• Հայ
  • Рус
  • Eng
Վալերի Տատինցյանը ստոմատոլոգի մասնագիտությունը ժառանգել է գենետիկորեն
15.01.2019

Ստոմատոլոգիան բժշկագիտության սրընթաց զարգացող ճյուղերից է: Կարևոր այս բնագավառի զարգացման հիմքում ոչ միայն բարձր հագեցվածությամբ ու կազմակերպվածությամբ աչքի ընկնող կլինիկաներն են, այլև մասնագետների արհեստավարժությունն ու աշխատասիրությունը: Վալերի Տատինցյանը մեր երկրում ստոմատոլոգիայի զարգացման և ոլորտում լավագույն ավանդույթների ձևավորման ակունքներում է կանգնած։
Ինչպես հայաստանյան բժշկական շատ գերդաստաններում է պատահում, Վալերի Տատինցյանը ևս ստոմատոլոգի մասնագիտությունը գենետիկորեն են ժառանգում։ ՀՀ գիտության վաստակավոր գործչի մայրը՝ Լուսիկ Ասատուրի Օհանյանը նույնպես ստոմատոլոգ էր։ Հենց նրա օրինակով է ներշնչվել նաև որդին, ում ստոմատլոգիական միջավայրը մանկուց էր հարազատ։

Կենսագրական տվյալներ

Վալերի Տատինցյանը ծնվել է 1940թ. Բաքվում։ Տեղի թիվ 142 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1959-1962թթ. ավարտել է Մարիսկի բժշկական ուսումնարանի ատամնաբուժական դպրոցը , այնուհետև 1964-1969թթ. ավարտել է Մոսկվայի բժշկական ստոմատոլոգիական բուհը։ 1969-1972թթ. կլինիկական օրդինատոր էր՝ Թերապևտիկ ստոմատոլոգիայի մասնագիտությամբ Մոսկվայի Ստոմատոլոգիայի կենտրոնական գիտահետազոտական բուհում։ 1972 -1980թթ. Թուրքմենիստանի պետական բժշկական բուհի Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ էր, Ստոմատոլոգիական, սանիտարական ֆակուլտետների դեկանի տեղակալ, դեկան: 1980-1984թթ. ԵՊԲՀ Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ էր, այնուհետև 1984-2005թթ. զբաղեցրել է նույն ամբիոնի վարիչի պաշտոնը և համատեղությամբ 1985-1995թթ. ԵՊԲՀ Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանն էր, 2005-2013թթ. ԵՊԲՀ Թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։ 2014թ. առ այսօր: Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր։ Վալերի Տատինցյանը 1975թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը Մոսկվայի ստոմատոլոգիայի կենտրոնական գիտա-հետազոտական բուհում, 1986թ. –ին՝ դոկտորականը Մոսկվայի Ստոմատոլոգիայի կենտրոնական գիտահետազոտական բուհում ։ 2011թ.-ից ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ է:
Տարբեր տարիներին մի շարք պարգևների է արժանացել։
Պարգևատրվել է Հարավսլավիայի Բելգրադյան բժշկական համալսարանի «Ոսկե շքանշանով»։ 2000թ. և 2010թ. պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան «Ոսկե շքանշանով», 2002թ. ՝ ՌԲԳԱ Վերնադսկու անվան շքանշանով , երեք տարի անց ՀՀ առողջապահության նախարարության և ԵՊԲՀ-ի կողմից պարգևատրվել է «Արծաթե շքանշանով»։ 2006թ. պարգևատրվել է Ռուսաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի առաջին աստիճանի «Ոսկե շքանշանով», իսկ 2007թ. պարգևատրվել է Եվրոպական Բժշկական ակադեմիայի «Ռենտգեն» շքանշանով: 1983-1994թթ. նշանակվել է ԵՊԲՀ-ի ստոմատոլոգիական խնդիրների հանձնաժողովի նախագահ։ 1984-1989թթ. Ստոմատոլոգների հասարակության համամիութենական պրեզիդիումի ղեկավարման անդամ, 1994թ. թիվ 1 կլինիկական հիվանդանոցի տարածքում հիմնել է «Համալսարանական ստոմատոլոգիական կլինիկան»։ Մոսկվայի Ստոմատոլոգիայի կենտրոնական գիտահետազոտական բուհի և ԵՊԲՀ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակում գիտահետազոտական ղեկավար է, 1998թ. ընտրվել է ՌԴ գիտությունների ակադեմիայի բնական գիտությունների լիիրավ անդամ։ 2001թ. ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բժշկական գիտությունների լիիրավ անդամ։ 2004թ. հիմնել է ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ոլորտին անդրադարձող «Բամբեր» ամսագիրը, որի գլխավոր խմբագրի տեղակալն է։ 2004թ. –ից ՀՀ ստոմատոլոգների ասոցիացիայի փոխնախագահն է, 2005թ-ից մինչ 2015թ. Ստոմատոլոգիայի, աչքի և ԼՕՌ հիվանդությունների գիտակոորդինացիոն խորհրդի նախագահն է, 2014- 2018թթ. ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ էր:

Ստոմատոլոգը նախ և առաջ բժիշկ է

Ստոմատոլոգ մայրիկի օրինակը հիմք ծառայեց, որպեսզի Վալերի Տատինցյանը ևս ընտրի հենց այս բժշկական ճյուղը։ Ստոմատոլոգ էր նաև նրա հորեղբայր Սուրեն Տատինցյանը։ Բարձրագույն և հետբուհական կրթությունը Վալերի Տատինցյանը ստացել, ինչպես նաև գիտության ոլորտում առաջին քայլերը կատարել է Մոսկվայում։ Ստոմատոլոգիական կրթություն ստանալու նպատակով նա չէր կարող Բաքվից գալ Երևանի բժշկական ինստիտուտ, քանի որ ինստիտուտում դեռևս չկար ստոմատոլոգիական ֆակուլտետ։ Երևանի պետական բժշկական ինստիտուտում ստոմատոլոգիական ֆակուլտետը հիմնադրվել է 1961թ.՝ հանրապետության բնակչությանը բարձրակարգ բժիշկ-ստոմատոլոգ մասնագետների ծառայություն ապահովելու նպատակով:
Քչերը գիտեն, որ ՀՀ բժշկական գիտությունների, ինչպես նաև ՌԴ բնական գիտությունների ակադեմիաների ակադեմիկոսին տասնամյակներ առաջ հայրենիքում աշխատելու և իր ստացած գիտելիքներն ու փորձը մեր երկրում ներդնելու առաջարկ է արել Երևանի բժշկական ինստիտուտի այդ ժամանակվա ռեկտոր, պրոֆեսոր, անվանի մանկաբույժ Վիլեն Աստվածատրյանը։
«Այդ շրջանում ես աշխատում էի իմ դոկտորական ատենախոսության վրա։ Ինձ կանչեց ԽՍՀՄ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետը՝ Բելոկուրովա Լիլիա Պավլովնան և ասաց, որ Երևանից Մոսկվա է ժամանել է Վիլեն Արմենակովիչը և առաջարկում է ինձ մասնագիտական գործունեությունը շարունակել այնտեղ»,- պատմում է Վալերի Տատինցյանը՝ հավելելով, որ նրան գլխավորապես առաջարկվել էր ընդլայնել ինստիտուտում ստոմատոլոգական ոլորտի գիտական ուղղվածությունը։ Արդիական էր նաև այն հարցը, որ ապագա ստոմատոլոգներին դասավանդում էին գիտական կոչումներ չունեցող մասնագետները, հետևաբար ոլորտի զարգացման համար առաջնային էր դասախոսական կազմի համալրումը, ինչը ենթադրում էր հետևողական և շարունակական աշխատանք։
Այսպիսով, 1980 թվականին նա մրցութային կարգով աշխատանքի է անցնում Երևանի պետական բժշկական ինստիտուտում։ Չորս տարի թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ էր, այնուհետև զբաղեցրել է նույն ամբիոնի վարիչի պաշտոնը, իսկ 1985-1995թթ. Տատինցյանը ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանն էր։ Գրեթե չորս տասնամյակ է պրոֆեսորը կլինիկական, գիտական և մանկավարժական գործունեություն է իրականացնում հենց բժշկական համալսարանում։
Մասնագետն իր երկար տարիների գործունեության ընթացքում մշտապես կարևորել է գիտական ոլորտի աշխատանքը։ Հետադարձ հայացք նետելով, գործընկերներն էլ կփաստեն, որ Վալերի Տատինցյանին հաջողվել է կատարել իր առջև դրված կարևոր առաքելությունը։ Տասնամյակների ընթացքում նրա ղեկավարությամբ պաշտպանվել է 33 թեկնածուական և 7 դոկտորական ատենախոսություն։ Տարիներ շարունակ պրոֆեսորն իր ներդրումն է ունեցել երիտասարդ մասնագետների պատրաստման գործում։ Այսօր նրա աշակերտները կայացած ստոմատոլոգներ են, որոնք հաջողված մասնագիտական գործունեություն են ծավալում արագ զարգացող այս ոլորտում։
Վալերի Տատինցյանի՝ բժշկական համալսարանում տարբեր պաշտոններում կատարած աշխատանքը համընկել է նաև մեր երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրների, երկրաշարժի հետ։ Եվ այստեղ է, որ մասնագետը ընդգծում է կարևոր մի ճշմարտություն։ Դժվարին տարիներին իրականացնելով մասնագիտական գործունեություն, նա այն համոզմանն է, որ ստոմատոլոգը նախ և առաջ բժիշկ է, որը պետք է տիրապետի առաջին բուժօգնություն տրամադրելու հմտություններին, ունենա բժշկական գիտելիքներ։ Պատահական չէ, որ այս ոլորտի մասնագետների դիպլոմներում սահմանված է «բժիշկ-ստոմատոլոգ» եզրույթը։
Երկար տարիների փորձ ունեցող պրոֆեսորը համաձայն է այն ասույթի հետ, որ սովորեցնելով նաև սովորում են։ Այդպես է նաև իր դեպքում։ Պրոֆեսորի խոսքով՝ յուրաքանչյուր երիտասարդի ընտրված նոր գիտական աշխատանք ենթադրում է նոր խոսք ստոմատոլոգիայի ոլորտում, հետևաբար ստոմատոոգիայում նորարարությունները հնարավոր չէ պատկերացնել առանց երիտասարդ կադրերի։ Առկա հաջողությունների համալրմանն է ուղղված նաև ուսումնական նոր ծրագրերով հագեցած կրթությունը, որում մեծ է շարունակաբար ընդլայնվող գիտական և հետազոտական ծրագրերի դերը:
Մեջբերելով դրվագներ իր առօրյա գործունեությունից՝ ԵՊԲՀ երկարամյա աշխատակիցն ընդգծում է, որ մեծ ուշադրություն է հատկացնում սովորողների հետ մի շարք մասնագիտական, պրոբլեմային հարցերի քննարկմանը։ Նշենք, որ Վալերի Տատինցյանը տարիներ շարունակ Մոսկվայի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի պրոբլեմային հարցերի քննարկման հանձնաժողովի անդամ է։ Նա առանձնակի կարևորում է բժիշկ-պացիենտ փոխհարաբերություններում էթիկական կանոնների և գրված ու չգրված օրենքների պահպանման հարցը։ Օրինակ՝ նրա խոսքով՝ հիվանդի ներկայությամբ ցանկալի չէ քննարկել կամ վերլուծել նրա իսկ առողջությանը վերաբերող նեղ մասնագիտական հարցեր, դա շատ հանգիստ կարելի է անել նրա հեռանալուց հետո, երբ զրույցը միայն մասնագիտական շրջանակում է։

Պրոֆեսոր Տատինցյանի գնահատմամբ՝ Հայաստանում ստոմատոլոգիան բարձր մակարդակի վրա է

Ստոմատոլոգները ներկայացնում են մի մասնագիտություն, որի հետ կյանքում գոնե մեկ անգամ յուրաքանչյուրս անհրաժեշտություն ենք ունենում առնչվելու: Մասնագետներն օրգանիզմի ընդհանուր առողջության պահպանման գործում կարևորում են բերանի խոռոչի դերը, որն այլ կերպ ասած օրգանիզմի հայելին է։ Բժիշկ-գիտնականն ատամներն առողջ պահելու հստակ բանաձև չի մատնանշում, բայց ընդգծում է, որ պացիենտի ուշադրությունը, և բժշկի կողմից պրոֆեսոիանալ մոտեցումը կարող են նպաստել բերանի խոռոչում առաջացող խնդիրների կանխարգելմանն ու լուծմանը։
Հմուտ ստոմատոլոգի գնահատմամբ՝ մեր երկրում ստոմատոլոգիան քայլում է միջազգային պահանջներին համահունչ և բարձր մակարդակի վրա է։
Նրա կանխատեսմամբ՝ կազմակերպվող տասնյակ միջազգային համաժողովներն ու գիտաժողովները, ինչպես նաև մասնագետների գիտելիքները հարստացնելու շարունակական ձգտումը կապահովեն ստոմատոլոգիայի ոլորտի նաև հետագա առաջընթացը։
Վալերի Տատինցյանը մասնագիտական գիտելիքներին զուգահեռ կարևորում է ոչ միայն ապագա ստոմատոլոգների, այլև բոլոր բժիշկ-մասնագետների զարգացվածությունը։ Հետաքրքրվածությունը նաև այլ ոլորտներով, ինչպես նաև առաջին հերթին մարդկային արժանիքների առկայությունը կարող են որակյալ մասնագետներ ձևավորել։

Չորս երեխաներից երեքը ստոմատոլոգ են

Տատինցյանների ընտանիքում ստոմատոլոգների պակաս չի զգացվում։ Վալերի Տատինցյանն ու իր ՝ մասնագիտությամբ տնտեսագետ կինը՝ Շողիկ Տատինցյանը (կնոջ ծնողները ևս բժիշկներ են եղել) չորս երեխա ունեն, որոնցից երեքը ընտրել են ստոմատոլոգ դառնալու ուղին։ Կարինե Տատինցյանը Չերկիզովսկի մսի վերամշակման գործարանի գլխավոր բժիշկն է։ Բ.գ.դ., դոցենտ Լյուդմիլա Տատինցյանը ԵՊԲՀ-ում վերջերս է պաշտպանել դոկտորական ատենախոսությունը։ Գայանե Տատինցյանը՝ ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի ասիստենտ է, նա նաև ղեկավարում է Տատինցյանների ընտանիքի ստոմատոլոգիական կլինիկան, որը տարիներ առաջ հիմնել է ավագ Տատինցյանը։ Դավիթ Տատինցյանը մասնագիտական գործունեությունը որպես իմպլանտոլոգ շարունակում է Կրասնոդարում։
Պրոֆեսոր Տատինցյանի երկար տարիների մասնագիտական փորձը օրինակելի է այն հայ և օտարերկրացի երիտասարդների համար, ովքեր առաջիկայում պատրաստվում են ստոմատոլոգ դառնալ։


Հեղինակ ` ՏԱԹԵՎԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ ՎԱԼԵՐԻ ՏԱՏԻՆՑՅԱՆԻ անձնական արխիվից և ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲՅԱՆԻ