• Հայ
  • Рус
  • Eng
Լևոն Ասատուրի Հարությունյան
1958-1960թթ.

ԼԵՎՈՆ ԱՍԱՏՈւՐԻ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

(1903-1973թթ.)
Վաստակաշատ հիգիենիստ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, մանկավարժ և հասարակական ակտիվ գործիչ Լևոն Հարությունյանը ծնվել է Կարսի մարզի Գյադուկսաթելմիշ գյուղում: Նրա ընտանիքը նախ գաղթել է Թիֆլիս, ապա՝ Ալեքսանդրապոլ, ի վերջո բնակություն հաստատել Երևանում: Դպրոցական տարիներին միաժամանակ աշխատել է՝ մասամբ թեթևացնելու ընտանիքի հոգսը: Դպրոցն ավարտելուց հետո Լ. Հարությունյանը սովորում է Երևանի ժողովրդական համալսարանի խորհրդային շինարարության ֆակուլտետին կից հաշվապահական եռամսյա դասընթացներում, ապա ընդունվում պատմագրական ֆակուլտետ: Մի քանի շաբաթ անց համալսարանում հիմնադրվում է բժշկական ֆակուլտետ, որում սովորելու խնդրանքով նա դիմում է իր ֆակուլտետի դեկանին՝ միջնորդելու համալսարանի ղեկավարությանը՝ հնարավորություն ընձեռել տեղափոխվելու բժշկական ֆակուլտետ: Բժշկական ֆակուլտետի առաջին ուսանողների թվում, կրելով սարքավորումների, դասագրքերի, անհրաժեշտ պայմանների բացակայության ստեղծած դժվարությունները՝ ձգտում է հնարավորինս կուտակել գիտելիքներ և փորձ՝ իրականացնելու բժիշկ դառնալու իր երազանքը:
1927 թվականին բժշկական ֆակուլտետի առաջին 32 շրջանավարտների թվում էր նաև Լ. Հարությունյանը: Նորավարտ բժիշկը կարճ ժամանակ անց գտավ իր տեղը հայ անվանի բժիշկների շարքում, ով հետագայում դարձավ հանրահայտ գիտնական, ստեղծեց գիտական դպրոց, և նրա անունը դուրս եկավ Հայաստանի սահմաններից: Նույն թվականին համալսարանի և առժողկոմատի ղեկավարությունը, հաշվի առնելով Հայաստանում բժշկագիտության զարգացման հեռանկարները, առավել ընդունակ մի խումբ շրջանավարտների, այդ թվում՝ Լ. Հարությունյանին պահեց համալսարանում՝ գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվելու համար: Սակայն երիտասարդ շրջանավարտների խումբը գոհ չէր այդ որոշումից, և իրենց դժգոհությունը արտահայտելով առժողկոմ Ս. Լազրևին՝ խնդրեցին իրենց գործուղել բժշկական գործնական աշխատանքի: Առժողկոմի զրույց-բացատրությունը՝ ներկա իրավիճակի և սպասվող հեռանկարների մասին, ոգևորեց նորավարտ բժիշկներին՝ սկսելու զբաղվել գիտամանկավարժական աշխատանքով՝ ծրագիր ունենալով հետագայում փոխարինել արդեն պատկառելի տարիքում իրենց ուսուցիչներին: Լևոն Հարությունյանը նշանակվեց հիգիենայի ամբիոնի լաբորանտ և իր ուսուցիչ, պրոֆեսոր Խ.Դ. Արխիպյանցի անմիջական ղեկավարությամբ սկսեց զբաղվել հիգիենայի տեսության և առավել կարևոր գործնական հարցերի ուսումնասիրությամբ՝ համոզված լինելով, որ ապագան ախտականխիչ բժշկությանն է:
Հիգիենայի բնագավառում մասնագիտանալու նպատակով 1928 թվականին նա գործուղվում է Լենինգրադ՝ վերապատրաստման, որից վերադառնալուց անմիջապես հետո 25-ամյա խոստումնալից հիգիենիստը նշանակվում է բժշկական ֆակուլտետի հիգիենայի ամբիոնի ասիստենտ:
1936 թվականին պաշտպանելով թեկնածուական, 1940 թվականին՝ դոկտորական ատենախոսությունները՝ նա պատրաստվում էր առավել խորանալ իր մասնագիտության մեջ, բայց 1941 թվականին շատերի շարքում բանակ է զորակոչվում նաև Լ. Հարությունյանը: Սակայն վերադաս մարմինների միջնորդությամբ՝ մինչև հայկական դիվիզիան կմեկներ ռազմաճակատ, նա հետ է կանչվում զինվորական ծառայությունից:
1943 թվականին նրա ղեկավարությամբ բժշկական ինստիտուտում հիմնադրվեց սննդի հիգիենայի ամբիոնը, որը նա ղեկավարեց մինչև 1950 թվականը: Բժշկական ինստիտուտում աշխատելու հետ մեկտեղ ճանաչված գիտնականը ղեկավարում էր նաև անասնաբուժական, անասնաբուծական ինստիտուտի անասնաբուժական սանիտարական փորձագիտության ամբիոնը, գիտահետազոտական ինստիտուտի բաժիններից մեկը: Նա միաժամանակ Երևանի էվակոհոսպիտալների հիգիենիստ-խորհրդատուն էր: Գիտնականի հետաքրքրությունների ոլորտը շատ լայն էր: Նա ակտիվորեն մասնակցում էր ոչ միայն հիգիենիստների և կլինիցիստների, այլև բժշկապատմաբանների համաժողովներին: Լ. Հարությունյանը ուներ մարդկանց հետ արագ մտերմություն հաստատելու կարողություն և խոր գիտելիքներ գիտության տարբեր բնագավառներից, հատկապես՝ ազգային արժեքներից:
Բարձր գնահատելով հանրապետության նվաճումները արդյունաբերության տարբեր ճյուղերի բնագավառում՝ նա չէր կարող անտարբեր մնալ հասարակությանը էական վնաս պատճառող օդի աղտոտման հիմնական աղբյուրների հանդեպ: Նա մտածում էր Սևանի ավազանը վերածել աշխատավորների հանգստի և առողջացման գոտու: Հանրապետությունում այդ հարցադրումը նոր չէր, սակայն Լ. Հարությունյանի ջանքերի շնորհիվ էր, որ այն ունեցավ բազմաթիվ կողմնակիցներ, և Սևանի ափերին, թերակղզում ու նրա շրջակայքում կառուցվեցին հանգստյան տներ, հյուրանոցներ: Մեծ էր Լ. Հարությունյանի դերը հետպատերազմական տարիներին սփյուռքից հայրենիք վերադարձած մարդկանց համար սանիտարահիգիենիկ պայմաններ ստեղծելու և բուժսպասարկումը արդյունավետ կազմակերպելու գործում:
1958 թվականին նշանակվելով բժշկական ինստիտուտի տնօրեն՝ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը հատկապես հայրենադարձ ուսանողների նկատմամբ, նրանց համար ստեղծում հնարավորինս հարմարավետ պայմաններ: Չեխոսլովակիայում կայացած՝ կյանքի և առողջության պայմանների ուսումնասիրությանը նվիրված միջազգային կոնգրեսում իր զեկուցումը նա նվիրեց հենց հայրենադարձ հայերի բժշկական սպասարկման հարցերին:
Լինելով արտասահմանում՝ Լ. Հարությունյանը հավասարապես հանդիպում էր հայկական գաղութի բոլոր շերտերին՝ հանդես գալով որպես մայր հայրենիքի ջատագով: Այն տարիներին, երբ դաշնակցական կազմակերպության հետ շփումները համարվում էին դատապարտելի, 1966 թվականին լինելով Բեյրութի հայ բժշկական միությունում, ծանոթանալով հայկական գաղութի մշակութային կյանքին, գաղութի հայապահպան գործունեությանը՝ նա «մի հայրենիք, մի ազգ» նշանաբանով, տարբերություն չդնելով կուսակցական պատկանելությանը՝ հանդիպում էր բոլորի հետ՝ համոզված, որ նրանք բոլորը հայրենասերներ են և իրենց ուժերի ներածին չափ արել են այն ամենը, ինչ կարողացել են: Անվանի գիտնականը ձգտում էր հայ ժողովրդի երկու հատվածների մերձեցմանը:
Որպես ինստիտուտի տնօրեն Լևոն Հարությունյանը մեծ ուշադրություն էր դարձնում ուսումնական բազաների, լաբորատորիաների և կաբինետների տեխնիկական հագեցվածությանը, ուսանողների կենցաղային պայմանների բարելավմանը: Նա խիստ դեմ էր ուսանողների չափազանց մեծ ծանրաբեռնվածությանը, որը զրկում էր նրանց դասաժամերից դուրս ինքնուրույն աշխատանք կատարելու հնարավորությունից: Միայն ժամանակի համար մեծ համարձակություն ունեցողը կհամարձակվեր քննադատել բժշկության հետ ոչ մի առնչություն չունեցող հասարակագիտական, քաղաքական առարկաների դասաժամերի քանակը: Ըստ նրա՝ բժշկականի ուսանողները ուսումնառության 6 տարիների ընթացքում անցնում են այնպիսի առարկաներ, որոնք, ըստ ուսումնական պլանի, մի քանի անգամ ավելի շատ դասաժամեր ունեին, քան բժշկական որոշ, անգամ կլինիկական առարկաները: Նման համարձակ ելույթները անհետևանք մնալ չէին կարող, և վարչաբյուրոկրատական ապարատը գիտնականից պահանջեց վերանայել իր մոտեցումները այդ առարկաների նկատմամբ:
Լ. Հարությունյանի համար կարևոր հարցերից մեկը առաջին կուրսեցու հետ տարվող աշխատանքն էր և նրան ցուցաբերված օգնությունը, մինչև նրանք կկարողանան հաղթահարել բուհական կյանքի դժվարությունները: Մեծ նշանակություն տալով ամուր կարգապահությանը՝ նա կարևորում էր արտադրական խորհրդակցությունները, որոնցում քննարկվող բազմազան հարցեր պետք է, որ բարելավեին աշխատանքի դրվածքը: Բացի այդ՝ նրա հատուկ ուշադրությանն էին արժանանում արտադրությունից և բանակից եկած ուսանողները, ինչպես նաև՝ խամ ու խոպան հողերում իրենց պարտադրված «պարտքը» կատարածները:
Ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու առաջին օրերից Լ. Հարությունյանը զգալի աշխատանք է կատարել նոր ստեղծված մանկաբուժական և բժիշկների կատարելագործման ֆակուլտետների ուղղությամբ:
«Ապագա բժիշկ» թերթը Լևոն Հարությունյանին է պարտական այն մեծ ջանքերի համար, որ նա ներդրեց հանրապետության երկրորդ բուհական թերթը ստեղծելու ուղղությամբ («Երևանի համալսարան» թերթից հետո):
Լ. Հարությունյանը զգալի աշխատանք էր կատարում երիտասարդ մասնագետների՝ իր նախկին սաների հետ: Երկար տարիներ ղեկավարելով հիգիենիստների հանրապետական գիտական ընկերությունը՝ նա ընկերության աշխատանքներին մասնակից էր դարձնում երիտասարդ հիգիենիստներին, ովքեր, աստիճանաբար նրա ղեկավարությամբ ձեռք բերելով փորձ ու գիտելիքներ, իրենց տեղն էին գրավում հիգիենիստ գիտնականների շարքում:
Լ. Հարությունյանի անունը ժամանակին դուրս էր եկել հանրապետության սահմաններից, իսկ ծառայությունները բարձր գնահատականի էին արժանացել արտասահմանյան խոշոր հիգիենիստների կողմից: Հասարակական աշխատանքը հատուկ տեղ ուներ նրա գործունեության մեջ: Լինելով հիգիենիստների համամիութենական գիտական ընկերության վարչության անդամ՝ Հանրապետության Մինիստրների Սովետին կից աղմուկի դեմ պայքարի կոմիտեի նախագահի տեղակալ, շինարարության և ճարտարապետության գծով հանրապետական կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի անդամ՝ ոչ միայն ակտիվորեն մասնակցում էր այդ կազմակերպությունների աշխատանքներին, այլև հանդես գալիս գործնական առաջարկներով, նախաձեռնություններով: Բժիշկ-գիտնականի բացառիկ ծառայությունները գնահատվել են ժամանակի բարձրագույն պարգևներով՝ «Լենինի» և «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով:
Վաստակաշատ հիգիենստ-գիտնականը վախճանվեց միանգամայն անսպասելի, գիտամանկավարժական և հասարակական գործունեության եռուն շրջանում: Նրա անունը անմահացնելու նպատակով Երևանի սանիտարահամաճարակագիտական կայանը կոչվեց նրա անունով: