• Հայ
  • Рус
  • Eng
Ուսանողների համար ֆիզիկական ակտիվությունը մեծ նշանակություն ունի. Նազիկ Ավդալյանը ֆիզկուլտուրա է դասավանդում ԵՊԲՀ-ում
Ուսանողների համար ֆիզիկական ակտիվությունը մեծ նշանակություն ունի. Նազիկ Ավդալյանը ֆիզկուլտուրա է դասավանդում ԵՊԲՀ-ում
21.07.2020

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն իր օրինակով շարունակում է ցույց տալ, որ կինը կարող է լինել թե՛ կանացի, թե՛ ուժեղ: Նա իր սպորտային գիտելիքները շարունակում է փոխանցել հանրությանը, ինչից անմասն չեն մնացել նաև բժշկական համալսարանի ուսանողները: Ծանրամարտի աշխարհի չեմպիոնը ֆիզկուլտուրա է դասավանդում բժշկական համալսարանում՝ մարզիկի և մարզիչի փորձը կիսելով նաև ԵՊԲՀ ուսանողների հետ:

Մեզ հետ զրույցում Նազիկ Ավդալյանը մանրամասնեց ուսուցման ընթացքի, դասախոս-ուսանող հարաբերությունների մասին:

 -Քչերը գիտեն, որ Դուք ֆիզկուլտուրա եք դասավանդում ԵՊԲՀ-ում: Երբ մեկնարկեց բժշկական համալսարանի հետ համագործակցությունը։ Կմանրամասնեք ինչպե՞ս է անցնում ուսուցման ընթացքը: 

-Արդեն մեկ տարի է, ինչ ֆիզկուլտուրա եմ դասավանդում բժշկական համալսարանում՝ անցած տարվա ապրիլից: Մի խոսակցության ժամանակ ԵՊԲՀ ղեկավարությունից առաջարկ ստացա և սիրով համաձայնեցի։ Ուսուցման ընթացքը շատ լավ է անցնում, իմ սպասվածից ավելի շուտ հարմարվեցի ամեն ինչին։ 

-Ուսանողների հետ հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք: 

-Շատ լավ եմ գնահատում։ Ամեն ինչ սահմանների մեջ պահելով, աշխատում եմ ավելի շատ մարդկային հարբերություններ ձևավորել, քան ուսանող-դասախոս, քանի որ տարիքային տարբերությունն այդքան էլ մեծ չէ, բացի այդ սպորտային գործունեությունը ևս կապ ունի. մենք էլ մեր մարզիչների հետ ենք եղել շատ լավ ընկերներ: Ես էլ փորձում եմ նույն մեթոդով ուսանողների հետ ընկերանալ, քան լինել խիստ դասախոս։ 

-Ինչպե՞ս եք կարողանում համատեղել ընտանիքը, աշխատանքը, ուսումը.... 

-Ճիշտ է՝ դժվար է, բայց ոչ անհնարին: Ստացվում է, երբ օրվա գրաֆիկ ես կազմում, փոքրիկիս տանում էի դասի, այնտեղից գնում իմ դասերին, աշխատանքին: Արդեն ավարտել եմ ՀՖԿՍՊԻ-ի սպորտային հոգեբանության բաժնի մագիստրատուրան, ցանկություն ունեմ մյուս տարի ուսումս շարունակել ԵՊԲՀ-ում, տեսնեմ ինչպես կստացվի: 

-Ապագա բժիշկների շրջանում արդյոք նկատե՞լ եք պրոֆեսիոնալների, ովքեր լուրջ հաջողություններ կկարողանային գրանցել սպորտում։ 

-Պրոֆեսիոնալ մարզիկ դառնալու համար փոքր հասակից պետք է զբաղվել սպորտով, մեծ տարիքում դժվար է, մանավանդ բժշկի մասնագիտության հետ համատեղելը, քանի որ մեկը մյուսին խանգարում է։ Իսկ, ընդհանուր առմամբ, ուսանողների ակտիվությունը դասերին շատ բարձր եմ գնահատում: Ուսանողների համար ֆիզիկական ակտիվությունը մեծ նշանակություն ունի, հատկապես ԵՊԲՀ ուսանողների, քանի որ նրանք անընդհատ կարդում են, նստակյաց կյանք են վարում գրադարաններում, ինչը կարող է բազմաթիվ խնդիրների հանգեցնել: Այդ պատճառով առօրյայում շատ կարևոր դեր ունի ֆիզիկական ակտիվությունը: 

-Դուք Ձեր վառ օրինակով ցույց տվեցիք, որ կինը կարող է լինել և կանացի և ուժեղ: Ձեր խորհուրդը ԵՊԲՀ ուսանողուհիներին.... 

-Ուժեղ լինել կարող են, երբ ցանկություն կա, աշխատասիրություն, կամք, իհարկե գենետիկան ևս մեծ նշանակություն ունի: Սխալ կարծիք կա, թե, օրինակ, ծանրամարտով զբաղվելիս, կանացիությունը կորցնում են: Դա կապ չունի կանացիությունը կորցնելու հետ: Մեր ուսանողուհիներին խորհուրդ կտամ լինել ուժեղ, չխուսափել և պարապել: Շատ գեղեցիկ է, երբ աթլետիկ կազմվածք ես ունենում:

 

Արփինե Թովմասյան