• Հայ
  • Рус
  • Eng
Ուսանողների սերը երիտասարդեցնում է դասախոսին. Ռաֆայել Մեսրոպյանը նշում է՝ առանց վստահության ճիշտ հարաբերություններ չեն ձևավորվում
Ուսանողների սերը երիտասարդեցնում է դասախոսին. Ռաֆայել Մեսրոպյանը նշում է՝ առանց վստահության ճիշտ հարաբերություններ չեն ձևավորվում
25.11.2019

Վիրաբույժի մասնագիտությունը շարունակում է ամենաբարդ և միաժամանակ ամենապահանջված մասնագիտություններից մեկը համարվել, առանց որի անհնար է պատկերացնել ժամանակակից բժշկությունը:  Սրընթաց զարգացող այս ոլորտը շատերի համար ոչ միայն սիրելի մասնագիտություն է, այլև կյանքի հիմնական նպատակը: Ուստի շատ կարևոր է այս մասնագիտությունը ճիշտ ուսուցանել` սերունդներին փոխանցելով դրա նրբություններն ու առանձնահատկությունները:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի փոխդեկան, Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դոցենտ Ռաֆայել Մեսրոպյանը մեզ հետ զրույցում ոչ միայն ներկայացրեց վիրաբույժի մասնագիտության նրբությունները, այլև խոսեց դասախոս-ուսանող հարաբերությունների, ճիշտ մասնագիտություն ընտրելու և այլնի մասին:

-Պարոն Մեսրոպյան, վիրաբուժությունը սրընթաց զարգացող և պահանջված մասնագիտություն է համարվում: Ինչպե՞ս եք ընտրել այս մասնագիտությունը:

-Բժիշկ դառնալու ցանկությունն առաջացել է փոքր հասակից: Երբ տեսնում էի բժիշկներին, թե ինչպես են բուժում, ինչպես են մոտենում հիվանդներին, իմ մեջ ավելի էր ամրապնդվում այդ ցանկությունը: Վիրաբուժությունն ընտրել եմ մեկ պարզ պատճառով՝ այն այնպիսի գիտություն է բժշկության մեջ, որտեղ ամեն ինչ հստակ է: Երրորդ կուրսից սկսել եմ հերթապահել, մասնակցել վիրահատությունների, իսկ 2000 թվականից սկսել եմ դասախոսական աշխատանքը՝ դեռևս լինելով ասպիրանտ, ու երբևէ չեմ փոշմանալ այդ ընտրության համար: Իմ երկրորդ մասնագիտությունը ստոմատոլոգիան է: Դասախոսելուն զուգահեռ աշխատում եմ նաև որպես ստոմատոլոգ:

-Ինչպիսի՞ն պետք է լինի դասախոսը, ի՞նչ պահանջներ եք դնում դասախոս-ուսանող հարաբերություններում:

-Այստեղ կարող են լինել բազմաթիվ և անվերջ կարծիքներ, որովհետև յուրաքանչյուրը դասախոսի կերպարը տեսնում է անհատապես: Դասախոսը պետք է կարողանա իր ժամանակն արդյունավետ օգտագործել ուսանողներին սովորեցնելու համար: Անկախ նրանից, թե զուգահեռաբար դասախոսը կզբաղվի պրակտիկ բժշկությամբ, գիտությամբ, թե այլ գործով, պետք է ժամանակն օգտագործի ուսանողի օգտին: Շատ կարևոր է ուսանողին օգնել հասկանալու ինքնուրույն սովորելու ուղիները և մեթոդաբանությունը։

-Ի՞նչ դժվարություններ կարող են առաջանալ ուսանողների հետ հարաբերություններում: Ինչպե՞ս կբնորոշեք այսօրվա ուսանողությանը:

-Եթե դասախոսը կարողանա արագ ճանաչել ուսանողին, ինչն այնքան էլ հեշտ չէ, քանի որ նրանք տարբեր բնավորության, դաստիարակության, սովորոթյուններ ունեցող մարդիկ են, ապա ոչ մի դժվարություն չի առաջանա: Ես փորձում եմ յուրաքանչյուրի հետ անհատական շփման ձև, ճիշտ ճանապարհ ու մեթոդ գտնել: Դրա համար անհրաժեշտ է, որ ուսանողը վստահի դասախոսին, առանց վստահության ճիշտ հարաբերություններ չեն ձևավորվում: Գուցե տարիների ընթացքում ինձ համար ավելի հեշտ է աշխատել ուսանողության հետ. փորձը մեծանում է և ավելի դյուրին է դառնում շփվելու ճիշտ ճանապարհներ գտնել: Հաշվի առնելով, որ ես 2000 թվականից դասավանդում եմ, կարող եմ նշել, որ շատ բան չի փոխվել: Փոխվել են միայն ուսուցման մեթոդները:

- Հաճախ ենք լսում՝ եթե ուսանողները սիրում են դասախոսին ուրեմն սիրելի է նաև նրա կողմից դասվանդվող առարկան:

-Համաձայն եմ այս մտքի հետ: Այդպիսի օրինակներ շատ կան, երբ առարկան սիրելի դառնում դասախոսի մոտեցման, ներկայացման և բազմաթիվ այլ մանր, բայց կարևոր հանգամանքների շնորհիվ: Շատ դեպքերում էլ ոչ այնքան առաջադեմ ուսանողը դառնում է առաջադեմ: Այսինքն՝ եթե չսիրեցին դասախոսին, գուցե առարկան էլ չսիրեն կամ հակառակը: Բայց առաջին հերթին պետք է դասախոսն ուսանողներին սիրի: Կարող եմ փաստել, որ իմ կողմից դասավանդվող առարկայի առաջադիմությունը միշտ բավականին բարձր է եղել, իսկ վիրաբույժ դառնալ ցանկացողների թիվը՝ գոհացնող:

-Իսկ դասախոսին ի՞նչ է տալիս ուսանողների սերը:

-Ուսանողների սերը ոչ միայն ոգեշնչում է դասախոսին, այլև երիտասարդեցնում: Շրջապատված լինելով ուսանողներով մենք մեզ ևս ուսանող ենք զգում: Բացի այդ նրանց հետ շփումը հաճախ վերածվում է ընկերության, երկար տարիների բարեկամության:

-Դասախոսն ինչպիսի՞ դեր է ունենում ուսանողների մասնագիտական կողմնորոշման հարցում: Խորհուրդներ տալի՞ս եք:

-Խորհուրդները կախված են նրանից, թե ուսանողներն արդյոք ունեն դրա կարիքը: Շատերը դիմում են, քանի որ չեն կարողանում հասկանալ՝ իրենց ինչ է պետք: Դասախոսը պետք է ճիշտ ուղղորդի, իսկ դրա համար անհրաժեշտ է շատ լավ ճանաչել ուսանողին, հասկանալ նրա ընդունակությունները, զգալ, թե ինչն է նրան համապատասխան՝ անկախ նրանից այդ մասնագիտությունը պահանջված է, թե ոչ, որպեսզի ուսանողը հետագայում չփոշմանի: Խորհուրդը պետք է հիմնավորել:

-Ուսանողներին խորհուրդներ տալիս եք, իսկ Ձեր երեխաներին ի՞նչ մասնագիտության եք ուղղորդել:

-Երկու երեխաներս արդեն ուղղորդված են, մեկն այս տարի ավարտել է ԵՊՀ մաթեմատիկայի բաժինը, սովորել է նաև ծրագրավորում, արդեն աշխատում է, մյուսը՝ Սլավոնական համալսարանում է սովորում, ֆինանսական և ակտուարական մաթեմատիկան է ընտրել, նաև տաղանդավոր երաժիշտ է: Իսկ կրտսեր զավակս դպրոցն ավարտելուց հետո ցանկանում է սովորել ԵՊԲՀ ստոմատոլոգիայի ֆակուլտետում:

-Ձեր աշխատանքից բացի ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Նախասիրություններս շատ են: Սիրում են երաժշտություն, նվագում եմ դաշնամուր և կիթառ, երգում եմ, ծառեր եմ աճեցնում, կարդում եմ, չեմ սիրում հեռուստացույց դիտել: Փոքր հասակում նաև նկարել եմ, փայտի վրա փորագրություններ եմ արել: Ցավոք ժամանակս չի հերիքում նախասիրություններով զբաղվելու համար:

-Դուք նաև Ընդհանուր բժշկության ֆակուլտետի փոխդեկանն եք: Կնշե՞ք, թե որոնք են փոխդեկանի պարտականությունները:

-Փոխդեկանը ղեկավարում է որոշ կուրսեր, ուսանողների հետ կապված բազմաթիվ աշխատանքներ է կատարում, հետևում է առաջադիմությանը, բացականերին, դասացուցակների կազմմանը, ռոտացիային, ծագած խնդիրներին: Իրազեկում է մրցույթների, հայտարարությունների և այլնի մասին: Այսինքն՝ առաջնային օղակը մենք ենք, ու, պետք է նշեմ, որ ուսանողները տարբեր հարցերով անկաշկանդ դիմում են մեզ:

Հավելեմ նաև, որ փոխդեկան լինելը հնարավորություն է տալիս շատ ավելին անել ուսանողության համար։ Առաջ ուսանողների որակյալ կրթության ապահովման և ամբիոնում ուսանողների համար պատշաճ պայմանների ստեղծմանն ուղղված գործունեությունս սահմանափակվում էր միայն Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի ուսմասվարի և քննությունների պատասխանատուի գործառույթներով։ Սակայն փոխդեկան դառնալով հնարավորություն ստեղծվեց արդեն բոլոր բնագավառներում առավելագույնն անել ոչ միայն իմ ղեկավարած կուրսի ուսանողների, այլ նաև մյուս կուրսերի ուսանողների համար՝ աջակցելով նրանց բազմաթիվ այլ հարցրերում ևս, նույնիսկ անհրաժեշտության դեպքում արդարության վերականգնում հօգուտ ուսանողների։

-Եթե հնարավորություն ունենայիք այլ մասնագիտություն կընտրեի՞ք:

-Ո՛չ, կրկին կընտրեի բժշկությունը, քանի որ այն ինձ շատ հոգեհարազատ է:

 

                                                                                             Հարցազրույցը՝ Արփինե Թովմասյանի

                                                Լուսանկարները՝ Ռաֆայել Մեսրոպյանի անձնական արխիվից