• Հայ
  • Рус
  • Eng
Թոմ Քաթինան ապագա բժիշկներին ներկայացրեց բժշկի մասնագիտության մարդասիրական կողմը
Թոմ Քաթինան ապագա բժիշկներին ներկայացրեց բժշկի մասնագիտության մարդասիրական կողմը
22.10.2019

Ապագա բժիշկներն այսօր հանդիպում ունեցան «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության դափնեկիր, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, «Գթության մայր» հիվանդանոցի միակ վիրաբույժ Թոմ Քաթինայի հետ:

Հանդիպման սկզբում անդրադարձ կատարվեց Թոմ Քաթինայի կյանքին, կարճ ներկայացվեց նրա կենսագրությունն ու անցած ուղին: Ճարտարագետի մասնագիտություն ստացած ամերիկացի երիտասարդը որոշում է ուժերը փորձել բժշկության մեջ՝ ընտրելով վիրաբույժի մասնագիտությունը, ինչը ճակատագրական է դառնում նրա համար: Դյուքի համալսարանի Բժշկական դպրոցի շրջանավարտ Թոմ Քաթինան բժշկական կարիերան սկսել է Միացյալ Նահանգների Ռազմաօդային ուժերում՝ չորս տարի ծառայելով իբրև թռիչքային վիրաբույժ։ Դրանից հետո նա վեց տարի իբրև կամավոր աշխատել է Քենիայում՝ Նայրոբիի «Սուրբ Մարիամ» հիվանդանոցում, ապա տեղափոխվել Սուդան և հիմնադրել այն հիվանդանոցը, որը գլխավորում է մինչ օրս։ Այնպես է ստացվում, որ Սուդանի նուբացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով կարճ ժամանակով գործուղված Քաթինան այլևս չի ցանկանում թողնել առանց այդ էլ պատերազմից կեղեքված նուբացիներին և արդեն 10-ը տարի է՝ ստանձնել է մարդասիրական կարևոր առաքելություն՝ բժշկել մարդկանց:

Նա բուժօգնություն է տրամադրում ավելի քան 750 հազար մարդու, որոնք նրան են դիմում տարաբնույթ հիվանդություններով: Պատասխանելով ուսանողների հարցերին՝ Թոմ Քաթինան փաստեց, որ բազմաթիվ դժվարությունների է հանդիպում: Հաճախ, բոլորին օգնելու ցանկությանը զուգահեռ, ստեղծվում է իրավիճակ, երբ, որպես բժիշկ, ստիպված ես որոշում կայացնել, ինչն այնքան էլ հեշտ չէ: «Պետք է հաղթահարել այդ բարդությունները, ընդունել սխալները և շարժվել առաջ»,- ընդգծեց մարդասիրական առաքելություն իրականացնող բժիշկը:

ԵՊԲՀ ուսանողների շրջանում Թոմ Քաթինան անկեղծացավ, որ ծնողները ոչ միայն կողմ չեն եղել Սուդանում մնալուն և այնտեղ բժշկական գործունեություն ծավալելուն, այլև նուբացի կնոջ՝ Նազիմայի հետ ամուսնանալու հարցում:

Արդեն մեկ տասնամյակ Սուդանի Նուբա լեռներում ռումբերի տեղատարափի տակ մարդասիրական առաքելություն իրականացնող Թոմ Քաթինան ապագա բժիշկներին խորհուրդ տվեց մասնագիտանալուն զուգահեռ գտնել ճանապարհ՝ մարդասիրական առաքելությամբ աշխարհը փոխելու համար: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության դափնեկիրը շնորհակալություն հայտնեց ԵՊԲՀ-ում հյուրընկալելու, ինչպես նաև բովանդակալից քննարկում կազմակերպելու համար: