• Հայ
  • Рус
  • Eng
Գաբրիել Սամսոնի Խաչատրյան
1968-1969թթ.

ԳԱԲՐԻԵԼ ՍԱՄՍՈՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

(1924-1997թթ.)

Բժշկական համալսարանի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի անվանի բժիշկ-գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, կենսաքիմիկոս Գաբրիել Խաչատրյանը: Նա ծնվել է Գորիսի շրջանի Բրուն (այժմ՝ Ակներ) գյուղում: Հայրենի գյուղում տարրական կրթությունը ստանալուց հետո Վերիշենում ավարտել է յոթնամյակը և ընդունվել Գորիսի մանկավարժական ուսումնարան: 1940 թվականին ուսումնարանն ավարտելուց հետո աշխատել է որպես գյուղական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ: 1942 թվականին կամավոր մեկնել է ռազմաճակատ: 1943 թվականին գործուղվել է դիվիզիայի սերժանտական դպրոցում սովորելու: Պատերազմի ավարտից հետո մասնակցելով ևս մի հատուկ կարևոր օպերատիվ աշխատանքի՝ 1946 թվականին Գ. Խաչատրյանը զորացրվում է: Վերադառնալով նշանակվում է Բրուն գյուղի դպրոցի տնօրեն, այնուհետև՝ ՀԿԿ Գորիսի շրջկոմի հրահանգիչ:

1947 թվականին ընդունվելով բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետը՝ գերազանց առաջադիմության և հասարակական աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար նա արժանանում է ինստիտուտի անվանական ամենաբարձր՝ ստալինյան կրթաթոշակի:

Ինստիտուտն ավարտելուց հետո Գաբրիել Խաչատրյանին գրավում է ոչ թե բժիշկ-կլինիցիստի, այլ տեսաբանի մասնագիտությունը: 1953 թվականին հաջողությամբ ավարտելով ինստիտուտը՝ ընդունվում է կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտուրան, որում ուսանելու տարիներին զբաղվում է գիտական ուսումնասիրություններով, որի ընթացքում կուտակած նյութը նրան հնարավորություն է տալիս 1956 թվականին հաջողությամբ պաշտպանել թեկնածուական ատենախոսություն:

1955 թվականին ընտրվելով ինստիտուտի կուսակցական սկզբնական կազմակերպության քարտուղար՝ շուրջ 1 տարի ղեկավարում է այդ բազմամարդ կոլեկտիվը: 3 անգամ անընդմեջ կուսակցական կազմակերպության  ղեկավարի պաշտոնում ընտրվելով՝ իր գործունեությունը նպատակաուղղում է ժամանակին ընդունված կառավարության և կուսակցական վերադաս մարմինների որոշումների կատարմանը:

1964 թվականին հաջողությամբ պաշտպանելով ատենախոսությունը՝ ստանում է գիտության դոկտորի գիտական աստիճան, այնուհետև՝ պրոֆեսորի կոչում:

5 տարի զբաղեցնելով գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը՝ անվանի գիտնականը զգալի աշխատանք է կատարել ինստիտուտի կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի հիմնադրման, աշխատակազմի ընտրության, ժամանակի պահանջներին համապատասխան գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման ուղղությամբ:

1967 թվականին Գաբրիել Խաչատրյանի նախաձեռնությամբ ստեղծվում է ուղեղի բիոսինթետիկ ռեակցիաների գիտահետազոտական լաբորատորիա, որը ղեկավարում է ավելի քան 17 տարի:

1968 թվականի ապրիլին նա նշանակվում է բժշկական ինստիտուտի ռեկտոր՝ այդ պաշտոնը վարելով մինչև հաջորդ տարվա հունվար ամիսը, այնուհետև շարունակելով իր գործունեությունը կենսաքիմիայի ամբիոնում՝ ղեկավարելով իր հիմնադրած օղակի գիտահետազոտական գործունեությունը: 1983 թվականին նա ազատվում է աշխատանքից, իսկ 1984 թվականին ընդունվում է ԽՍՀՄ առողջապահության նախարարության թունաբանության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղը՝ զբաղեցնելով ավագ գիտաշխատողի պաշտոն:

1989 թվականին Գաբրիել Խաչատրյանը վերադառնում է մայր բուհ՝ դարձյալ զբաղեցնելով կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսորի իր նախկին պաշտոնը: Մեծ մտահորիզոնի տեր գիտնականն ուներ մանկավարժական բարձր վարպետություն, ուսանողների վրա ներգործելու բացառիկ ունակություն: Նրա դասախոսությունները միշտ անցնում էին գիտական բարձր մակարդակով՝ ուսանողների մոտ առաջացնելով մեծ հետաքրքրություն այն նյութի նկատմամբ, որը նա ներկայացնում էր: Գաբրիել Խաչատրյանի աշխատանքներում մեծ տեսակարար կշիռ ունեն մոլեկուլյար և ֆիզիկաքիմիական կենսաբանության և նյարդաքիմիայի կարևոր ասպեկտների ուսումնասիրությունները: Ժամանակին մեծ գործնական հետաքրքրություն էին ներկայացնում Գ. Խաչատրյանի և նրա աշխատակիցների ուսումնասիրությունները ուղեղում ուրիդիլտրանսֆերազային համակարգի, կատեխոլամինների և սերոտոնինի, քիմիայի և կենսաքիմիայի վերաբերյալ՝ օրգանիզմի ծայրահեղ վիճակների ժամանակ անհրաժեշտ բուժամիջոցների մշակման գործում:

Կյանքի վերջին տարիներին գիտնականի հետաքրքրությունը ուղղված էր ժողովրդական տնտեսության մեջ լայնորեն օգտագործվող բուսական աճի կարգավորիչների՝ պեստիցիդների և սինթետիկ այլ քիմիական նյութերի՝  նյարդաբջիջների գենետիկական ապարատի վրա ունեցած ներգործության պրոբլեմին: Անվանի գիտնականը զեկուցումներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Բելգիայում, Իտալիայում, Ճապոնիայում, Շվեդիայում, Հոլանդիայում, Կանադայում՝ ներկայացնելով Հայաստանում կենսաքիմիական դպրոցի բարձր մակարդակը: