• Հայ
  • Рус
  • Eng

Շուրջ 2 տարվա հետևողական աշխատանքներից և բանակցություններից հետո ՀՀ կառավարությունը 1920թ. հոկտեմբերի վերջին ընդունում է «Համալսարանում բժշկական ֆակուլտետի մասին օրենքը»: Մեկ տարի անց՝ 1921թ. նոյեմբերի 3-ին, Երևանի քաղաքային հիվանդանոցին առընթեր բացվում է բժշկական կադրերի պատրաստման դպրոցը: 1922թ. մարտին Երևանի բժշկական դպրոցի բազայի վրա հիմնվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը: Դեկան է նշանակվում բժիշկ Սպանդարատ Կամսարականը: Բժշկական ֆակուլտետի հիմնադրման և նրա աշխատանքների բարելավման գործում նշանակալի ծառայություններ են մատուցել խորհրդահայ բժիշկների ավագ սերնդի ներկայացուցիչները և ֆակուլտետի առաջին դասախոսներ՝ Վահան Արծրունին, Գրիգոր Արեշյանը, Լևոն Հովհաննիսյանը, Արշակ Հակոբյանը, Համբարձում Քեչեկը, Աբգար Իսահակյանը, Գրիգոր Մեդ¬նիկյանը, Փայլակ Հակոբյանը, Եղիշե Շեկ-Հովսեփյանը և ուրիշներ:
Բժշկական ֆակուլտետի համար սկզբնական շրջանում ուսումնական բազան անատոմիաֆիզիոլոգիական ինստիտուտն էր: 1927 թ.-ին կառուցվում է անատոմիական մասնաշենքի մի մասը, որտեղ տեղափոխվում են տեսական ամբիոնները: 1930 թ-ին կառուցվում է կենսաքիմիական մասնաշենքի մի մասը: 1931-32 թթ-ին ամբողջովին շահագործման է հանձնվում անատոմիկումի մասնաշենքը, որտեղ տեղակայվում են մորֆոլոգիական և դատական բժշկության ամբիոնները: 1922-30 թթ-ին բժշկական ֆակուլտետի ուսանողների համար հրատարակվում է 17 դասագիրք: Մայրենի լեզվով առաջին դասագրքերի հեղինակները Վ. Արծրունին («Մարդու անատոմիա») և Ա. Հակոբյանն էին («Մարդու նորմալ ֆիզիոլոգիա»): 1927-ին բարձրագույն բժշկական հաստատությունը տալիս է իր առաջին 32 շրջանավարտը:1930-ին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ պետական համալսարանի ֆակուլտետների հիման վրա ստեղծվում են ինքնուրույն ինստիտուտներ, այդ թվում և պե¬տա¬կան բժշկականը: Բժշկական ինստիտուտի առաջին ռեկտոր (դիրեկտոր) է նշանակվում Հակոբ Հովհաննիսյանը, որը 1922-30-ին զբաղեցնում էր պետհամալսարանի ռեկտորի պաշտոնը:
Մինչև 1931-ը բուհն ուներ միայն բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետ:
1931-32 ուստարում բացվում է սանիտարահիգիենիկ ֆակուլտետը, 1939-ին` բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետի ռուսական բաժինը, քանի որ ինստիտուտ ընդունվելու էին գալիս խորհրդային այլ հանրապետությունների ռուսական կրթությամբ հայ երիտասարդներ:
1936-ին ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ ինստիտուտին ատենախոսությունների պաշտպանության իրավունք է տրվում:
1947 թ.-ին ստեղծվում է ուսանողական գիտական ընկերությունը` ուսանողների շրջանում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու ձգտումը զարգացնելու և ապագա մանկավարժական կադրերի ընտրության գործն ավելի դյուրին դարձնելու նպատակով: Ամբիոններին կից ձևավորվում են գիտական խմբակներ:
1930 թ.-ին հիմնադրվում է գիտական գրադարանը: 1958 թ.-ին հրատարակվում է «Ապագա բժիշկ» թերթը, որը մինչ օրս լուսաբանում է համալսարանի կյանքը: Հետագայում ստեղծվում է նաև ինստիտուտի տպարանը, որի շնորհիվ ամբիոններն ապահովվում են մեթոդական և ուսումնական անհրաժեշտ նյութերով:
1957 թ.-ին սփյուռքահայ երիտասարդությանը հնարավորություն է տրվում բժշկական բարձրագույն կրթություն ստանալ մայր հայրենիքում: Ստեղծվում է արտասահմանցի ուսանողների բաժինը։ 1985 թ.-ից ինստիտուտում սովորելու են գալիս նաև այլազգիներ` արաբներ, հնդիկներ, պարսիկներ և այլք:
1958-ին ինստիտուտում ստեղծվում է բժիշկների կատարելագործման ֆակուլտե¬տն՝ իր ամբիոններով, որի հիման վրա էլ 1963 թ.-ին հիմնադրվում է բժիշկների կատա¬րե¬լա¬գործման Երևանի համամիութենական ինստիտուտը (ներկայումս՝ Առող¬ջա¬պա¬հու¬թյան ազգային ինստիտուտը): Վերջինիս կրթական բաղադրիչը կառավարության որոշմամբ 2011 թ.-ին միավորվում է բժշկական համալսարանի կրթական համակարգին:
Հանրապետությանը որակյալ մանկաբույժներով ապահովելու նպատակով 1958 թ.-ին հիմնադրվում է մանկաբուժական ֆակուլտետը:
1961-ին հիմնադրվում է ստոմատոլոգիական ֆակուլտետը` իր ամբիոններով, իսկ 1964-ին` գիտահետազոտական լաբորատորիան (1992-ից` գիտահետազոտա¬կան կենտրոն):
1972 թ.-ին հիմնադրվում է դեղագիտական ֆակուլտետը:
1975 թ.-ին ստեղծվում է նախապատրաստական բաժանմունքը, որտեղ, դասընթացներ անցնելով, ինստիտուտ էին ընդունվում հիմնականում արտադրությունից եկած և խորհրդային բանակից զորացրված երիտասարդները:
Հայաստանի նախարարների խորհրդի 1989թ. մայիսի 25-ի որոշմամբ Երևանի բժշկական ինստիտուտը անվանակոչվում է միջնադարի մեծ բժշկապետ ու մտածող Մխիթար Հերացու անունով:
1992-ին ինստիտուտի ուսանողների նախաձեռնությամբ կազմավորվում է ուսանողական խորհրդարանը, որը կարևոր դեր ունեցավ ներբուհական աշխատանքների կազմակերպման գործում:
Ժամանակի հրամայականով 1992 թ.-ին, երբ Հայաստանը հայտնվեց չհայտարարված պատերազմի մեջ, անհրաժեշտություն առաջացավ պատրաստելու զինվորական բժիշկներ: 1994 թ.-ին ինստիտուտի` երկու տարի առաջ ստեղծված ռազմական ամբիոնի բազայի վրա հիմնադրվում է ռազմաբժշկական ֆակուլտետը:
Նկատի ունենալով Երևանի բժշկական ինստիտուտի մեծ ու ծանրակշիռ ներդրումը բժշկական կադրեր պատրաստելու և բժշկագիտության զարգացման գործում` ՀՀ կառավարությունը 1995 թ.-ին կրթօջախին շնորհվեց համալսարանի կարգավիճակ: Ապագա բժիշկների պատրաստումն ու հետդիպլոմային ուսուցումը լավագույնս կազմակերպելու նպատակով կառավարության 1995թ. մարտի 15-ի որոշմամբ բժշկական համալսարանի ենթակայությանն է հանձնվել վերջինիս հարևանությամբ գործող հիվանդանոցային ողջ համալիրը:
1997 թ.-ին բժշկական համալսարանում հիմք դրվեց դասախոսների որակավորման բարձրացման գործընթացին:
1999-2000 ուստարում բուժական, մանկաբուժական և բժշկականխարգելման ֆակուլտետները միավորվեցին մեկ` ընդհանուր բժշկության ֆակուլտետի կազմում:
2006-2007 ուսումնական տարվանից ԵՊԲՀ-ն անցնում է երկաստիճան կրթական համակարգի՝ ինչը պայմանավորված էր ՀՀ-ում կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներով։ Սակայն հետագայում, հաշվի առնելով բժշկական մասնագիտությունների առանձնահատկությունները, միջազգային փորձը և դիպլոմի ճանաչելիության կարևորությունը, այդ մասնագիտությունների համար անցում կատարվեց անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսուցման:
2010 թ.-ին առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող բժիշկներ ու դեղագետներ պատրաստելու նպատակով համալսարանում բացվում է հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը։
2011 թ.-ին հիմնադրվում է հանրային առողջության ֆակուլտետը՝ մագիստրոսական կրթական ծրագրով:
2014 թ.-ի դեկտեմբերին պաշտոնապես բացվեց և գործարկվեց սիմուլյացիոն ուսումնական կենտրոնը:
2015 թ.-ի փետրվարի 21-ին տեղի ունեցած «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի նիստում որոշում է կայացվում Երևանի պետական բժշկական համալսարանին շնորհել ինստիտուցիոնալ հավատարմագրում:
2018 թ.-ի մայիսին պաշտոնապես բացվեց ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնը:
Կրթօջախն իր վեհ մարդասիրական առաքելությանը համապատասխան՝ 98-ամյա պատմության ընթացքում պատրաստել է բարձր որակավորում ունեցող առողջապահության ոլորտի հազարավոր մասնագետներ: ԵՊԲՀ թե՛ հայ, թե՛ արտասահմանցի շրջանավարտները պատվով են ներկայացնում համալսարանը աշխարհի բոլոր անկյուններում՝ չխզելով կապը բժշկական մայր բուհի հետ: Որակյալ կադրեր պատրաստելու, կրթական, գիտական, առողջապահական ոլորտներում ձեռքբերումների և ավանդույթների, ժամանակի պահանջին համահունչ զարգանալու և միջազգայնացման շնորհիվ բուհը ճանաչված է բոլոր աշխարհամասերում:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր