• Հայ
  • Рус
  • Eng
Դերենիկ Հրանտի Դումանյան
2011-2012թթ.

(1953թ.)


Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դ. Դումանյանը ծնվել է Երևանում, նա արմատներով Շամշադինի Արծվաբերդ գյուղից է։
1960-1970 թվականներին սովորել է Երևանի թիվ 94 միջնակարգ դպրոցում:
1970-1971 թվականներին աշխատել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում՝ որպես ցրիչ:
1971-1972 թվականներին աշխատել էԵրևանի թիվ 2 տրիկոտաժի ֆաբրիկայում՝ որպես բանվոր:
1972 թվականին ընդունվել է բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետ, որն ավարտել է 1978-1979 ուսումնական տարում:
1982-1987 թվականներին սովորել է Մոսկվայի Հերցենի անվան օնկոլոգիական գիտահետազոտական ինստիտուտում, եղել է ասպիրանտուրայի հայցորդ և ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1979-1984 թվականներին աշխատել է որպես Հոկտեմբերյանի շրջանի Երվանդաշատ գյուղի տեղամասային հիվանդանոցի գլխավոր բժիշկ:
1984-1985 թվականներին եղել է Երևանի թիվ 19 պոլիկինիկայի գլխավոր բժշկի բուժական գծով տեղակալ, 1985-1986 թվականներին՝ Երքաղգործկոմի առողջապահության բաժնի բժիշկ-տեսուչ, 1986-1992 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների Խորհրդի, առողջապահության և սոցիալական ապահովության բաժնի ավագ ռեֆերենտ, գլխավոր մասնագետ, ապա՝ բաժնի վարիչի պաշտոնակատար:
1992-1997 թվականներին աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ որպես նախարարի առաջին տեղակալ:
1997-2011 թվականներին եղել է ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն, գիտական խորհրդի նախագահ, առողջապահության քաղաքականության և օրենսդրության ամբիոնի վարիչ:
2009 թվականին ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ և ՀՀԿ խմբակցության ղեկավար։
2009-2012 թվականներին ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի անդամ էր, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ։
Եղել է «Տավուշ հայրենակցական միություն» ՀԿ-ի նախագահ և «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահ։
2011 թվականի մարտին ընտրվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար,իսկ 2011 թվականի ապրիլին՝ ռեկտոր։
Նրա ղեկավարությամբ համալսարանում իրականացվեցին կրթական կառուցվածքային և ֆինանսատնտեսական բարեփոխումներ, որոնց արդյունքում կատարվեցին մի շարք վերակազմավորումներ: Մինչ այդ գործող ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, դեղագիտական և ռազմաբժշկական ֆակուլտետներին ավելացան հանրային առողջության, հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետները: Ռուսերեն և անգլերեն լեզուներով օտարեկրացիների ուսուցման բաժինների վերակազմավորումը հանգեցրեց օտարերկրացիների ուսուցման դեկանատի կազմավորմանը: Տարանջատվեցին բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև նախադիպլոմային և հետբուհական կլինիկական ամբիոնները: Համալսարանում ստեղծվեց կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոն՝ իր ենթաբաժիններով: Մշակվեց կենտրոնի ռազմավարությունը, ձևավորվեցին կենտրոնական և ֆակուլտետային հանձնաժողովներ:
Նրա նախաձեռնությամբ՝ համաձայն 2011 թվականի օգոստոսի 18-ի ՀՀ կառավարության որոշման՝ ՀՀ առողջապահության նախարարության ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչը միավորվեց ԵՊԲՀ-ին: Այդ առիթով համալսարանում ստեղծվեցին հետբուհական և շարունակական կրթություն իրականացնող 30 ամբիոններ, որոնք տեղակայված էին Երևանի բոլոր առաջատար կլինիկաներում:
2012 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Դ. Դումանյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար։
Դ. Դումանյանը ավելի քան 70 գիտական հոդվածների և 1 մենագրության հեղինակ է։ 2006 թվականին պարգևատրվել է ՌԴ Բժշկատեխնիկական ակադեմիայի «Չիժևսկու» անվան ոսկե մեդալով, 2009 թվականին` «Ծովակալ Իսակովի» անվան մեդալով, 1998 թվականին` ՀՀ վարչապետի շնորհակալագրով «1988 թվականի երկրաշարժի օրերին ցուցաբերած աշխատանքների համար»: 2002 թվականին արժանացել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրի, 2003 թվականին՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրի, 2004 թվականին՝ ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալի, 2005 թվականին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրի: 2006 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով, 2010 թվականին` ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Երախտագիտություն» մեդալով, 2011 թվականին` ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» մեդալով։ Ունի լեյտենանտի կոչում։