• Հայ
  • Рус
  • Eng
Սրտաբանական համաժողով՝ սրտի համաշխարհային օրվան ընդառաջ
Սրտաբանական համաժողով՝ սրտի համաշխարհային օրվան ընդառաջ
27.09.2018

Ողջ աշխարհում սեպտեմբերի 29-ին նշվում է սրտի համաշխարհային օրը։ ԵՊԲՀ վարչական մասնաշենքում սեպտեմբերի 27-ին մեկնարկեց Yerevan Cardiology Forum 2018 խորագրով եռօրյա միջազգային համաժողովը: Երևանի սրտաբանների երկրորդ միջազգային համաժողովին հանդես են գալու տասնյակ միջազգային պրոֆեսորներ աշխարհի առաջատար երկրներից։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցկացվող եռօրյա համաժողովը նվիրված է սրտանոթային հիվանդություններին: Նրա խոսքով՝ հատկանշական է, որ միջազգային նշանակության այս համաժողովին մասնակցում են նաև ԵՊԲՀ շրջանավարտները, որոնք աշխատելով աշխարհի առաջատար կլինիկաներում հաղորդակից են դարձնում մեր երկրի առողջապահական համակարգը եվրոպական, ամերիկյան, ռուսական հիվանդանոցային ցանցին: Նա շեշտեց, որ վերջին տարիներին մեծ քայլեր են ձեռնարկվել սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, բուժման նոր մեթոդների ներդրման և սրտաբանական ծառայությունների մատչելիության ապահովման ուղղությամբ: Իրականացված ծրագրերից նա առանձնացրեց սրտի անհետաձգելի վիրահատությունների «Stent for life» ծրագիրը:

 Ռեկտորը տեղեկացրեց, որ այսօր բժշկական համալսարանը ծրագրեր է ձեռնարկում երիտասարդ կադրերին միջազգային համալսարանական ցանցում ներգրավելու ուղղությամբ: Նա նաև հավելեց, որ ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում սրտաբանության զարգացման, սրտաբանական դպրոցի ձևավորման գործում էական ներդրում ունեին սփյուռքահայ գործընկերները: Մասնակիցների խոսքով՝ Երևանի սրտաբանների երկրորդ միջազգային համաժողովը կարող է ապահովել նոր տեղեկատվություն սիրտ-անոթային բժշկության կարևոր բնագավառներում: Բժշկական տեխնոլոգիաների փոփոխության արագությունը և տարածվածությունն ունեն բազմաթիվ պրակտիկ առնչություն՝ կապված կլինիկական հմտությունների, բուժօգնության կազմակերպումների և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հետ: Սրտաբանությունը պրոգրեսիվ զարգացել է վերջին 30 տարվա ընթացքում:

Ամբողջ աշխարհում կատարված ուսումնասիրությունները նպատակ ունեն բացահայտել նոր պաթոֆիզիոլոգիական մեխանիզմներ, ապահովել ֆարմակոլոգիական նոր մոտեցումներ, նորացնել տեխնոլոգիական մոտեցումները՝ կլինիկական հաջողությունների հասնելու և սրտանոթային հիվանդների մոտ կյանքի տևողությունը բարձրացնելու համար: Միջոցառման կազմակերպիչ, Սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ընդհանուր և ինվազիվ սրտաբանության կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանը ողջունելով հյուրերին հանգամանալից զեկույց ներկայացրեց Հայաստանում սրտաբանության ոլորտի արդի խնդիրների, հաջողությունների և անելիքների վերաբերյալ: Նրա խոսքով՝ Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը սրտաբանության ոլորտում հայտնի է իր լավ ավանդույթներով, ինչպես նաև իր կրթական ավանդով ամբողջ աշխարհում որակավորված սրտաբանների պատրաստման մեջ: Նա շնորհակալություն հայտնեց համալսարանի շրջանավարտներին միջոցառմանն իրենց ակտիվ ներգրավման համար, ինչը կարող է ծառայել, որպես նոր հարթակ մեր համալսարանի հետ համագործակցության մեջ: Պրոֆեսորը համալսարանի անունից երախտագիտություն հայտնեց Եվրոպայի և ԱՄՆ-ի մեծ կենտրոնների սրտաբանական թիմերի ղեկավար փորձագետներին այս իրադարձությանը աջակցելու համար:

Համայակ Սիսակյանն անդրադարձավ նաև համալսարանական համալիրում իր ղեկավարած կլինիկայի հիմնական առաքելությանը, որն է մահացության և հոսպիտալացման նվազեցումը, սրտանոթային հիվանդություններ ունեցողների կյանքի որակի բարելավումը, բուժման նոր մեթոդների, տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես կրթական մակարդակի բարելավումը: Համայակ Սիսակյանը շեշտեց, որ ԵՊԲՀ-ն փաստացի միակ կրթական հաստատությունն է, որը հանրապետության առողջապահական համակարգի համար պատրաստում է սրտաբաններ: Հետևաբար որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստումը համալսարանական մասնագետների ձեռքում է:

 Նշենք, որ եռօրյա համաժողովին ներկա են անվանի բժիշկներ: Եվրոպայի սրտաբանների ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Փանոս Վարդասը, Բեռլինից պրոֆեսոր Ստեփան Անկերը, Լյուբլյանայից Զլատկո Ֆրասը, ինչպես նաև արտերկրում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող մեր հայրենակիցներ Արմեն Տեր-Ակոպյանը, Քնարիկ Արկունը, Բաբկեն Ասատրյանը, Վահագն Օհանյանը և շատ ուրիշներ: Մասնագետները հետաքրքիր զեկուցումներ ներկայացրին սրտաբանության արդի խնդիրների շուրջ, կիսվեցին մասնագիտական իրենց հարուստ փորձով: Համաժողովն աշխատանքները կամփոփի սեպտեմբերի 29-ին: