• Հայ
  • Рус
  • Eng
Սփյուռքահայ պատանիները կամավորական աշխատանք կկատարեն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում և համալսարանական հիվանդանոցում
Սփյուռքահայ պատանիները կամավորական աշխատանք կկատարեն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում և համալսարանական հիվանդանոցում
13.06.2019

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն այսօր հյուրընկալեց Լոս Անջելեսի Մարի Մանուկյան-Դեմիրճյան հայկական վարժարանի ավարտական դասարանի մի խումբ աշակերտների: Սփյուռքահայ պատանիները կենտրոնում բուժվող զինվորներին նվիրեցին 11 համակարգիչ:

Հայաստան այցելած աշակերտները, կամավորական աշխատանքների շրջանակում, կօգնեն կենտրոնում բուժվող զինվորներին լավացնել խոսակցական անգլերենը՝ հնարավորություն ստանալով զինվորների հետ ամենօրյա շփումների շնորհիվ թարմացնել մայրենի լեզվի իրենց գիտելիքները:

Նշենք, որ վերջին վեց տարիներին վարժարանի սաները Հայաստան են այցելում կամավոր աշխատանք կատարելու կամ որևէ բնագավառում վերապատրաստվելու նպատակով: Սա միջոց է պատանիներին կապել հայրենիքի հետ, որպեսզի նրանք հայ մնան, պահպանեն ինքնությունը, և ինչպես նշում են դպրոցի ուսուցիչները՝ ուրախալի կլինի, եթե որոշներն ապագայում վերադառնան, աշխատեն ու ապրեն Հայաստանում:

Այս տարի աշակերտների մի մասին հնարավորություն է ընձեռվել կամավորական աշխատանքներ կատարել նաև ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցում:

Մարի Մանուկյան-Դեմիրճյան հայկական վարժարանի ավարտական դասարանի 36 աշակերտները Հայաստանում կլինեն հունիսի 4-ից 27-ը, և իրենց հագեցած առօրյայի մի մասը կնվիրեն բուժվող զինվորներին, ինչպես նաև համալսարանական հիվանդանոցին: