• Հայ
  • Рус
  • Eng

Հայաստանի բժշկության պատմության թանգարան

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հայաստանի բժշկու­թյան պատմության թանգարանը հիմնադրվել է 1978-ին` ակադեմիկոս Լևոն Հովհա­ն­նիսյանի հավաքածուի մի մասի և թանգարանի հիմնադիր, երկարամյա տնօրեն, ճա­նաչ­ված բժշկապատմաբան Վլադիմիր Մարտիրոսյանի անձնական հավաքածուի հիման վրա:

1990-ին տեղի ունեցավ բժշկական համալսարանի թանգարանի վերաբացումը: Իսկ 1998-ին ԵՊԲՀ թանգարանի հիման վրա ստեղծվեց Հայաստանի բժշկության պատմության հանրապետական թանգարանը:

Ներկայումս թանգարանն ունի մոտ 8000 ցուցանմուշ, որոնք արտացոլում են բժշկության զարգացման փուլերը Հայաստանում՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ներկայացված են նաև բժշկական համալսարանի ստեղծման, անցած ճանապարհի, նշանակալի իրադարձությունների մասին հավաստող բազմաթիվ նյութեր, փաստաթղթեր։ Թանգարանում առանձին-առանձին ներկայացված են Հայաստանի գիտաբժշկական կենտրոնները` իրենց գործունեությունն արտացոլող ցուցանմուշներով։

Թանգարանում պահվում են անվանի գիտնականների ձեռագրեր, փաստաթղթեր, անձնա­կան իրեր, շքանշաններ, տպագրված աշխատություններ, բժշկական գործիքներ, ժո­ղո­վրդական բժշկության մեջ օգտագործվող նյութեր և իրեր, ինչպես նաև գեղարվեստա­կան ստեղծագործություններ` քանդակներ, դիմանկարներ, հուշանվերներ:

Մեծաթիվ նյութեր պատմում են Հայրենական մեծ պատերազմին հայ բժիշկների մասնակցության, 1988-ի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման, արցախյան ազատամարտի տարիներին մեր բժիշկների անձնվեր գործունեության մասին:

Բժշկական համալսարանի առաջին կուրսեցիների համար թանգարանում կազմակերպվում են դասաժամեր: Կազմակերպվում են նաև բժշկական քոլեջների ուսանողների և մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի թանգարանագիտական բաժնի ուսանողների այցելություններ: Ռեֆերատներ, կուրսային աշխատանքներ, գիտական հոդվածներ, մենագրություններ գրելիս շատերն են օգտվում ԵՊԲՀ-ի թանգարանի նյութերից:

Թանգարանում մշտապես գիտական աշխատանքներ են կատարվում: Բոլոր ցուցանմուշները գիտական մշակման են ենթարկվում և քարտագրվում: Թանգարանը թեև մեծ չէ, սակայն այն մայրաքաղաքի հոգևոր-մշակութային ինքնատիպ օջախներից է:

 

Անատոմիական թանգարան

Նորմալ անատոմիայի ամբիոնին կից գործում է անատոմիական թանգարանը, որը 1926թ. հիմնադրել է պրոֆեսոր Վահան Արծրունին: Նա հայոց լեզվով անատոմիա դասավանդող առաջին դասախոսն էր, և թանգարանը կրում է հարգարժան պրոֆեսորի անունը: Թանգարանը հարուստ է բազմաթիվ ցուցանմուշներով: Այնտեղ իրենց ուրույն տեղն ունեն մարդու՝ ֆորմալինի լուծույթում պահվող առանձին օրգաններ, չափահաս մարդկանց և նորածինների կմախքներ, ինչպես նաև ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից պատրաստված պատրաստուկ­ներ: Թանգարանի առանձին պահարանում ներկայացված են բնածին բազմաթիվ արատներով նորածինների դիակներ, որոնք առավել ընկալելի են դարձնում դասախոսության նյութը:

Թանգարանի արժեքավոր նմուշներից են նաև հայտնի մարդկանց զմռսված գլխուղեղները, ֆորմալինի լուծույթում պահպանված սրտերը, գուսան Շերամի կոկորդը, պրոֆեսոր Արծրունու գլխուղեղն ու սիրտը:

Թանգարանի ամենավաղեմի և ամենայուրահատուկ ցուցանմուշն է արքայադստեր կմախքը, որը հայտնաբերվել է Սևանի ավազանի պեղումների ժամանակ, և ունի ավելի քան 2000 տարվա պատմություն:

Ցուցանմուշների շարքում աչքի է ընկնում մի յուրահատուկ կմախք, որն ունի վերին և ստորին վերջույթների զարգացման բնածին արատներ:

Առանձին պահարանում ցուցադրվում են ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսա­նող­ների համար նախատեսված ցուցանմուշները՝ կաթնատամներ և մնայուն ատամ­ներով ծնոտներ, նորածնի գանգեր, ինչպես նաև կենդանիների ծնոտներ, այդ թվում` շնաձկան ծնոտներ, որոնք օգնում են ուսումնասիրելու ատամների ֆիլոգենետիկ առանձնահատկությունները: 

Թանգարանային ցուցանմուշները նպաստում են որակյալ դասավանդման ապահովմանը: Թանգարանը նաև այլ բուհերի ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների անատոմիական գիտելիքների հարստացման միջոց է:

 

Ռազմաբժշկական թանգարան

Ռազմաբժշկական ֆակուլտետի տարածքում գործում է ռազմաբժշկական թանգա­րանը, որտեղ ցուցադրված նյութերն արտացոլում են հայ ժողովրդի ազգային ազա­տա­գրական պայքարը արցախյան պատերազմում, Շուշիի ազատագրման օպերացիան, վերջինիս բուժապահովման հիմնահարցերը, ներկայացնում այդ պայքարի առավել ակնառու անձանց:

Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր

31.10.2018
 Նոբելյան մրցանակակիրները դարձան ԵՊԲՀ պատվավոր դոկտոր