• Հայ
  • Рус
  • Eng
Յուրաքանչյուր ուսանող իր իրավունքների պաշտպանությունը պետք է գտնի հենց համալսարանում
Յուրաքանչյուր ուսանող իր իրավունքների պաշտպանությունը պետք է գտնի հենց համալսարանում
05.12.2017

ԵՊԲՀ կարմիր դահլիճն այսօր մարդաշատ էր. անցկացվեց ԵՊԲՀ կարգապահական կոմիտեի բաց նիստ ուսանողների, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի  և ղեկավարության մասնակցությամբ:

Կարգապահական կոմիտեի նախագահ, Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը ներկայացրեց դեռևս մարտին ԵՊԲՀ ռեկտորի հանձնարարականով ստեղծված այս կառույցի նպատակն ու առաքելությունը: Նա ընդգծեց, որ աշխարհի առաջատար բուհերում կիրառվող  այս կոմիտեների նպատակն է ուսանողների, առհասարակ բոլոր աշխատակիցների իրավունքների և պարտականությունների ոլորտում առաջացող խնդիրների կանոնակարգումը:

ԵՊԲՀ կարգապահական կոմիտեն կազմված է 12 անդամներից, ովքեր հանձնաժողովային կարգով քննարկում  և որոշումներ են կայացնում ներկայացված ամենատարբեր հարցերի շուրջ:

Միխայիլ Աղաջանովը հայտնեց, որ մարտից առ այսօր կոմիտեն քննարկել է կարգապահական 16 հարց, որից 12-ը վերաբերել է ուսանողներին, 1-ը՝ պրոֆեսորադասախոսական կազմի, իսկ 3-ը՝ ԵՊԲՀ-ի կազմում գործող այլ կառույցների աշխատակիցներին:

Բոլոր դեպքերի վերաբերյալ համալսարանում, հիմնվելով բուհում գործող կանոնակարգերի վրա,  կայացվել են որոշումներ՝ նկատողության, խիստ նկատողության կամ հեռացման տեսքով:

Ռեկտորի հանձնարարությամբ Կարգապահական կոմիտեն հետևել է նաև պետական ավարտական քննությունների ընթացքին, ինչպես նաև  հանդես եկել  ուսումնական և այլ գործընթացների բարելավմանը  վերաբերող մի շարք առաջարկներով: Նիստի ընթացքում ներկայացվեց նաև ԵՊԲՀ-ում մի քանի ամիս առաջ ստեղծված Իրավաբանական կլինիկայի գործունեությունը: Այս կառույցը նույնպես միտված է ուսանողների՝ իրենց իրավունքների և պարտականությունների մասին իրազեկվածության աստիճանի բարձրացմանը, մի շարք խնդիրների լուծմանը: Իրավաբանական կլինիկայի համակարգող Տիգրան Խաչիկյանը  տեղեկացրեց, որ կառույցը երաշխավորում է յուրաքանչյուր հարցի շուրջ գաղտնիության և փոխադարձ վստահության սկզբունքը:

Ուսանողակենտրոն այս կառույցների գործունեության վերաբերյալ կարծիք հայտնեց նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ուսանող իր  իրավունքների պաշտպանությունը պետք է գտնի հենց համալսարանում:

Նա շեշտեց այն միտքը, որ անձի ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի արժանապատվությունը:

Բուհի ղեկավարը նշեց նաև, որ կարգապահական և իրավական հարցեր վեր հանող այս կառույցները կոչված են լուծելու ոչ թե ձևական, այլ ուսանողներին իսկապես անհանգստացնող, լուծման հրատապ անհրաժեշտություն ունեցող խնդիրներ: