• Հայ
  • Рус
  • Eng

Մինչև Հայաստանի առաջին հանրապետության ստեղծումը հայ երիտասարդները կրթություն էին ստանում Ռուսաստանի և Եվրոպայի համալսարաններում:

Ինչպես ցանկացած պետությունում, Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարությունը ևս բազմաթիվ լուրջ հիմնախնդիրների հետ մեկտեղ առաջնահերթ ուշադրության է արժանացնում երկրի հոգևոր կյանքի, մասնավորապես` կրթության գործի զարգացմանը:

Հայաստանում բուհի բացումն օրախնդիր է դառնում հատկապես Վրաստանի մասնավոր համալսարանի փակումից հետո:

1919 թ. մայիսի 16-ին ՀՀ նախարարների խորհուրդը որոշում է ընդունում Երևանում հիմնել համալսարան 4 բաժիններով` պատմալեզվաբանական, տնտեսաիրավաբանական, բժշկական, ֆիզիկամաթեմատիկական` տեխնիկական ստորաբաժանումներով:

Նախատեսվում է 1919-1920 ճեմարանական տարում առաջին հերթին բացել պատմալեզվաբանական բաժինը:

1920 թ. հունվարի 31-ին համալսարանը ժամանակավորապես բացվում է Ալեքսանդրապոլի առևտրական դպրոցի շենքում, քանի որ Երևանում համապատասխան շենքային պայմաններ չկային: Բացման հանդիսությանը ներկա էին հանրապետության վարչապետ Ա. Խատիսյանը, մշակույթի ու հանրային կրթության նախարար Ն. Աղբալյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից և այլ երկրներից: Նոր ուսումնական տարվանից համալսարանը տեղափոխվում է Երևանի ուսուցչական սեմինարիայի շենք և կոչվում Հայաստանի ժողովրդական համալսարան, իսկ 1922-ից` պետական համալսարան:

Հայաստանն այդ տարիներին ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական ու սանիտարահամաճարակային անմխիթար պայմաններում էր: Գրեթե ողջ բնակչությունը զրկված էր ամենապարզ բուժօգնություն ստանալու հնարավորությունից: Այդ իսկ պատճառով հետևողական աշխատանք էր տարվում բժշկական ֆակուլտետի բացման ուղղությամբ:

1920-ի հոկտեմբերի վերջին նախարարապետ Հ. Օհանջանյանի և հանրային կրթության նախարար Գ. Ղազարյանի ստորագրությամբ ընդունվում է որոշում` «Համալսարանում բժշկական ֆակուլտետի մասին»: Սակայն քաղաքական հանգամանքների բերումով այն կյանքի չի կոչվում:

1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանը հռչակվում է խորհրդային հանրապետություն:

Երկրորդ հանրապետության հեղկոմի 1920 թ. դեկտեմբերի 22-ի դեկրետով ստեղծվում է առողջապահության ժողկոմատ: Վերջինիս որոշմամբ 1921 թ. նոյեմբերի 3-ին Երևանի քաղաքային հիվանդանոցին առընթեր բացվում է բժշկական կադրերի պատրաստման դպրոցը: Փաստորեն, Հայաստանում դա առաջին ուսումնական հաստատությունն էր, որտեղ պետք է բժշկական կադրեր պատրաստվեին: Դպրոցի ուսումնական ծրագրերը համապատասխանեցված էին բարձրագույն կրթական պահանջներին: Սակայն ուսումնական կանոնավոր գործընթացի ապահովման համար անհրաժեշտ պայմաններ չկային:

1922 թ. մարտին Երևանի բժշկական դպրոցի բազայի վրա հիմնվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը: Դեկան է նշանակվում առողջապահության հմուտ կազմակերպիչ, բժշիկ Սպանդարատ Կամսարականը: Ուսումնական գործընթացը կազմակերպվում էր մեծ դժվարություններով. դասախոսությունների ու գործնական պարապմունքների համար չկային լսարաններ, լաբորատորիաներ, կլինիկական հիվանդանոցներ, բժշկական սարքավորումներ ու գործիքներ, դասագրքեր, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած էր ընդամենը 6 հոգուց:

Բժշկական ֆակուլտետի համար սկզբնական շրջանում ուսումնական բազա է դառնում Անատոմաֆիզիոլոգիական ինստիտուտը, որը տեղակայված էր նվազագույն հարմարություններից զուրկ մի խղճուկ շենքում: Այստեղ մի կերպ տեղավորվում են նորմալ անատոմիայի, ֆիզիոլոգիայի և հյուսվածաբանության ամբիոնները: Ախտաբանական անատոմիայի ամբիոնը ժամանակավորապես տեղավորվում է քաղաքային 2-րդ հիվանդանոցի հերձարանում, իսկ ֆարմակոլոգիայի ամբիոնը` քաղխորհրդի մշակույթի տան սենյակներից մեկում:

1922-27թթ.-ին հիմնականում ավարտվում է ինչպես տեսական, այնպես էլ` կլինիկական ամբիոնների կազմավորումը:

1927-ին կառուցվում է անատոմիական մասնաշենքի մի մասը, ուր տեղափոխվում են տեսական ամբիոնները, իսկ Անատոմաֆիզիոլոգիական ինստիտուտը լուծարվում է:

Արձագանքելով հայրենիքի կոչին` հայ անվանի բժիշկներ` պրոֆեսորներ Համբարձում Քեչեկը, Գրիգոր Մեդնիկյանը, Խաչատուր Արխիպյանցը, Հովնան Գաբրիելյանը, Արտաշես Մելիք-Ադամյանը, Անդրեաս Արզումանյանը և ուրիշներ, համալրում են ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը։ 1930-ին նրանց թիվը հասնում է 102-ի:

1930-ին կառուցվում է կենտրոնական կենսաքիմիական մասնաշենքի մի մասը, որտեղ տեղավորվում են տեսական ամբիոններն ու ինստիտուտի ղեկավարությունը:

1931-32թթ.-ին ամբողջովին շահագործվում է անատոմիկումը, որտեղ տեղավորվում են մորֆոլոգիական և դատական բժշկության ամբիոնները:

Բժշկական ֆակուլտետի հիմանդրման ու կայացման գործում նշանակալի ծառայություններ են ունենում Առժողկոմ Սեմյոն Լազարևը, Լուսժողկոմ Ասքանազ Մռավյանը, համալսարանի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանը, ինչպես նաև խորհրդահայ բժիշկների ավագ սերնդի ներկայացուցիչներ, ֆակուլտետի առաջին դասախոսներ Վահան Արծրունին, Սպանդարատ Կամսարականը, Գրիգոր Արեշյանը, Լևոն Հովհաննիսյանը, Արշակ Հակոբյանը, Համբարձում Քեչեկը, Աբգար Իսահակյանը, Գրիգոր Մեդնիկյանը, Փայլակ Հակոբյանը, Եղիշե Շեկ-Հովսեփյանը և ուրիշներ:

Ֆակուլտետի ստեղծումն ամուր հիմքերի վրա է դնում առողջապահության կազմակերպման ու բժշկագիտության զարգացման գործը:

Որոշ կլինիկական նեղ մասնագիտությունների գծով հանրապետությունում չկային ստացիոնար բաժանմունքներ, որտեղ ուսանողները կարողանային մասնակցել հիվանդների ախտորոշման, խնամքի և բուժման աշխատանքներին: Վիրաբուժական ամենամեծ բաժանմունքը հանրապետական առաջին հիվանդանոցում էր` 28 մահճակալով: Դժվարություններից մեկն էլ այն էր, որ դասավանդումը կատարվում էր մայրենի լեզվով, սակայն հայերեն դասագրքեր չկային: Իսկ առանց հայերեն բժշկական տերմինների հնարավոր չէր թարգմանել այլ լեզուներով գոյություն ունեցող դասագրքերը կամ գրել դասագրքեր: Դա նկատի ունենալով` որոշ գիտնականներ սկսում են աշխատել այդ ուղղությամբ: 1924-ին հրատարակվում է Վ. Արծրունու «Ռուս-լատին-հայերեն» բժշկագիտական բառարանը` շուրջ 19 հազար բառով:

1922-30թթ.-ին բժշկական ֆակուլտետի ուսանողների համար հրատարակվում է 17 դասագիրք: Մայրենի լեզվով առաջին դասագրքերի հեղինակները Վ. Արծրունին («Մարդու անատոմիա») և Ա. Հակոբյանն («Մարդու նորմալ ֆիզիոլոգիա») էին:

1927-ին բարձրագույն բժշկական հաստատությունը տալիս է իր առաջին 32 շրջանավարտը:

1930-ին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ` պետական համալսարանի ֆակուլտետների հիման վրա ստեղծվում են ինքնուրույն ինստիտուտներ, այդ թվում և պետական բժշկականը: Բժշկական ինստիտուտի առաջին ռեկտորն (դիրեկտոր) էր 1922-30թթ.-ին պետհամալսարանի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանը, ով բուհ ղեկավարելու մեծ փորձ ու հմտություն ուներ:

Սկզբնական շրջանում ընդունելությունը կազմակերպվում էր տարերայնորեն, այդ պատճառով մինչև 1930-ը բժշկական ֆակուլտետը տվել էր ընդամենը 136 բժիշկ: Միայն 1930-31 ուստարվանից արդեն առանձնացված բժշկական ինստիտուտի համար սահմանվում է 150 տեղ: Հետաքրքրական է, որ բժշկական ֆակուլտետի փոքրաթիվ ուսանողների մոտ 30 տոկոսը Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրաքի քաղաքացիներ էին:

Մինչև 1931-ը բուհն ուներ միայն բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետ:

1931-32 ուստարում բացվում է սանիտարահիգիենիկ ֆակուլտետը, 1939-ին` նաև բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետի ռուսական բաժինը, քանի որ ինստիտուտ ընդունվելու էին գալիս խորհրդային այլ հանրապետությունների ռուսական կրթությամբ հայ երիտասարդներ:

1936-ին ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ ինստիտուտին ատենախոսությունների պաշտպանության իրավունք է տրվում: Բժշկականում արդեն պաշտպանվում էին ատենախոսություններ և շնորհվում բժշկական գիտությունների թեկնածուի, իսկ 1944-ից` նաև դոկտորի գիտական աստիճաններ: Մինչ այդ դրանք պաշտպանվում էին Մոսկվայում, Լենինգրադում, միության այլ քաղաքներում:

Բժշկական ինստիտուտը ևս զերծ չի մնում անհատի պաշտամունքի ծանր հետևանքներից: 1937-ին մի խումբ անվանի դասախոսների և հմուտ ղեկավարների ներկայացվում են անհիմն ու մտացածին մեղադրանքներ, ոմանք էլ դառնում են ստալինյան ոճրագործ քաղաքականության զոհ: Այդ մեքենայությունների հետևանքով ընդհատվում է Հ. Միրզա-Ավագյանի, Հ. Հովհաննիսյանի, Ս. Կամսարականի, Ս. Բաղդասարյանի, Ա. Շահվերդյանի և ուրիշների բեղմնավոր գործունեությունը:

Նոր ու դժվարին փորձություններ էին սպասվում հայրենական մեծ պատերազմի տարիներին: Ինստիտուտի անձնակազմն ու ուսանողները գործող բանակի կազմում և թիկունքի հոսպիտալներում պատվով կատարում են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ: Հայաստանի տարբեր շրջաններում ու քաղաքներում ստեղծվում են բազմաթիվ էվակո-հոսպիտալներ, որոնցում աշխատող բժիշկներն ու ղեկավարները հիմնականում բժշկականի նախկին սաներն էին: Պատերազմի տարիներին ինստիտուտում կատարված 85 գիտական աշխատանքներից 56-ը պաշտպանական նշանակություն ունեին:

Պատերազմի սկզբից Երևան էին փոխադրվել Կրասնոդարի և Օրջոնիկիձեի բժշկական ինստիտուտները` իրենց ուսանողներով և պրոֆեսորադասախոսական կազմով: Մեր բժշկականի կլինիկական բազաները, լաբորատորիաներն ու լսարանները ծառայում էին նաև նրանց:

Պատերազմի տարիներին ևս կանոնավոր կերպով կազմակերպվում էին գիտական նստաշրջաններ, որոնք պարբերաբար հրավիրվում էին 1935-ից:

Ինստիուտն առանձնապես մեծ թվով` 800 շրջանավարտ տվել է պատերազմի 4 տարիներին: Մինչդեռ 1927-ից մինչ այդ Հայաստանում բժշկական բարձրագույն կրթություն էր ստացել 873 մասնագետ:

1947-ին ստեղծվում է ուսանողական գիտական ընկերությունը` ուսանողների շրջանում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու ձգտումը զարգացնելու և ապագա մանկավարժակական կադրերի ընտրության գործն ավելի դյուրին դարձնելու նպատակով: Ամբիոններին կից ևս գիտական խմբակներ են ձևավորվում:

1930-ին հիմնադրվում է գիտական գրադարանը: 1958-ին սկսվում է հրատարակվել «Ապագա բժիշկ» թերթը, որը մինչ օրս լուսաբանում է համալսարանի կյանքը: Հետագայում ստեղծվում է նաև ինստիտուտի տպարանը, որի շնորհիվ ամբիոններն ապահովվում են մեթոդական և ուսումնական անհրաժեշտ նյութերով:

1957-ին հնարավորություն է տրվում սփյուռքահայ երիտասարդությանը բժշկական բարձրագույն կրթություն ստանալ մայր հայրենիքում: Ստեղծվում է արտասահմանցի ուսանողների բաժինը։ Երևանում բժշկի մասնագիտություն են ձեռք բերում հայազգի երիտասարդներ Սիրիայից, Լիբանանից, Հորդանանից, Եթովպիայից, Իրանից, Սուդանից, Կիպրոսից, Բուլղարիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից:

1985-ից ինստիտուտում սովորելու են գալիս նաև այլազգիներ` արաբներ, հնդիկներ, պարսիկներ, լաոսցիներ և այլն:

Իր գործունեության ողջ ընթացքում բժշկական կադրերի պատրաստմանը զուգընթաց ինստիտուտը զբաղվել է նաև գործող բժիշկների մասնագիտացման ու կատարելագործման հարցերով: Այդ աշխատանքներն ամուր հիմքերի վրա դնելու, հանրապետության բոլոր բուժհիմնարկներում աշխատող բժիշկների մասնագիտական մակարդակը բարձրացնելու նպատակով 1958-ին ինստիտուտում ստեղծվում է բժիշկների կատարելագործման ֆակուլտետն իր ամբիոններով, որի բազայի վրա էլ 1963-ին հիմնադրվում է բժիշկների կատարելագործման Երևանի համամիութենական ինստիտուտը (ներկայումս՝ Առողջապահության ազգային ինստիտուտը): Վերջինիս կրթական բաղադրիչը կառավարության որոշմամբ 2011-ին միավորվում է բժշկական համալսարանի կրթական համակարգին` բժիշկների պատրաստման երկարատև գործընթացը կադրային ու կառուցվածքային անհրաժեշտ հնարավորություններով, նաև կլինիկական բազաներով ապահովված մեկ ուսումնական հաստատությունում կազմակերպելու նպատակով:

Հանրապետությանը որակլյալ մանկաբույժներով ապահովելու նպատակով 1958-ին հիմնադրվում է մանկաբուժության ֆակուլտետը:

1961-ին ստեղծվում է ստոմատոլոգիական ֆակուլտետը` իր ամբիոններով, իսկ 1964-ին` գիտահետազոտական լաբորատորիան (1992-ից` գիտահետազոտական կենտրոն):

1970-ին ինստիտուտում սկսում է գործել արվեստի համալսարանը` պայմանական երկու ֆակուլտետով` երաժշտության և կերպարվեստի: Ապագա բժիշկներին արվեստի այդ ճյուղերը ներկայացնում էին արվեստի անվանի գործիչները, կոնսերվատորիայի դասախոսները:

1971-ին ԽՍՀՄ գերագույն խորհրդի հրամանագրով հաստատվում է խորհրդային բժշկի երդման տեքստը:

1972-ին հիմնադրվում է դեղագիտական, իսկ 1973-ին` հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը: 1975-ին ստեղծվում է նախապատրաստական բաժանմունքը, որտեղ դասընթացներ անցնելով` ինստիտուտ էին ընդունվում հիմնականում արտադրությունից եկած և խորհրդային բանակից զորացրված երիտասարդները:

Բժշկական բարձրորակ կադրերի պատրաստման գործում ձեռք բերած հաջողությունների և հիմնադրման 50-ամյակի առթիվ 1980-ին Երևանի բժշկական ինստիտուտը պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Հայաստանի նախարարների խորհրդի 1989թ. մայիսի 25-ի որոշմամբ Երևանի բժշակական ինստիտուտը կոչվում է միջնադարի մեծ բժշկապետ ու մտածող Մխիթար Հերացու անունով:

Ինստիտուտի ուսանողների և դասախոսների համար քաղաքացիական ու մասնագիտական պարտքի դրսևորման մեծ փորձություն դարձավ Հայաստանի 1988-ի դեկտեմբերյան աղետալի երկրաշարժը: Այդ ծանր օրերին նրանք մասնագիտական պարտքի ու մարդասիրության փայլուն օրինակ են ցուցաբերում: Հենց դեկտեմբերի 7-ին ինստիտուտում ստեղծվում է օպերատիվ շտաբ՝ ռեկտորի գլխավորությամբ: Նույն օրը բժշկականի շուրջ 200 ուսանողներ իրենց դասախոսների ղեկավարությամբ Սպիտակում ու Լենինականում տուժածներին առաջին բուժօգնություն են ցուցաբերում: Ամեն օր աղետի գոտի են մեկնում ուսանողների 200-250 հոգանոց նոր ջոկատներ: Ինստիտուտում կազմակերպվում է դոնորական կետ, մեկ օրում ավելի քան 400 հոգի անվարձահատույց արյուն է հանձնում: Ուսանողուհիները շուրջօրյա հերթապահություններ են սահմանում Երևանի հիվանդանոցներում` խնամելով վիրավորներին:

1991-ին Հայաստանի Հանրապետությունը հռչակվում է անկախ պետություն: Անցումային շրջանին բնորոշ օբյեկտիվ դժվարություններից բացի, 1992-95թթ.-ին հանրապետությունը հայտնվում է տնտեսական և էներգետիկ ճգնաժամի մեջ: Սակայն այդ դաժան տարիներին անգամ, երբ կաթվածահար էին երկրի տնտեսությունը, տրանսպորտը, կրթական համակարգը, Երևանի բժշկական համալսարանը շարունակում է գոյատևել և անգամ զարգացում ապրել:

Ժամանակի հրամայականով՝ 1992-ին, երբ Հայաստանը հայտնվում է չհայտարարված պատերազմի մեջ, անհրաժեշտություն է առաջանում պատրաստել զինվորական բժիշկներ: 1994-ին համալսարանի` երկու տարի առաջ ստեղծված ռազմական ամբիոնի բազայի վրա հիմնադրվում է ռազմաբժշկական ֆակուլտետը:

1992-ին համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմավորվում է ուսանողական խորհրդարանը, որը կարևոր դերակատարություն է ունենում ներբուհական աշխատանքների կազմակերպման գործում:

1997-ին բժշկական համալսարանում սկսում է գործել դասախոսների որակավորման բարձրացման գործընթացը, քանի որ ԽՍՀՄ կազմալուծումից հետո դասախոսներն այլևս հնարավորություն չունեին մասնագիտական որակավորումը բարձրացնել միության կենտրոնական քաղաքներում:

1999-2000 ուսումնական տարում բուժական, մանկաբուժական և բժշկական կանխարգելման ֆակուլտետները միավորվում են մեկ` ընդհանուր բժշկության ֆակուլտետի կազմում:

Բժշկական համալսարանն ակնառու հաջողությունների է հասնում միջազգային կապերի զարգացման և համագործակցության ասպարեզում: Գործարար սերտ կապեր են հաստատվում Ֆրանսիայի, Հունաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների բժշկական ուսումնական հաստատությունների հետ: Տարեցտարի ընդլայնվում է դասախոսների, ուսանողների, կլինիկական օրդինատորների փոխայցելությունների շրջանակը:

Նկատի ունենալով Երևանի բժշկական իսնտիտուտի մեծ ու ծանրակշիռ ներդրումը բժշկական կադրերի պատրաստման և բժշկագիտության զարգացման գործում` ՀՀ կառավարությունը 1995-ին նրան տալիս է համալսարանի կարգավիճակ: Ապագա բժիշկների պատրաստումն ու հետդիպլոմային ուսուցումը լավագույնս կազմակերպելու նպատակով կառավարության որոշմամբ նույն թվականին (1995թ. մարտի 15-ի 1940 որոշում) բժշկական համալսարանի ենթակայությանն է հանձնվում հարևանությամբ գտնվող հիվանդանոցային ողջ համալիրը:

2005-2006 ուսումնական տարում ԵՊԲՀ-ն անցնում է երկաստիճան կրթական համակարգի՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթակարգ ունենալու նպատակով։

2010-ին առողջապահության ոլորտում բարձր որակավորում ունեցող բժիշկների ու դեղագետների պատրաստման նպատակով համալսարանում բացվում է հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը։

Մինչ օրս համալսարանը տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։

Այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 7 ֆակուլտետներում մասնագիտանում է մոտ 6360 ուսանող, նրանցից 1184-ը՝ աշխարհի տարբեր երկրներից: Ուսումնագործնական և գիտահետազոտական աշխատանքները կազմակերպվում են գործող 100-ից ավելի ամբիոններում, Երևանի առաջատար կլինիկական բազաներում ու գիտահետազոտական կենտրոններում։

Բուհի ավելի քան 1100 դասախոսներից 171-ը գիտությունների դոկտորներ են, 504-ը` գիտությունների թեկնածուներ: Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 7 ակադեմիկոսներ: Գիտական հզոր այս ներուժը լուրջ դերակատարություն ունի Հայաստանում բժշկագիտության և հարակից գիտությունների զարգացման գործում։

Երեք զինվոր, երեք բացառիկ վիրահատություն

04.10.2017
Պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը շարունակում է կատարել բացառիկ վիրահատություններ: Թե պատերազմի դաշտում, թե խաղաղ ...