• Հայ
  • Рус
  • Eng
Ներսես Բաբայի Հակոբյան
1945-1949թթ.

ՆԵՐՍԵՍ ԲԱԲԱՅԻ ՀԱԿՈԲՅԱՆ

(1892-1954թթ.)

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, վաստակաշատ հիգիենիստ, մանկավարժ և բժշկական բարձրագույն կրթության կազմակերպիչ Ներսես Հակոբյանը ծնվել է Գորիսի շրջանի Խնածախ գյուղում: 1902 թվականին ընդունվել է Բաքվի 3-րդ գիմնազիան, որը հաջողությամբ ավարտելուց հետո ընդունվել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետ: 1916 թվականին հաջողությամբ հանձնելով ավարտական քննությունները՝ նա ստանում է բժշկի որակավորում և զորակոչվում բանակ՝ մասնակցելու Առաջին համաշխարհային պատերազմին:

1918 թվականին Ն. Հակոբյանը վերադառնում է Բաքու, նշանակվում փախստականների համար ստեղծված հիվանդանոցի վարիչ, սակայն քաղաքը թուրքերի կողմից գրավվելուց հետո մեկնում է Աստրախան: Որոշ ժամանակահատված Լենքորանում աշխատելով որպես փախստականների բժիշկ՝ Ն. Հակոբյանը գալիս է Հայաստան և Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարության կողմից 1919 թվականին գործուղվում է Իգդիր (Թուրքիա), որտեղ ղեկավարում է սոցիալական ապահովության նախարարության որբերի հիվանդանոցը: Մի քանի ամիս անց նույն պաշտոնով տեղափոխվում է աշխատելու Գորիսի որբերի հիվանդանոցում:

Նկատի ունենալով կազմակերպչական ու հասարակական աշխատանքի հարուստ փորձը և ակտիվ մասնակցությունը դաշնակցական իշխանությունների դեմ մղված պայքարին՝ հանրապետության ղեկավարությունը Ներսես Հակոբյանին նշանակում է առժողկոմի պաշտոնակատար, ապա՝ Հայկական Կարմիր բանակի գլխավոր սանիտարական վարչության պետ և զինվորական կոմիսար: Բանակի վերակազմավորման հետևանքով սանիտարական մասի լուծարման ժամանակ նա ազատվում է պաշտոնից և նշանակվում առժողկոմատի սանիտարահամաճարակաբանական և վարչակազմակերպչական բաժնի վարիչ: Ն. Հակոբյանը ղեկավարում է բժշկական մի շարք հիմնարկների շենքերի վերանորոգման, ինչպես նաև Դիլիջանի առողջարանի և Երևանի տրոպիկական ինստիտուտի կազմակերպման աշխատանքները:

1924 թվականին նա ամբողջությամբ ընդգրկվում է շինարարական աշխատանքների կազմակերպման ոլորտի մեջ: Նրա անմիջական ղեկավարությամբ ժողկոմխորհի հանձնարարությամբ ներգաղթած հայերի համար կառուցվում է 5 գյուղ, իսկ որբերի համար՝ հատուկ թաղամաս: Նա միաժամանակ ղեկավարում է ժողկոմխորհին կից մանկական գյուղատնտեսական գաղութները Հոկտեմբերյանում և Երևանում: 1926 թվականին Լենինականում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո Ն. Հակոբյանը գործուղվել է աղետի վայր՝ կազմակերպելու վերականգնման աշխատանքները: Նույն տարում կատարելագործման նպատակով մեկնում է Ֆրանսիա, որտեղ պաստերյան ինստիտուտում անցնում է հատուկ դասընթացներ: Գիտելիքների հարուստ պաշարով Երևան վերադառնալուց հետո նշանակվում է բժշկական ինստիտուտի ընդհանուր հիգիենայի ամբիոնի ասիստենտ:

1931 թվականին Զանգեզուրում տեղի ունեցած երկրաշարժից հետո նրան հանձնարարվում է աղետից տուժած 3 շրջանների վերականգնողական աշխատանքների ղեկավարման գործը՝ միաժամանակ նշանակելով ժողովրդական տնտեսության ժողկոմի տեղակալ: Նա այդ պաշտոնում մնում է մինչև 1934 թվականը, որից հետո նշանակվում է առողջապահության նախարարության սանիտարաբակտերիոլոգիական ինստիտուտի տնօրեն՝ համատեղությամբ շարունակելով իր գիտամանկավարժական գործունեությունը բժշկական ինստիտուտում: 1931 թվականին՝ սանիտարահիգիենիկ ֆակուլտետի հիմնադրումից հետո, նա զբաղեցնում է ընդհանուր հիգիենայի ամբիոնի վարիչի պաշտոնը: Նկատի ունենալով հիգիենայի բնագավառում Ներսես Հակոբյանի ծառայությունները՝ 1935 թվականին առանց ատենախոսության պաշտպանության նրան շնորհում են բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այնուհետև նա հաջողությամբ պաշտպանում է թեզ՝ արժանանալով բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի, ապա նաև՝ պրոֆեսորի կոչման:1940 թվականին Ն. Հակոբյանը արժանանում է գիտության վաստակավոր գործչի կոչման՝ շարունակելով իր հայրենանվեր գործունեությունը՝ որպես մանկավարժ և գիտնական: 1942 թվականից նա ընդհանուր հիգիենայի ամբիոնի հետ միաժամանակ համատեղությամբ ղեկավարում է նաև ինստիտուտի կոմունալ հիգիենայի ամբիոնի աշխատանքները:

1945-46 ուսումնական տարվա սկզբին Ն. Հակոբյանը նշանակվում է բժշկական ինստիտուտի տնօրեն և մինչև 1949 թվականը ղեկավարում  է նրա աշխատանքները: Այս ժամանակաշրջանում նա զգալի և արդյունավետ աշխատանք է կատարում: Ամբիոններից պահանջում է ամենօրյա հոգատարություն և անհատական մոտեցում, մասնավորապես պատերազմի մասնակիցների և արտադրությունից եկածների հանդեպ: Գիտամանկավարժական գործունեության բնագավառում վճռական դեր հատկացնելով դասախոսական անձնակազմին՝ նա հատուկ ուշադրություն էր դարձնում դասախոսական կադրերի ընդունելությանը՝ նրանց գիտական ու մանկավարժական ունակությունների դրսևորման համար ստեղծելով անհրաժեշտ պայմաններ և հնարավորություններ:

Ամբիոնները, մասնավորապես վիրաբուժական ամբիոնները որակյալ ասիստենտեներով համալրելու և գիտամանկավարժական ու գործնական աշխատանքների համար երիտասարդ և ընդունակ վիրաբույժներ առաջ քաշելու նպատակով հայտարարում է մրցույթ և պրոֆեսոր-մասնագետների մասնակցությամբ կազմում հատուկ հանձնաժողով, որն անձամբ ղեկավարում էր ինքը:

Տնօրենին հետաքրքրում էր ինստիտուտի կյանքին վերաբերող յուրաքանչյուր հարց: Պաշտոնավարության հենց առաջին շաբաթվա ընթացքում նա ստուգում է հանրակացարանը և հատուկ հրամանով պահանջում բարելավել սանիտարական վիճակը, հանրակացարանը ապահովել տաք ջրով և աշխատեցնել ճաշարանը, իսկ ճաշարանին կցված տնօրինության լիազորը պարտավոր էր ստուգել ուսանողների սպասարկման վիճակը: Նրա ուշադրության կենտրոնում էին աշխատակիցների և ուսանողների կողմից պետական գույքի փչացման, էլեկտրաէներգիայի անտեղի վատնման, աշխատանքային կարգապահության խախտման հարցերը: Ահազանգ ստանալով՝ նա անմիջապես ձեռնարկում էր կոնկրետ միջոցառումներ: Ն. Հակոբյանը ամբիոններից պահանջում էր օգնել առողջապահական և բժշկական մարմիններին, ինչպես նաև՝ հանրակրթական դպրոցներին: Նրա հանձնարարությամբ համապատասխան ամբիոնները, կապ պահպանելով Երևանի քաղաքային ժողկրթբաժնի հետ, ծանոթանում էին դպրոցների կադրերին և նրանց պահանջերին, օգնում տարեվերջի քննությունների նախապատրաստական աշխատանքներին:

Իր դիմումի համաձայն ազատվելով ինստիտուտի տնօրենի պաշտոնից՝ Ներսես Հակոբյան անվանի գիտնականը շարունակում է իր գիտամանկավարժական գործունեությունը: Ղեկավարելով կոմունալ հիգիենայի ամբիոնը մինչև իր կյանքի վերջը՝ հանրապետության համար պատրաստում էր հիգիենայի բնագավառի կադրեր, ակտիվորեն մասնակցում բժշկագիտության բնագավառի աշխատանքներին: Ն. Հակոբյանը Խորհրդային Միությունում առաջիններից էր, որը զբաղվեց օդի լավորակման պրոբլեմով: Նրա նախագծած օդորակիչ սարքը (կոնդիցիոներ) լիովին բավարարում էր ներկայացվող պահանջները: Նա այն համոզմանն էր, որ հասարակական օգտագործման շենքերի օդի լավորակումը նույնպիսի անհրաժեշտություն պետք է լինի, ինչպիսիք են ջրմուղը և կոյուղին:

Նրան հաջողվեց մշակել բիոթերմիկ խցիկների նոր կոնստրուկցիաներ, որոնցում հնարավոր էր վնասազերծել պինդ թափոնները: Այդ բնագավառում նա հասավ մեծ հաջողությունների, և նրա բիոթերմիկ խցիկը մեծ կիրառություն ունեցավ հանրապետությունում և գնահատվեց հանրապետության սահմաններից դուրս: Ն. Հակոբյանը համարվում է Հայաստանում առողջապահության և հիգիենայի խոշոր կազմակերպիչ: Նա բազմաթիվ կիսատ գործեր ու հետաքրքիր ծրագրեր ուներ, որոնց կյանքի կոչելը շատ բանով կնպաստեր հանրապետությունում հիգիենիկ պայմանների բարելավմանը, հիգիենայի զարգացմանը և բժշկագիտության հետագա առաջընթացին:

Սակայն նրան չվիճակվեց իրականացած տեսնել իր երազանքը, երկարատև ծանր հիվանդությունը քայքայեց նրա առողջությունը, և 62 տարեկան հասակում անվանի գիտնականը հեռացավ կյանքից: Հանրապետության կառավարությունը, բարձր գնահատելով Ներսես Հակոբյանի բացառիկ ծառայությունները, նրա անունով կոչեց Երևանի ընդհանուր հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը: