• Հայ
  • Рус
  • Eng
Գարեգին Հակոբի Աղբալյան
1949-1951թթ.

ԳԱՐԵԳԻՆ ՀԱԿՈԲԻ ԱՂԲԱԼՅԱՆ

 (1902-1973թթ.)

Պետական և հասարակական անվանի գործիչ, բժիշկ, մանկավարժ, լուսավորության և բժշկական բարձրագույն կրթության կազմակերպիչ, բժշկական գիտությունների դոկտոր Գ. Աղբալյանը ծնվել է Շուշի գավառի Բալուջա գյուղում: Աշխաբադի գիմնազիայում սովորող պատանին 1919 թվականին գիմնազիան ավարտելուց հետո մեկնում է Արմավիրում բնակվող հարազատների մոտ, այնուհետև տեղափոխվում է  Միջին Ասիա, որտեղ աշխատում է Աշխաբադի զինվորական կայազորի պետի վարչությունում և կարճ ժամանակում իրեն դրսևորում որպես բանիմաց, գործի գիտակ, ջանասեր՝ արժանանալով հրամանատարության ուշադրությանը: Հրամանատարությունը, հաշվի առնելով նրա գործնական հատկանիշները և բարձրագույն բժշկական կրթություն ստանալու նրա ձգտումը՝ նրան գործուղում է Տաշքենդի միջինասիական համալսարանի բժշկական ֆակուլտետում սովորելու:

1924 թվականին տեղեկություն ստանալով, որ Երևանի համալսարանում գործում է բժշկական ֆակուլտետ՝ գալիս է հայրենիք և ուսումը շարունակում հիշյալ ֆակուլտետի 3-րդ կուրսում: Մի շարք առարկաներից հայերեն դասագրքեր չկային, և ուսանողների զգալի մասը չէր տիրապետում ռուսերեն լեզվին և հնարավորութուն չուներ օգտվել ռուսական գրականությունից: Գ. Աղբալյանը օգնում էր համակուրսեցիներին՝ կատարելու թարգմանություններ:

1927 թվականին բժշկական ֆակուլտետն ավարտած առաջին 32 շրջանավարտներից մեկը Գ. Աղբալյանն էր: Բժշկական ֆակուլտետի շրջանավարտներից ոմանք մնացին Երևանում, ոմանք գործուղվեցին Լենինգրադ, որպեսզի մասնագիտանալուց հետո վերադառնան և անցնեն գիտամանկավարժական գործունեությանը: Այլ էր Գարեգին Աղբալյանի ուղին: Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո նա նշանակվեց Վեդի գյուղի բժիշկ: 1928 թվականի ամռանը՝ ընդամենը 1 տարի աշխատելուց հետո, իր կազմակերպչական ունակությունների արդյունքում 25-ամյա բժիշկը նշանակվում է հանրապետության առժողկոմատի Վեդիի տրոպիկական կայանի վարիչ:

1928 թվականի վերջերին նրան գործուղում են Երևան և նշանակում հոգեբուժական հիվանդանոցի օրդինատոր, որով սկսվում է ապագա հոգեբույժի գործունեությունը բժշկության այդ բնագավառում: 1930 թվականին՝ նյարդային հիվանդությունների և հոգեբուժության ընդհանուր ամբիոնի տրոհումից հետո, երբ 1931 թվականին ստեղծվում է հոգեբուժության ամբիոնը, նրան է վստահվում բժշկական ինստիտուտի հիշյալ ամբիոնի ասիստենտի պաշտոնը, և ճանաչված հոգեբույժ Գրիգոր Տեր-Հակոբյանի (Գրո) ղեկավարությամբ սկսվում է Գ. Աղբալյանի գիտամանկավարժական գործունեությունը:

1937 թվականին, երբ ստալինյան բռնարարքների հետևանքով անհիմն ձերբակալվում և աքսորվում է հոգեբուժության ամբիոնի վարիչ Գրիգոր Տեր-Հակոբյանը, Գարեգին Աղբալյանը նշանակվում է այդ ամբիոնի վարիչի պաշտոնակատար, որը վարում է մինչև 1939 թվականը:

1939 թվականին Գ. Աղբալյանը նշանակվում է ժողկոմխորհի նախագահի տեղակալ և ստիպված երկար ժամանակով թողնում է գիտամանկավարժական գործունեությունը՝ դրան վերադառնալով մոտ 10 տարի անց: Այս հանգամանքը չէր կարող բացասաբար չանդրադառնալ նրա՝ որպես հոգեբույժի գիտական առաջընթացի վրա: Սակայն այդ տարիները իզուր չէին անցել, և հանրապետությունում զբաղեցնելով մի շարք բարձր պաշտոններ՝ միշտ էլ հանդես էր բերել իրեն վստահված գործի հանդեպ պատասխանատվության զգացում, սկզբունքայնություն, իրեն դրսևորել որպես բանիմաց, բարի և համեստ անձնավորություն:

Մոսկվայում զբաղեցնելով հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնը՝  Գարեգին Աղբալյանը Հայաստանի և Միութենական կառավարությունների միջև միջանկյալ օղակի ղեկավարն էր և ջանասիրությամբ ու նվիրումով լուծում էր Հայաստանի համար կենսական կարևորության, իսկ երբեմն նաև հրատապ բազմաթիվ հարցեր: Մեծ պատասխանատվություն դրվեց նրա վրա, երբ նա նշանակվեց հանրապետության պետական վերահսկողության ժողովրդական կոմիսար: Նրա հսկողության տակ էին գտնվում ժողովրդական տնտեսության բոլոր բնագավառները:

Զգալի էին Գ. Աղբալյանի ծառայությունները նաև ժողովրդական կրթության կազմակերպման բնագավառում: Զբաղեցնելով հանրապետության լուսավորության մինիստրի պաշտոնը՝ նա իր աշխատանքային փորձը և գիտելիքները ներդրեց հանրակրթական դպրոցներում մանկավարժական աշխատանքի որակի բարձրացման, միջնակարգ և բարձրագույն կրթությամբ ուսուցիչների պատրաստման, ուսուցման, կրթության և դաստիարակչության սերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև ծնողների հետ տարվող աշխատանքում հաջողության հասնելու համար:

1949 թվականի ապրիլին Գ. Աղբալյանը նշանակվում է Երևանի բժշկական ինստիտուտի տնօրեն, միաժամանակ որպես հոգեբուժության ամբիոնի ասիստենտ՝ զբաղվելով գիտամանկավարժական գործունեությամբ: Այդ նույն թվականին 2 ամսով գործուղվում է Մոսկվա, որտեղ առողջապահության նախարարության հոգեբուժության կենտրոնական ինստիտուտում անցնում է որակավորման բարձրացման դասընթացներ: Էությամբ լինելով համեստ ու պարտաճանաչ՝ Գ. Աղբալյանն իր անձնական օրինակով կարողանում էր ղեկավարների և ենթակաների միջև ստեղծել առողջ փոխհարաբերություններ, որոնք զգալիորեն նպաստում էին ուսումնադաստիարակչական աշխատանքների մակարդակի բարձրացմանը, կոլեկտիվում առողջ մթնոլորտի ամրապնդմանը, գիտահետազոտական գործունեության խթանմանը, ինչպես նաև ուսանողներին բժշկական անհրաժեշտ գիտելիքներով զինելուն և գործնական աշխատանքին նախապատրաստելուն: Բժշկական ինստիտուտի ղեկավարման հենց առաջին օրվանից նա իրեն դրսևորեց որպես բժշկական բարձրագույն կրթության հմուտ կազմակերպիչ: Վարչական բարձր պաշտոններում տարիների ընթացքում ձեռք բերած փորձը օգնում էր նրան ինստիտուտի ուսումնական գործընթացի և գիտական գործունեության ճիշտ կազմակերպման հարցում: Կարևոր տեղ հատկացնելով գործնական պարապմունքներին՝ նա ձգտում էր դրա համար ամբիոններում և կլինիկաներում անհրաժեշտ պայմաններ ստեղծել: Պատահական չէր, որ արտադրական պրակտիկայի ընթացքը ստուգելու համար Գ. Աղբալյանը շրջաններ էր գործուղում ամբիոնների վարիչներին, պրոֆեսորներին և բազմամյա գիտամանկավարժական աշխատանքի փորձ ունեցող դոցենտներին: Նրա օրոք հաճախակի են դառնում գիտական գործուղումները: Կատարվում է ասիստենտների ատեստացիա՝ հատուկ հանձնաժողովի կողմից, որը ղեկավարում էր անձամբ ինքը: Որոշ աշխուժություն է մտցվում նաև մանկական հիմնարկներին ցույց տրվող օգնության կազմակերպման բնագավառում: Մանկատներին ցույց տրվող բուժօգնությունը կարգավորելու և մահացության դեպքերի թիվը նվազեցնելու նպատակով նրա նախաձեռնությամբ ինստիտուտը վերցնում է Երևանի քաղառբաժնի 1-ին մանկատան շեֆությունը: Նա մանկատան աշխատանքները բարելավելու, մասնավորապես սանիտարահիգիենիկ միջոցառումների մակարդակի բարձրացման, մանուկների բուժման գործն իր բարձրության վրա դնելու նպատակով ձեռնարկում է արդյունավետ միջոցառումներ՝ հատուկ հրամանով մանկատանն է կցում մանկաբույժ, համաճարակագետ, սննդի հիգիենայի մասնագետ և ախտաբան-անատոմ:

1951 թվականին Գարեգին Աղբալյանն ազատվում է ինստիտուտի տնօրենի պաշտոնից և շարունակում իր գործունեությունը հոգեբուժության ամբիոնում: Նույն թվականին ամփոփելով իր ուսումնասիրությունների արդյունքները՝ պաշտպանում է ատենախոսություն՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դրանից հետո անվանի հոգեբույժը աշխատանքի է հրավիրվում Երևանի պետական համալսարան, որտեղ իրավաբանական ֆակուլտետում վարում է դատական հոգեբուժության դասընթացը:

1964 թվականին Գարեգին Աղբալյանը տեղափոխվում է Մոսկվա՝ մշտական բնակության և աշխատանքի է անցնում Բժշկական գիտությունների ակադեմիայի միջազգային հարաբերությունների բաժնում: 1967 թվականին ամփոփելով իր կատարած աշխատանքներից ստացված տվյալները՝ պաշտպանում է ատենախոսություն և արժանանում բժշկական գիտությունների դոկտորի աստիճանի: Իր գործունեության ընթացքում մանկավարժական, գիտական և վարչական աշխատանքների հետ միաժամանակ նա զբաղվել է նաև հասարակական ակտիվ գործունեությամբ, եղել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամության թեկնածու, համամիութենական և հանրապետական նյարդաախտաբանների և հոգեբույժների գիտական ընկերության վարչության անդամ, ինչպես նաև՝ հանրապետության Գերագույն Խորհրդի պատգամավոր: Բժիշկ-գիտնականի, պետական ու քաղաքացիական անվանի գործչի ծառայությունները բարձր գնահատականի են արժանացել, և նա պարգևատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի», «Կարմիր աստղի» շքանշաններով և մեդալներով: Գարեգին Աղբալյանը վախճանվել է Մոսկվայում: