• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի հ. 30 ավագ դպրոցը ՀՀ կառավարության 2012 թ. հուլիսի 4-ի N865-Ն որոշմամբ վերակազմակերպվել է և միացել Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանին և 2012 թվականից գործում է որպես ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոց:

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցն իրականացնում է միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրեր: Ուսուցման տևողությունը 3 տարի է՝ 10-12-րդ դասարաններ:

Դպրոցն ապահովում է սովորողի մասնագիտական կրթություն ստանալու, ինքնուրույն կյանքի համար անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերումը։

Դպրոցում իրականացվում է խորացված հոսքային ուսուցում հումանիտար և բնագիտամաթեմատիկական հոսքերով։ Հումանիտար և բնագիտամաթեմատիկական հոսքերը բաժանվում են հետևյալ ենթահոսքերի.

1. Բնագիտամաթեմատիկական հոսք՝

    • Կենսաքիմիական ենթահոսք
    • Տնտեագիտական ենթահոսք

  

 

 

2. Հումանիտար հոսք՝

  • Լեզվաբանական ենթահոսք
  • Պատմաիրավագիտական ենթահոսք

 

 

Հոսքային ուսուցման նպատակն է սովորողների մեջ ձևավորել պատկերացումներ տարբեր մասնագիտությունների վերաբերյալ և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով պատրաստել համապատասխան նախնական գիտելիքներով բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու կողմնորոշմամբ շրջանավարտներ։

Յորաքնչյուր հոսքում ուսուցումը կազմակերպվում է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի պահանջներին համապատասխան։ Կենսաքիմիական ենթահոսքում խորացված ուսումնասիրվում են «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաները, տնտեսագիտական ենթահոսքում՝ «Մաթեմատիկա», «Օտար լեզու», «Աշխարհագրություն» և «Ֆիզիկա», պատմաիրավագիտական ենթահոսքում՝ «Հայոց պատմություն», «Հայոց լեզու» և «Օտար լեզու», լեզվաբանական ենթահոսքում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Օտար լեզու» առարկաները։

«Հերացի» ավագ դպրոցում 2012 թվականին սովորում էին 10-12-րդ դասարանների 252 աշակերտնորը, որոնց թիվը տարեց տարի ավելանում է: 2017–2018 ուստարում դպրոցում սովորում է 627 աշակերտ, որից 453-ը բնագիտամաթեմատիկական հոսքում, իսկ 174-ը հումանիտար հոսքում:

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց կարող են ընդունվել 9-րդ դասարանն ավարտած հիմնական կրթության վկայականով, գիտելիքների առարկայական ստուգմամբ, հարցազրույցով և 5-օրյա ամառային դպրոցի մասնակցությամբ՝ գնահատման 10 միավորային համակարգով:

Դպրոցում գործում է մանկավարժական խորհուրդ, մանկավարժներից կազմված 7 մեթոդական միավորում, աշակերտական խորհուրդ և ծնողական խորհուրդ։ Խորհուրդները և առարկայական մեթոդական միավորումները վեր են հանում ուսումնադաստիարակչական գործընթացում առաջացող խնդիրները, առաջարկում լուծումներ, ինչպես նաև հանդես գալիս տարբեր նախաձեռնություններով։

«Հերացի» ավագ դպրոցում գործում են հետևյալ մասնախմբերը (մեթոդական միավորումները)՝

  • Բնագիտական 1
  • Բնագիտական 2
  • Մաթեմատիկական
  • Հայոց լեզվի և հայ գրականության
  • Օտար լեզուների
  • Պատմական
  • Դասղեկական

Դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքները համակարգվում են փոխտնօրենների կողմից, իսկ մանկավարժական կազմը համալրված է բանիմաց, հմուտ, մեթոդապես զինված, բազմաթիվ վերապատրաստումներ և ատեստավորումներ անցած, ինչպես նաև պետական տարբեր մրցանակների արժանացած, տարակարգ և գիտական կոչումներ ունեցող ուսուցիչներով:

Դպրոցում դասավանդում են թվով 49 մանկավարժներ, որոնցից 41-ն ատեստավորված են, 4-ը ունեն գիտությունների թեկնածուի գիտական կոչում, 5-ն ունեն ուսուցիչների որոկավորման 1-ին աստիճանի տարակարգ, 1-ը՝ 2-րդ աստիճանի տարակարգ:

Ուսուցիչներից 3-ը լավագույն ուսուցիչ մրցությում ՀՀ ԿԳ նախարարի կողմից ստացել են պատվոգրեր և գովասանագրեր:

Մեծ ուշադրություն է դարձվում մանկավարժների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ուսուցիչների համար պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստումներ ԿԱԻ-ի և այլ տեղական, միջազգային կառույցների կողմից, փորձի փոխանակման հանդիպումներ և սեմինարներ այլ դպրոցների ուսուցիչների հետ։

Դպրոցը հանդիսանում է ԴԿՄ անդամ և ակտիվորեն մասնակցում է ուսուցիչների հմտությունների զարգացմանն ուղղված միջոցառումներին։

2017 թվականի հունվարից ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցը ՀՀ ԿԳՆ «Աջակցություն գյուղական դպրոցներից» ծրագրի շրջանակներում որպես մենթոր դպրոց աջակցում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Տրետուք, Կուտական գյուղերի միջնակարգ դպրոցներին և ՀՀ Վայոց ձորի մարզի Ազատեկ գյուղի միջնակարգ դպրոցին:

Դպրոցի աշակերտներն ակտիվ մասնակցում են առարկայական օլիմպիադաներին և հանրապետական փուլում ցուցաբերում են բարձր առաջադիմություն:

2015թ. առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել են 5 աշակերտներ, որոնցից 1 աշակերտ Վիկտոր Բալասյանը ստացել է 2-րդ կարգ և հնարավորություն ստացել մասնակցելու Երևանում կայացած Մենդելեևյան միջազգային օլիմպիադային:

2016թ. առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել են 2 աշակերտներ, որոնցից 1-ը Լաուրա Խաչատուրի Հակոբյանը (ֆրանսերեն առարկայից)ստացել է գովասանագիր:

2017թ. առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել են 5 աշակերտներ, որոնցից 1-ը Էրիկ Հովհաննիսյանը կենսաբանություն առարկայից ստացել է գովասանագիր:

Օլիմպիական շարժման վերածննդի համար համապատասխան նախադրյալների ստեղծման նպատակով «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները նախաձեռնել են քիմիա առարկայի օլիմպիական խմբակ Երևանի հիմնական դպրոցների աշակերտների համար:
Դպրոցի աշակերտներն ակտիվորեն մասնակցում են նաև ԱՅԲ հիմնադրամի կողմից կազակերպվող «Մեղու», «Ռուսական արջուկ», «Կենգուրու» մրցույթներին և «Պատանի քիմիկոս» մրցաշարին:

2017 թվականի ապրիլին դպրոցի «Օգանեսոն» թիմը «Պատանի քիմիկոսներ» համահայկական 7-րդ մրցաշարում գրավեց առաջին տեղը։

Դպրոց ընդունված 10-րդ դասարանների աշակերտների համար գործում է «Անատոմիա» առարկայի խմբակ։

Դպրոցի աշակերտների կողմից իրականացվում են հետազոտական աշխատանքներ, որոնք միտված են խորացնելու աշակերտի գիտելիքները և զարգացնելու հետազոտական, վերլուծական, ստեղծագործական մտածողությունը, ինքնաարտահայտման կարողությունը։ Հետազոտական աշխատանքների պաշտպանությունը կազմակերպվում են անկախ փորձագետների կողմից՝ լավագույն աշխատանքները հետագայում հոդվածների վերածելու նկատառումով։
2017 թվականին ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի12-րդ դասարանի աշակերտ Շուշաննա Աթաջանյանը և կենսաբանության ուսուցչուհի Ռուբինա Հարությունյանը (կենս.գիտ.թեկնածու) հաղթող ճանաչվեցին «Նորարարությունը սկսվում է դպրոցից» խորագրով հետազոտությունների միջազգային մրցույթի հայաստանյան փուլին:

Դպրոցը սերտորեն համագործակցում է կրթական ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների հետ։ Աշակերտների համար կազմակերպվում են քաղաքացիական կրթության դասընթացներ, որոնք նպաստում են աշակերտի՝ որպես երկրի ապագա քաղաքացու արժեքային համակարգի ձևավորմանը։

Դպրոցում գործում է բանավեճի, պատանի երկրապահի և բնապահպանական ակումբ, բացի այդ աշակերտները ընդգրկված են համայնքային հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերում և կամավորական աշխատանքներում։
Մասնագիտական կողմնորոշման նպատակով, նախապես հաստատված ծրագրի համաձայն կազմակերպվում են դասընթացներ, տեղեկատվական և ճանաչողական այցեր տարբեր կազմակերպություններ, արտադրամասեր և բուհեր, հանդիպումներ տարբեր մասնագետների հետ։

ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցում սովորողների դաստիարակչական աշխատանքների կազմակերպման, դեռահասների սոցիալ-հոգեբանկան խնդիրների լուծման,նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացման, հայրենասիրական դաստիարակության, աշակերտների առողջության, վնասակար սովորություններից զերծ մնալու դիրքորոշման, անձնային բարձր որակների ձևավորման, մասնագիտական կողմնորոշման և յուրաքանչյուր սովորողի նկատմամբ անհատական մոտեցման ապահովմանն ուղղված աշխատանքների կազմակերպման նպատակով դպրոցում գործում է դասարանի ղեկավար/համակարգողների ինստիտուտ:

Դպրոցում գործում է դասղեկների մեթոդական միավորում, որը զբաղվում է աշակերտների ուսումնադաստիարակչական և կազմակերպչական խնդիրների վերհանմամբ և աշխատանքային ծրագրերի մշակմամբ: Դպրոցում աշխատում են 10 դասարանի ղեկավար/համակարգողներ, որոնցից յուրաքանչյուրը համակարգում է 2 դասարանի աշխատանք և զբաղվում 2 դասարանի աշակերտների դաստիարակչական հարցերով:

Դասարանի ղեկավարները վերոնշյալ խնդիրների կարգավորման նպատակով իրականացնում են թեմատիկ դասաժամեր, քննարկումներ և արտադպրոցական տարաբնույթ այցեր՝ ուղղված սովորողների ճանաչողության և գիտելիքների զարգացմանը, հայրենասիրական դաստիարակությանն ու ազգային ինքնագիտակցության բարձրացմանը, ազգային արժեքների պահպանմանը։ Արտադպրոցական այցեր են կազմակերպվում պատմամշակութային վայրեր, թանգարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ, բուհեր և զորամասեր։

Հանդիպումներ են կազմակերպվում ազատամարտիկների, մերօրյա հերոսների, գիտնականների և ազգային գործիչների հետ:

Դպրոցը, կարևորելով ապագա քաղաքացիների դերը հասարակության կայացման գործընթացում, մեծ տեղ է հատկացնում աշակերտական խորհուրդին և աջակցում ինքնավար գործունեությանը: Աշակերտական խորհուրդը կազմում ընդգրկված են 80 աշակերտներ։Աշակերտական խորհուրդը ձևավորել է տարբեր խնդիրներով զբաղվող հանձնախմբեր՝ կրթական, մշակութային, առողջապահական, իրավական, ռազմահայրենասիրական, առողջապահական, կարգապահական, ուսումնադաստիարակչական և սոցիալական։

Աշակերտական խորհուրդը հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, որոնցից հատկանշական է բարեգործական միջոցառումների կազմակերպումը:

Դպրոցի ծնողական համայնքը բավականին ակտիվ է և մասնակցում է դպրոցի ներքին առօրյային և հանդես է գալիս նախաձեռնություններով։ Յուրաքանչյուր դասարանում ծնողական համայնքից ձևավորված է 3 անդամից կազմված խորհուրդ, որոնցից մեկը դպրոցի ծնողական խորհրդի նախագահն է։ Դպրոցի տնօրենի կամ խորհրդի նախագահի առաջարկությամբ հրավիրվում են խորհրդի ժողովներ, որտեղ քննարկվում են դպրոցի առաջընթացին և սովորողների դաստիարակությանն ուղղված տարբեր խնդիրներ։

Դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքների համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ավագ դպրոցի աշակերտների մասնագիտական ճիշտ կողմնորոշմանն ուղղված գործունեությունը: Ողջ ուսումնական տարվա ընթացքում, ըստ նախապես հաստատված ծրագրի և ձեռք բերված համաձայնագրերի, կազմակերպվում են այցեր և գործնական աշխատանքներ տարբեր կառույցներ և հաստատություններ: Աշնանային և գարնանային արձակուրդների շրջանում 10 և 11-րդ դասարանների աշակերտները մասնագիտական կողմնորոշմանն ուղղված աշխատանքներ են իրականացվում հիվանդանոցներում, բանկերում, արտադրամասերում, հաշվապահական և իրավաբանական գրասենյակներում, դատարաններում, միջազգային կառույցներում, բուհերում, ինչպես նաև հանդիպումներ են կազմակերպվում տարբեր մասնագիտությունների կրողների հետ:

Կարևոր է առանձնացնել այն փաստը, որ դպրոցի աշակերտների շրջանում տարեցտարի աճում է կրթությունը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակողների թիվը: Դիցուք.

  • 2014-2015 ուստարում 137 շրջանավարտներից բուհ են ընդունվել 113-ը
  • 2015-2016 ուստարում` 146-ից բուհ են ընդունվել 127-ը
  • 2016-2017 ուստարում բոլոր 152 շրջանավարտները ընդունվել են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Աշակերտների շրջանում աշխատանքային դաստիարակության միտումով կազմակերպվում են կամավորական աշխատանքներ, ինչպես, օրինակ`մասնակցությունը բերքահավաքներին և գրադարաններում գրքերի վերանորոգման աշխատանքներին: Դպրոցի աշակերտական խորհուրդը յուրաքանչյուր տարի մեծ շուքով նշվում է կամավորության միջազգային օրը :

Դպրոցը սկզբունքային մոտեցում ունի բարեգործությանը` համարելով, որ ապագա սերնդի դաստիարակության գործում կարևոր առաքելություններից է բարի կամքի, մարդասիրական արժեքների ձևավորումը: Յուրաքանչյուր տարի դպրոցում կազմակերպվում են տարաբնույթ բարեգործական միջոցառումներ`աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառք, բարեգործական համերգ, որոնք նպաստում են երեխաների` իրենց շրջապատին օգտակար լինելու պատրաստակամության մեծացմանը: Բարեգործական միջոցառումների ընթացքում կազմակերպվում են այցեր հիվանդանոցներ, մանկատներ, սոցիալապես անապահով ընտանիքներ, սահմանամերձ գյուղեր:

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...