• Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ գրադարանը բժշկական բնույթի առաջին գրադարանն է հանրապետությունում: Այն հիմնադրվել է 1930թ.-ին, երբ Երևանի պետական համալսարանի գրադարանի բժշկական գրականությունը (5500 գիրք) փոխանցվել է բժշկական ինստիտուտին:

Գրադարանի ստեղծման, ինչպես նաև հետագա 43 տարիների ղեկավարման շնորհակալ գործը կապված է Եվա Միսկարյանի անվան հետ: Նրա շնորհիվ գրադարանը դարձավ բուհական առաջնակարգ գրադարաններից մեկը հանրապետությունում:

1946թ. ջրհեղեղը մեծ վնասներ հասցրեց գրադարանին` ոչնչացնելով գրականության մեծ մասը (67 հազար միավորից փրկվեց 13 հազարը):

Հետագա տասնամյակների ընթացքում գրադարանը կարողացավ ձևավորել ուսումնական, կենսաբժշկական, տեղեկատվական բնույթի լավագույն հավաքածու, որն այժմ ընդգրկում է 500 հազար միավորից ավել գրականություն:

Ստեղծման օրվանից առ այսօր գրադարանն աշխատում է բժշկական համալսարանի ուսումնական, գիտական գործընթացին համահունչ։ Այն իր բազմաբնույթ ծառայություններն ու գրքային հարստությունը տրամադրում է շուրջ 6 հազար այցելուների` ուսանողությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ասպիրանտներին, օրդինատորներին, մագիստրոսներին, առողջապահության համակարգի աշխատակիցներին:

Գրքային հարստությունն իր մեջ ներառում է.

  • գրապահոցը (մենագրություններ, գիտական աշխատություններ, սեղմագրեր, ատենախոսություններ, պարբերական մամուլ),
  • ուսումնական գրականությունը,
  • օտարալեզու գրականությունը (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն),
  • երկու ընթերցասրահների ուսումնական, տեղեկատվական բնույթի գրքերը։

Առանձին հոգածությամբ են պահպանվում առաջին դասագրքերը և երախտավոր բժիշկների մակագրությամբ գրքերը:

Գրադարանն արդյունավետորեն համագործակցում է ուսումնական մասի, ամբիոնների, դեկանատների, ուսանողական խորհրդարանի հետ:

Գրքային ֆոնդը պարբերաբար համալրվում է նոր, ժամանակակից գրականությամբ, որն իրագործվում է գնումների, նվիրատվությունների նաև համալսարանի կողմից հրատարակվող դասագրքերի և ուսումնամեթոդական ձեռնարկների միջոցով: Նվիրատուները հիմնականում բժշկական համալսարանի շրջանավարտներն են:

Համալսարանի հանդեպ ունեցած երախտագիտության արդյունք է նաև ամերիկահայ բժիշկ-շրջանավարտների նվերը համալսարանին՝ 80 նստատեղով ընթերցասրահի վերանորոգումը:

Գրադարանային ֆոնդում կարևոր տեղ է գրավում նաև մասնագիտական պարբերական մամուլը, որն այսօր ընդգրկում է հանրապետական և ՌԴ շուրջ 80 ամսագրեր և թերթեր:

ԵՊԲՀ-ի գրադարանը, հանրապետության 15 խոշոր այլ գրադարանների հետ, մասնակցում է Հայկական միացյալ գրադարանային ավտոմատացված ցանցի համալիր ծրագրի աշխատանքներին, որի շնորհիվ իրականացվում է գրքային ֆոնդի էլեկտրոնային քարտարանի ստեղծումը:

http://www.armunicat.am:8991//ARMA հղումը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել մանրամասն տեղեկություններ փնտրվող գրքի մասին։

Գրադարանն ապահովված է «Վայ-ֆայ» ինտերնետային կապով:

Գրադարանի վարիչն է Արմինե Հովհաննեսի Հարությունյանը:

Գրադարանից օգտվելու կարգը

Գրադարանից օգտվելու իրավունք ունեն համալսարանի աշխատակիցներն ու ուսանողները:

Աշխատակիցներին գիրքը տրվում է մեկ ամիս ժամկետով: Պահանջ չլինելու դեպքում կարելի է ժամկետը երկարացնել:
Ուսանողներին դասագրքերը տրվում են ուսումնական ծրագրերին համապատասխան` մինչև առարկայի ավարտը: Գիտական գրականությունից կարող են օգտվել ընթերցասրահում:

Գիրքը ժամանակին չվերադարձնելու դեպքում ընթերցողը չի սպասարկվում մինչև գրքի վերադարձը:

Գիրքը կորցնելու կամ վնասելու դեպքում ընթերցողից պահանջվում է նույն գրքից կամ գրադարանին անհրաժեշտ համարժեք այլ գիրք:

Հանրապետության պետական բուհերի ուսանողները, այլ կազմակերպությունների աշխատակիցները կարող են օգտվել ընթերցասրահից միայն ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի համաձայնության դեպքում:

Գրադարանն աշխատում է՝

Օրեր Ժամեր
երկուշաբթի-ուրբաթ 09:00 – 17:00
շաբաթ 09:00 – 15:00
Ընթերցասրահն աշխատում է՝

Օրեր Ժամեր
երկուշաբթի-ուրբաթ 09:00 – 20:00
շաբաթ 09:00 – 15:00

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...