• Հայ
  • Рус
  • Eng

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայաստանի բժշկության պատմության թանգարանը հիմնադրվել է 1978 թ-ին` ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի հավաքածուի մի մասի և թանգարանի հիմնադիր, երկարամյա տնօրեն, ճանաչված բժշկապատմաբան Վլադիմիր Մարտիրոսյանի անձնական հավաքածուի հիման վրա:

1985-ին Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ թանգարանի նյութերը հանձնվում են Սարդարապատում գտնվող Հայաստանի ազգագրության թանգարանին, քանի որ նախատեսվում էր այնտեղ բժշկության պատմության ենթաբաժին ստեղծել: Սակայն այդ մտահղացումը չի իրականանում:

1990-ին` համաձայն ՀՀ առոջապահության նախարարի 1990 թ. թիվ 2147 հրամանի, բժշկական համալսարանի թանգարանը վերաբացվում է: Իսկ 1998-ին` համաձայն Առողջապահության նախարարի սեպտեմբերի 24-ի թիվ 550 հրամանի, Երևանի պետական բժշկական համալսարանի թանգարանի հիման վրա ստեղծվում է Հայաստանի բժշկության պատմության հանրապետական թանգարանը:

Այսօր թանգարանն ունի մոտ 8000 հազար ցուցանմուշ, որոնք արտացոլում են բժշկության զարգացման փուլերը Հայաստանում` հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Այստեղ տեղ են գտել անվանի գիտնականների ձեռագրեր, փաստաթղթեր, անձնական իրեր, շքանշաններ, տպագրված աշխատություններ, բժշկական գործիքներ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող նյութեր և իրեր, ինչպես նաև` գեղարվեստական ստեղծագործություններ` քանդակներ, յուղաներկ դիմանկարներ հուշանվերներ:

Թանգարանում առանձին-առանձին ներկայացված են Հայաստանի գիտաբժշկական կենտրոնները` իրենց գործունեությունն արտացոլող ցուցանմուշներով։

Մեծաթիվ նյութեր պատմում են Հայրենական մեծ պատերազմին հայ բժիշկների մասնակցության, 1988թ.-ի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման, արցախյան ազատամարտի տարիներին մեր բժիշկների անձնվեր գործունեության մասին:

Իհարկե, ներկայացված է նաև բժշկական համալսարանի ստեղծման, անցած ճանապարհի, նշանակալի իրադարձությունների մասին հավաստող բազմաթիվ նյութեր, փաստաթղթեր։

Ցուցանմուշները դահլիճներում ներկայացված են ըստ ժամանակաշրջանների` հնագույն, հեթանոսական, հին, միջնադարյան, 19-րդ դար, 20-րդ դար:

Թանգարանը եզակի հիմնանյութ է «Բժշկության պատմություն» առարկան սովորողների և բժիշկ-հետազոտողների համար: Բժշկական համալսարանի բոլոր առաջին կուրսեցիների համար այստեղ կազմակերպվում են դասաժամեր:

Կազմակերպվում են նաև բժշկական քոլեջների ուսանողների և մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտական բաժնի ուսանողների այցելությունները: Ռեֆերատներ, կուրսային աշխատանքներ, գիտական հոդվածներ, մենագրություններ գրելիս շատերն են օգտվում ԵՊԲՀ-ի թանգարանի նյութերից:

Թանգարանում մշտապես գիտական աշխատանքներ են կատարվում: Բոլոր ցուցանմուշները գիտական մշակման են ենթարկվում և քարտագրվում: Թանգարանի տնօրենը «Առողջապահություն» հանդեսում վարում է Հայաստանի առողջապահության տարեգրությունը: Հետազոտական աշխատանքներ են կատարվում Հյաստանի ազգային, Առողջապահության նախարարության արխիվներում, զանազան թանգարաններում և գրադարաններում: Թանգարանը թեև մեծ չէ, այն մայրաքաղաքի հոգևոր-մշակութային ինքնատիպ օջախներից մեկն է:

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայաստանի բժշկության պատմության թանգարանի տնօրենն է Նարինե Ղազարյանը։

Նորություններ ➤

Մեկնարկել է նեոնատոլոգիայի ժամանակակից տեսակետներին նվիրված միջազգային համաժողովը

21.08.2018

Օգոստոսի 21-ին ԵՊԲՀ-ում մեկնարկել է երկօրյա «Նեոնատոլոգիայի ժամանակակից տեսակետները. Մեռուկային էնտերոկոլիտը նորածինների մոտ՝ ախտորոշման նոր ճանապարհներ, բուժում և կանխարգելում» միջազգային ...

«Հաջողության դպրոցի» հյուրը ԵՊԲՀ անվանի շրջանավարտ Գարրի Ասլանյանն էր

20.08.2018

«Հերացի» իննովացիոն լաբորատորիայի (Heratsi iLAB) «Հաջողության դպրոց» խորագրով ուսանողական նախաձեռնության հերթական հյուրը ԵՊԲՀ շրջանավարտ Գարրի Ասլանյանն էր։ Մասնագետը Օտտավայի, Տորոնտոյի և Բրիտանական ...

Ավելի քան 5 տասնամյակ է՝ Լիլիա Չիլինգարյանը սովորում էր սովորեցնելով

14.08.2018

Լիլիա Չիլինգարյանի կյանքում առանցքային է Երևանի պետական բժշկական համալսարանի դերը: Նրա լուսանկարների հարուստ արխիվում առանձնանում է մի նկար. 19-ամյա ուսանողուհին պրոֆեսոր Գաբրիել Խաչատրյանի հետ ...

Արյան կենտրոնը կկոչվի Մարկ Սաղաթելյանի անունով

01.08.2018
Մարկի ընկերներն ու հարազատները արյուն են հանձնել Արյան կենտրոնում: