• Հայ
  • Рус
  • Eng
Ընտանիքի գլխատմանն ականատես տատիկս է ինձ ոգեշնչել՝ ապրելու և երջանիկ լինելու. Կարոլին Ապովյան
Ընտանիքի գլխատմանն ականատես տատիկս է ինձ ոգեշնչել՝ ապրելու և երջանիկ լինելու. Կարոլին Ապովյան
08.02.2018

Տատիկս ականատեսն էր թուրքերի կողմից իր ամբողջ ընտանիքի գլխատմանը: Համալրելով հայդուկների շարքերը՝ նա տղամարդկանց կողքին կռվում էր թուրքերի դեմ... Ամերիկահայ ճանաչված սննդաբան Կարոլին Ապովյանը հպարտ է իր հայկական արմատներով, որոնք մշտապես ոգեշնչել և ուժ են հաղորդել նրան՝ ապրելու, կայանալու և երջանիկ լինելու այլ երկրում:

2017 թվականի դեկտեմբերի 31-ից Բոսթոնի համալսարանի բժշկության դպրոցի պրոֆեսոր, Բոսթոնի բժշկական կենտրոնի Սննդաբանության և Քաշի կառավարման կենտրոնի ղեկավար Կարոլին Ապովյանը համատեղության կարգով նաև Երևանի պետական բժշկական համալսարանի էնդոկրինոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր է:

Պրոֆեսոր Ապովյանը բժշկական կրթությունը ստացել է Նյու Ջերսիի բժշկության և ատամնաբուժության համալսարանում, այնուհետև անցել ռեզիդենտուրա և ստացել սնուցման ու մետաբոլիզմի նեղ մասնագիտացում Հարվարդի բժշկության դպրոցի New England Deaconess բժշկական կենտրոնում:

1998-2000թթ. Կարոլին Ապովյանը եղել է Հարվարդի բժշկության դպրոցի Brigham and Women՛s հիվանդանոցի Քաշի կառավարման ծրագրի ղեկավարը, իսկ 1996-2000թթ. Spence Centers for Women՛s Health-ի քաշի կառավարման և սննդաբանության ծրագրի ղեկավարը:

Բոսթոնի համալսարանում սննդաբանության կրթության զարգացման համար նա American Society of Clinical Nutrition-ի կողմից արժանացել է Physician Nutrition Specialist մրցանակին: Բժիշկը 200-ից ավելի գիտական աշխատանքների և հոդվածների հեղինակ է. դրանք տպագրվել են աշխարհի հեղինակավոր գիտական ամսագրերում:

Վերջերս տպագրվել է նրա The Age-Defying Diet գիրքը: Կարոլին Ապովյանը նաև The Overnight Diet և The ALLI Diet Plan գրքերի հեղինակն է:

1992 թվականից պրոֆեսոր Ապովյանը The Obesity Society-ի անդամ է, որտեղ 2005-2008թթ. աշխատել է կլինիկական խորհրդում, ինչպես նաև գործադիր մարմնում՝ որպես քարտուղար-գանձապահ:

 

- Պրոֆեսոր, ինչպե՞ս կբնորոշեք բժշկությունը մի քանի բառով:

- Բժշկությունը գիտելիքների որոնումն է և մարդկանց օգնելու ձգտումը, որպեսզի նրանք ապրեն ավելի առողջ ու երկար կյանքով:

- Ի՞նչը Ձեզ առաջնորդեց՝ ընտրելու բժշկի մասնագիտությունը:

- Ես ցանկանում էի համատեղել բժշկությունը առողջ ապրելակերպին ուղղված կանխարգելիչ ջանքերի հետ:

- Առանձնացրե՛ք, խնդրում եմ, Ձեր՝ որպես Միացյալ Նահանգներում առաջատար բժշկի առաքելության երեք առաջնահերթությունները:

- Կանխարգելել հիվանդությունը, նպաստել առողջ ապրելակերպին, կատարելագործել այն, ինչ ունենք սննդի առումով:

- Ի՞նչ դժվարություններով է լի Ձեր մասնագիտությունը:

- Իմ մասնագիտության դժվարությունը կայանում է գիտելիքի որոնումը հիվանդի ընկալման և նախասիրությունների հետ հավասարակշռելու, ինչպես նաև այս կամ այն հետազոտության արդյունքները կլինիկական պրակտիկայում կիրառելու մեջ: 

- Ի՞նչ է իրենից ենթադրում Ձեր առաջարկած «Գիշերային դիետան»: Որո՞նք են դրա գլխավոր սկզբունքները:

- Գիշերային դիետա՝ անմիջապես սկսել ավելի առողջ զգալ եւ ունենալ ու պահպանել քաշ կորցնելու այդ հաճելի զգացողությունը:

- Ո՞րն է Ձեր խորհուրդը երիտասարդ բժիշկներին:

- Փորձե՛ք առաջին հերթին մտածել ուրիշների և ձեր ոլորտի, ապա՝ ինքներդ ձեր մասին:

- Կպատմե՞ ք մի փոքր Ձեր անցած հաջողության ճանապարհի մասին: Ի՞նչ դեր է խաղացել հայկական ծագումը Ձեր կարիերայում:

- Իմ տատիկն ականատեսն էր այն բանի, թե ինչպես էին թուրքերը գլխատում նրա ամբողջ ընտանիքին: Համալրելով հայդուկների շարքերը՝ նա տղամարդկանց կողքին կռվում էր թուրքերի դեմ: Այնուհետև տատիկս տեղափոխվեց Միացյալ Նահանգներ և նոր կյանք սկսեց: Նա է ինձ ոգևորել, ուժ ու քաջություն ներշնչել՝ ապրելու և երջանիկ լինելու:

- Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում հանգստանալ: Ինչպիսի՞ հանգիստ եք նախընտրում:

- Վազում եմ, հեծանիվ եմ վարում, լողում եմ: Ես նաև սահոււմ եմ:

- Պրոֆեսոր Ապովյան, եղե՞լ եք արդյոք Հայաստանում: Ինչպիսի՞ տպավորություն ունեք:

- Ես մի քանի անգամ եղել եմ Հայաստանում դասավանդելու և համեղ սնվելու նպատակով: Բայց շատ կուզենայի, որպեսզի հայերը թողնեին ծխելը. դա շատ մեծ վնաս է հասցնում առողջությանը և քայքայիչ հետևանքներ է ունենում:  

 

                                                                     Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան