• Հայ
  • Рус
  • Eng
Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովի պատվիրակության հետ քննարկվեցին մի շարք հարցեր
Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովի պատվիրակության հետ քննարկվեցին մի շարք հարցեր
23.05.2018

ԵՊԲՀ պրոռեկտոներն այսօր ընդունեցին Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովին մասնակցելու նպատակով աշխարհի տարբեր անկյուններից Երևան ժամանած անվանի բժիշկ-մասնագետներին:

Մասնագիտական կարևոր այս միջոցառմանը մասնակցում են նաև Ստոմատոլոգների միջազգային ֆեդերացիայի նախագահ Կեթրին Քելլը և ընտրված նախագահ Գերհարդ Սիբերգեռը:

Պրոռեկտորների հետ կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ստոմատոլոգիայի ոլորտին վերաբերող մի շարք ծրագրեր: Վեհաժողովի մասնակիցներն էլ կիսվեցին իրենց փորձով, տեսակետներ փոխանակեցին:

Ռուսաստանից ժամանած հայազգի մասնակից Սամվել Ապրեսյանին ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը փոխանցեց այցելու դասախոսի կոչման մասին հավաստագիրը:

Նշենք, որ Ստոմատոլոգների Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովը, որը նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանին, անցկացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և  Հայաստանի Ստոմատոլոգների ասոցիացիայի համատեղ ջանքերով:  Մայիսի 24-ից 26-ը Երևանում, իսկ մայիսի 28-ին Ստեփանակերտում կանցկացվեն մի շարք մասնագիտական հավաքներ, որոնք կանդրադառնան ժամանակակից ստոմատոլոգիայի արդի խնդիրներին: Հայ-ամերիկյան առաջին միջազգային վեհաժողովի շրջանակում տեղի կունենա նաև Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի տարեկան ժողովը, որին կանդամակցեն  ճանաչված մասնագետներ, բժիշկ-ստոմատոլոգներ Հայաստանից,  Ռուսաստանից, Ղազախստանից և Վրաստանից:

Աշխարհի տարբեր անկյուններից ժամանող հարյուրավոր մասնագետները հայ գործընկերների հետ կքննարկեն  այն մարտահրավերներն ու օրակարգային հարցերը, որոնք այսօր ծառացած են մեր երկրում սրընթաց զարգացող այս բնագավառի առջև:

Վաղ առավոտյան պատվիրակությունն այցելել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, շրջել թանգարանում:

Վեհաժողովն աշխատանքները կսկսի վաղն առավոտյան, ժամը 09.30-ին, ԵՊԲՀ նիստերի դահլիճում: