• Հայ
  • Рус
  • Eng

 Արյան դոնորությունը մարդասիրական կամավոր քայլ է և փրկում է մարդկային կյանքեր: Արյանը փոխարինող որևէ միջոց չկա, այդ իսկ պատճառով Ձեր հանձնած արյունը անգին է: Մեր առաքելությունն է ապահովել արյան բաղադրիչների որակյալ մատակարարումը մեր կողմից սպասարկվող կազմակերպություններին՝ բավարարելով նրանց կարիքները և պահպանելով անվտանգության ու էթիկայի չափանիշները:

Հաշվի առնելով արյունաբանական կետի կարևորությունը և անհրաժեշտությունը Երևանի կենտրոնում՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում 2017 թվականի հունիսի 14-ին՝ Արյան դոնորի միջազգային օրը, բացվեց Արյունաբանական կետ: Կենտրոնում արյան նվիրատվություն առաջինը կատարեցին և կամավոր դոնորության կարևորության մասին բարձրաձայնեցին բժշկականի ուսանողները և բուժանձնակազմը:

Նշենք, որ Արյունաբանական կետ ստեղծելու նախաձեռնությունը պատահական չէ: Այն նպատակ ունի անհրաժեշտ բժշկական օգնությունն առավել օպերատիվ իրականացնել, ինչպես նաև արյան բաղադրամասերի պահպանման համար ապահովել համապատասխան պայմաններ:

Նոր կետը տեղակայված է մայրաքաղաքի ամենահին համալսարանական հիվանդանոցի լաբորատոր մասնաշենքում, հագեցած է ժամանակակից սարքավորումներով: Արյունաբանական կետ ունենալը երկու խնդիր է լուծում. նախ համալսարանական հիվանդանոցն ապահովվում է արյան պաշարով և երկրորդ անհրաժեշտության դեպքում նաև կարող է տրամադրել:

Արյունաբանական կետում աշխատում է վերապատրաստում անցած մասնագետների թիմ, բոլոր պայմանները հարմարեցված են միջազգային չափանիշներին:

Բժիշկներն ու ապագա բժիշկները վստահ են, որ կամավոր դոնորությունը հնարավորություն է տալիս ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող մարդկանց բուժվել, այլ նաև ուժ է տալիս այդ մարդկանց ընտանիքի անդամներին և բժիշկներին, ինչպես նաև արյան կամ արյան բաղադրիչների փոխներարկումներն ամեն տարի հնարավորություն են տալիս պահպանել բազմաթիվ կյանքեր:

Եթե ցանկանում եք լինել դոնոր կամ ունեք հարցեր, ապա կարող եք կապ հաստատել մեզ հետ զանգահարելով 011 621 000 (441) կամ գրելով էլ. նամակ heratsibloodcenter@gmail.com հասցեին:

Ցավոք, ոչ բոլորը կարող են լինել դոնոր, և Ձեր ժամանակը խնայելու նպատակով մենք ստեղծել ենք օնլայն հարցաթերթիկ: Այն կօգնի մեզ հասկանալ արդյոք Դուք համապատասխանում եք պահանջներին: Այն լրացնելուց հետո Դուք կստանաք տեղեկություններ հետագա գործողությունների մասին:

Հարցաթերթիկ

Շնորհակալ ենք մեզ միանալու համար:

 

Վերջին 365 օրում կատարված և առաջիկա 365 օրում կատարվելիք աշխատանքների մասին

13.07.2019