• Հայ
  • Рус
  • Eng
Եղիշե Թադևոսի Շեկ-Հովսեփյան
1938թ.

ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍԻ ՇԵԿ-ՀՈՎՍԵՓՅԱՆ

(1893-1939թթ.)

Հայաստանում դատական բժշկության առաջին ամբիոնի հիմնադիր, դատական փորձագիտության անվանի կազմակերպիչ, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Եղիշե Շեկ-Հովսեփյանը ծնվել է պատմական Հայաստանի Կարս քաղաքում: Միջնակարգ կրթությունը ստանալուց հետո մեկնում է Օդեսա և ընդունվում է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետ: 1916 թվականին նա, հաջողությամբ հանձնելով ավարտական քննությունները, ստանում է բժշկի որակավորում: Համալսարանն ավարտելուց հետո զորակոչվում է բանակ և գործուղվում ավստրո-գերմանական ռազմաճակատ: Ռուսաստանում Խորհրդային իշխանության հաստատումից հետո նա զորացրվում է և իրավունք ստանում վերադառնալ հայրենիք: Հայաստանն այդ ժամանակ գտնվում էր ծանր սոցիալ-տնտեսական պայմանների մեջ, չափազանց անմխիթար էր բժշկական հիմնարկների ու առողջապահության կազմակերպման գործը: Այսպիսին էր իրադրությունը Հայաստանում, երբ բժշկական վեցամյա փորձով և իր ժողովրդին ծառայելու ձգտումով Եղիշե Շեկ-Հովսեփյանը եկավ Երևան և անմիջապես նշանակվեց վարչական աշխատանքի՝ իր հիմնական աշխատանքից բացի համատեղության կարգով զբաղվելով նաև մանկավարժական գործունեությամբ՝ որպես համալսարանի բժշկական ֆակուլտետի ասիստենտ: Ծանր էին աշխատանքային պայմանները: Ոչ միայն բացակայում էին գործնական պարապմունքների անցկացման հնարավորությունները, այլև չկային դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մշակված չէր բժշկական հայերեն տերմինաբանությունը: Դասախոսի աշխատանքն ավելի էր դժվարանում, քանի որ ուսանողների մի մասը չուներ համապատասխան կրթություն և բուհում սովորելու համար անհրաժեշտ գիտելիքներ: Եղիշե Շեկ-Հովսեփյանը հաճախ անձամբ էր դիահերձում և պատրաստում պրեպարատներ, որոնք ցուցադրվում էին պարապմունքների ժամանակ, իսկ պարապմունքներն անցկացվում էին համալսարանի բակում գտնվող նախկին հիվանդանոցի լվացքատան ցածրիկ ու անշուք սենյակներում, որոնց կից ախոռներ, իսկ առջևում ձիերի աղբակույտեր էին: Դասերն անցկացվում էին գարշահոտ, խոնավ սենյակներում: Տաք օրերին Եղիշե Շեկ-Հովսեփյանը հաճախ ստիպված էր լինում դասերն անցկացնել բակում՝ խուսափելով այն ահավոր գարշահոտությունից, որը տարածվում էր կողքի փոքրիկ սենյակից՝ դիահերձարանից:

Մինչև 1925 թվականը նա աշխատում է մարդու նորմալ անատոմիայի ամբիոնում, ապա նոր հիմնադրված օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում: 1927 թվականին ֆակուլտետում պետք է դասավանդվեր «Դատական բժշկության» առարկան, մասնագետ չլինելու պատճառով նա գործուղվում է Լենինգրադ: Վերադարձից հետո հիմնադրում է ամբիոն, որը Հայաստանի բժշկության պատմության մեջ իր նախադեպը չուներ:

1929 թվականին Եղիշե Շեկ-Հովսեփյանը նշանակվում է հանրապետության առժողկոմատի գլխավոր դատաբժշկական փորձագետ և ամբիոնը ղեկավարելու հետ մեկտեղ գլխավորում է Հայաստանի ողջ տարածքում դատաբժշկական փորձագիտության  աշխատանքները՝ որպես գլխավոր փորձագետ:

1931 թվականին նրան շնորհվում է դոցենտի կոչում, իսկ 5 տարի անց՝ առանց ատենախոսության պաշտպանության, բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և պրոֆեսորի կոչում: Անվանի մանկավարժն ամբիոնին կից հիմնադրում է դատական բժշկության թանգարան: Հաշվի առնելով ախտաբանական անատոմիայի բնագավառում կադրերի բացակայությունը և Եղիշե Շեկ-Հովսեփյանի բազմակողմանի գիտելիքները բժշկական տարբեր բնագավառներում՝ նրան է վստահվում նաև ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնի ղեկավարման գործը:

Նրա համար առավել լարված աշխատանքային ժամանակաշրջան է սկսվում, երբ 1938 թվականի հունիսին նշանակվում է բժշկական ինստիտուտի տնօրեն: Եղիշե Շեկ-Հովսեփյանը, իր մանկավարժական և վարչական գործունեությանը զուգահեռ, զբաղվել է նաև գիտահետազոտական աշխատանքով: Ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո նա շարունակել է ղեկավարել դատական բժշկության և ախտաբանական անատոմիայի ամբիոնները: Այդպիսի բուռն կյանքը ընդհատվեց 1939 թվականին: Գիտնականն ապրեց ընդամենը 46 տարի, սակայն Հայաստանի բժշկության պատմության մեջ նա մնաց որպես դատաբժշկական փորձագիտության, ինչպես նաև հանրապետության դատական բժշկության առաջին ամբիոնի հիմնադիր: