• Հայ
  • Рус
  • Eng

Հարց՝ Ինչպե՞ս կարող եմ դիմել Համալսարանի իրավաբանական կլինիկա:

Պատասխան՝ Իրավաբանական կլինիկա ներկայացվող դիմումի ձևն առկա է «Իրավաբանական կլինիկան համալսարանում» ենթաբաժնում: Անհրաժեշտ է լրացնել դրանում պահանջվող տեղեկությունները և դիմումը ներկայացնել Իրավաբանական կլինիկայի համակարգող Տիգրան Խաչիկյանին: Դիմումատուն պարտավոր է նշել իր անունը, ազգանունը, ֆալուլտետը, կուրսը, էլեկտրոնային փոստի տվյալները, հեռախոսահամարը, ձևակերպել իրավական բնույթի խնդիրը և խնդրանքը: Դիմումները ներկայացվում են անմիջականորեն Իրավաբանական կլինիկայի համակարգողին:

 

Հարց՝ Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում Համալսարանի իրավաբանական կլինիկան:

Պատասխան՝ Իրավաբանական կլինիկայի գործելակերպի սկզբունքներն են՝ խորհրդապահությունն ու վստահությունը: Կլինիկային հայտնած տեղեկությունները գաղտնի են: Բացի այդ, կլինիկան հանդես է գալիս բարձրացված խնդիրը բացառապես իրավական դաշտում ուսումնասիրող կառույցի կարգավիճակում և դրա արդյունքում տալիս է համապատասխան իրավաբանական խորհրդատվություն:

 

Հարց՝ Ո՞ր փաստաթղթում կարելի է ծանոթանալ Համալսարանի կողմից տրամադրվող ուսումնական զեղչերին:

Պատասխան՝ Համալսարանի կողմից տրամադրվող ուսումնական զեղչերը կարգավորվում են Համալսարանի գիտական խորհրդի 24.05.2017թ. որոշմամբ հաստատված «Ուսման վճարի փոխհատուցման (զեղչերի) մասին կանոնակարգով, որը տեղադրված է «Ուսանողակենտրոն փաստաթղթեր» բաժնում:
Բացի այդ, բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը կանոնակարգվում է նաև ի կատարումն «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին և 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին համապատասխան ընդունված ՀՀ Կառավարության 27.07.2006թ. № 1183-Ն որոշման շրջանակներում, որը նույնպես տեղադրված է «Ուսանողակենտրոն փաստաթղթեր» բաժնում:

 

Հարց՝ Պատասխանատվության ինչպիսի՞ միջոցներ կարող են կիրառվել կարգազանց սովորողի նկատմամբ:

Պատասխան՝ Համալսարանի սովորողների նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները և դրանց կիրառման ընթացակարգը կարգավորված են «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վարքագծի կանոնները հաստատելու մասին» Համալսարանի ռեկտորի 23.10.2017թ. թիվ 108Մ հրամանով, որը տեղադրված է «Ուսանողակենտրոն փաստաթղթեր» բաժնում: Նշված հրամանի համաձայն՝ սովորողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական պատասխանատվության հետևյալ միջոցները՝ նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն և Համալսարանից հեռացում:

 

Հարց՝ Որո՞նք են ուսանողին Համալսարանից հեռացնելու հիմքերը:

Պատասխան՝ Համալսարանից ուսանողին (սովորողին) հեռացնելու հիմքերը մատնանշված են «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության և գիտության նախարարի 17.11.2011թ. № 1242-Ն որոշմամբ, որը տեղադրված է «Ուսանողակենտրոն փաստաթղթեր» բաժնում: Նշված որոշման համաձայն՝ Ուսանողը հեռացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունից.
1. ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով՝ կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու դեպքում.
2. բուհի կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքերում.
3. բուհի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում:

 

Հարց՝ Սովորողին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս գիտելիքների ստուգման դրական արդյունքները կարող են արդյոք չեղյալ հայտարարվել:

Պատասխան՝ Սովորողի նկատմամբ «Խիստ նկատողություն» կարգապահական պատասխանատվության միջոցը գիտելիքների ստուգման գործընթացում կատարված կարգապահական խախտումների դեպքում կարող է ուղեկցվել նաև գիտելիքների ստուգման դրական արդյունքների չեղարկմամբ, ինչպես նաև Համալսարանի իրավական ակտերով նախատեսված ուսման զեղչի կամ կրթաթոշակ ստանալու իրավունքի դադարեցմամբ: Կարգապահական պատասխանատվության մյուս միջոցների կիրառման պարագայում նման ընթացակարգ նախատեսված չէ:

 

 

 

 

 

Արյան կենտրոնը կկոչվի Մարկ Սաղաթելյանի անունով

01.08.2018
Մարկի ընկերներն ու հարազատները արյուն են հանձնել Արյան կենտրոնում: