտասարդ հետազոտողների շրջանում: Եվրոպական հետազոտական խորհրդի բաց մրցույթը, որը հասանելի է գիտության բոլոր բնագավառների և ցանկացած տարիքի հետազոտողների համար, ներկայացրեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի միջազգային համագործակցության բաժնի պետ, Եվրոպական հետազոտական խորհրդի ազգային կոնտակտային անձ Մարիանա Սարգսյանը:

ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, ողջունելով միջոցառման նախաձեռնությունը և մասնակիցներին, նշեց, որ համատեղ ջանքերի, բարձր վականիշ ունեցող ամսագրերում նպատակային տպագրությունների և ամենակարևորը քրտնաջան աշխատանքի շնորհիվ միայն հնարավոր կլինի օգուտ քաղել հետազոտության ֆինանսավորման նման բազմատեսակ ծրագրերից, որոնք կնպաստեն բժշկագիտության ոլորտի մասնագետների մասնագիտական բնութագրի բարելավմանը և մեր համալսարանի որդեգրած միջազգային ճանաչելիության ընդարձակման քաղաքականությանը: