• Հայ
  • Рус
  • Eng
Արամ Սերգեյի Շահվերդյան
1936-1937թթ.

ԱՐԱՄ ՍԵՐԳԵՅԻ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

(1891-)

Հայաստանի Երկրորդ Հանրապետության բժիշկների ավագ սերնդի ներկայացուցիչ, բժշկական գիտությունների թեկնածու, հանրապետության վաստակավոր բժիշկ, դոցենտ Արամ Շահվերդյանը ծնվել է Ալավերդու շրջանի Այգեհատ գյուղում, միջնակարգ կրթությունը ստացել է Վրաստանում՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, այնուհետև երրորդ ճեմարանում, որն ավարտելուց հետո ընդունվել է Խարկովի համալսարանի բնագիտական ֆակուլտետ: Սակայն բժիշկ դառնալու ձգտումը նրան ստիպում է ուսումը շարունակել նույն համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1916 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո զորակոչվում է բանակ, որտեղ հեղափոխական շարժումներին մասնակցության պատճառով հրամանատարության կողմից ընդգրկվում է անհուսալիների ցուցակում:

Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո՝ 1917-1920 թվականներին նա Թիֆլիսում աշխատում է որպես բժշկական շտապօգնության կայանի վարիչ: Այնուհետև նկատի ունենալով Ա. Շահվերդյանի բժշկական և հասարակական աշխատանքների հարուստ փորձը՝ 1921թվականին նրան նշանակում են առժողկոմատի բաժնի վարիչ և կոլեգիայի անդամ:

1922 թվականին նա նշանակվում է Անդրկովկասյան երկաթուղու առողջապահության բաժնի վարիչ:

1926 թվականին Ա. Շահվերդյանը երկարատև գործուղման է մեկնում Գերմանիա, Ֆրանսիա, որտեղ ծանոթանում է բժշկական առաջատար հիմնարկների աշխատանքներին: Փարիզի կլինիկաներում նա ընդլայնում է իր գիտելիքների շրջանակը՝ ծանոթանալով ուրոլոգիայի և մաշկավեներաբանական բնագավառների ժամանակակից ուղղություններին: Գործուղումից վերադառնալուց հետո Թիֆլիսում կազմակերպում է դիսպանսեր, որտեղ կիրառվում էին Եվրոպայում ընդունված բուժական մեթոդներ:

1931 թվականին ամերիկյան ամսագրի առաջարկությամբ մի խումբ գիտնականների հետ մասնակցում է սիֆիլիսին վերաբերող հարցերի քննարկմանը:

Հաշվի առնելով  Շահվերդյանի բազմամյա փորձն ու բազմամարդ կոլեկտիվ ղեկավարելու կարողությունները՝ հոկտեմբերին նրան հրավիրում են Երևան և նշանակում բժշկական ինստիտուտի տնօրեն: Այդ պաշտոնում նա մնում է մինչև 1937 թվականի մայիսը: Յոթամսյա ղեկավարության կարճատև ժամանակաշրջանում նա իրեն դրսևորում է որպես բժշկական բարձրագույն կրթության հմուտ կազմակերպիչ, ուսումնական և գիտական աշխատանքների բնագավառներին գիտակ անձնավորություն: Հենվելով ինստիտուտի անվանի գիտնականների փորձի վրա, նրանց օգնությամբ պահպանելով լավագույն ավանդույթները՝  նա ձեռնարկում է մի շարք արդյունավետ միջոցառումներ, որոնց նպատակն էր բարձրացնել գիտամանկավարժական աշխատանքների մակարդակը, ինչպես նաև ամուր հիմքերի վրա դնել ապագա բժիշկներին բժշկական գիտելիքներ հաղորդելու և նրանց դաստիարակման գործը:

Ցավոք, մեծ ծրագրեր ունեցող կազմակերպիչն ու գիտնականը չկարողացավ իրականացնել իր մտահղացումները, քանի որ 1937 թվականին Ա. Շահվերդյանը միանգամայն անսպասելի ազատվեց բժշկական ինստիտուտի տնօրենի պաշտոնից, անհիմն մեղադրանքով ձերբակալվեց և աքսորվեց Հեռավոր Արևելք՝ Մագադան: Հյուսիսի ցուրտն ու աքսորավայրի սառնամանիքը չկոտրեցին իր ժողովրդից և հարազատներից հեռացած մարդասեր բժշկի կամքը: Աքսորականի վիճակը թեև ճնշում էր նրան, սակայն Ա. Շահվերդյանը մնաց նույն բարի, հոգատար բժիշկը, ով սիրալիր էր մարդկանց հանդեպ՝ անկախ նրանց ազգային պատկանելութունից, հասարակության մեջ գրաված դիրքից: Մագադանում գտնվելու ժամանակահատվածում նա ղեկավարել է հիվանդանոցների ուրոլոգիական և մաշկավեներական հիվանդությունների, ամբուլատորիաների բաժանմունքներ՝ արժանանալով ղեկավարության բարձր գնահատականին և պարգևների:

1947 թվականին նա իրավունք ստացավ վերադառնալ հայրենիք, աշխատանքի անցնել բժշկական ինստիտուտի մաշկավեներական հիվանդությունների ամբիոնում՝ որպես ասիստենտ: 1948-50թթ. Երևանի քաղաքային և հանրապետական մաշկավեներական դիսպանսերների խորհրդատուն էր, այնուհետև զբաղեցրել է ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտական քարտուղարի, ապա՝ կազմակերպական մեթոդական բաժնի վարիչի պաշտոնները՝ միառժամանակ զբաղվելով գիտական գործունեությամբ: