• Հայ
  • Рус
  • Eng
Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյան
1966-1968թթ.

ՌԱՖԱՅԵԼ ՊԱՐՈւՅՐԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ

(1922-2012թթ.)

Անվանի սրտաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հանրապետության պետական  մրցանակի դափնեկիր, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Ստամբոլցյանը ծնվել է Երևանում:

1940 թվականին Շահումյանի դպրոցն ավարտելուց հետո Ռ. Ստամբոլցյանը ընդունվում է Երևանի բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետ: Հայրենական պատերազմի սկզբին նա ընդհատում է ուսումը և կամավոր մեկնում գործող բանակ, որտեղ հիվանդանում է և 1943 թվականին զորացրվում և շարունակում ուսումը բժշկական ինստիտուտում: 1946 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո ընդունվում է հոսպիտալային թերապիայի ամբիոն՝ որպես կլինիկական օրդինատոր, որի ամբիոնի վարիչ Ռուբեն Գյանջեցյանը նրա համար դառնում է ընդօրինակման առարկա՝ թե մասնագիտական, թե բարոյական առումով: Հենց այդ տարիներին նա դառնում է հալածանքի առարկա՝ ստալինյան բռնապետության մի քանի ապաշնորհ պատեհապաշտների կողմից՝ որպես թշնամու զավակի: Նրա հայրը, ով Հայաստանի կոոպերացիայի հիմնադիրներից էր, 1937 թվականին ազգայնակության մեղադրանքով ձերբակալվել և աքսորվել է, որտեղ և մահացել է: 1953 թվականին շատերի նման նա ևս արդարացվում է: 1948 թվականին տեսնելով Ռ. Ստամբոլցյանի հակումը տեխնիկական գիտությունների նկատմամբ՝ Ռ. Գյանջեցյանը նրան գործուղում է Մոսկվա՝ տիրապետելու էլեկտրասրտագրության մեթոդին: Վերադառնալով Հայաստան՝ Ռ. Ստամբոլցյանը ստեղծում է էլեկտրասրտագրության ծառայություն: Հաղթահարելով որոշ դժվարություններ՝ նա ներդնում է մեթոդը կիրառական բժշկության մեջ և ստեղծելով համապատասխան կուրսեր՝ կարճ ժամանակում պատրաստում է 100-ից ավելի մասնագետներ, որը ամուր հիմք էր Հայաստանում սրտաբանության զարգացման համար:

Ռ. Ստամբոլցյանը 1952 թվականին հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը, նույն տարին դառնում հոսպիտալային թերապիայի ամբիոնի ասիստենտ, իսկ 1957 թվականին ՝ դոցենտ: 1962 թվականին սրտաբանությանը վերաբերող իր ուսումնասիրությունների արդյունքում պաշտպանում է դոկտորական ատենախոսություն, որը արժանանում է իր առաջին ընդդիմախոս, ակադեմիկոս Լևոն Հովհաննիսյանի բարձր գնահատականին:

1963 թվականին Ռ. Ստամբոլցյանին հանձնարարվում է մանկաբուժական, սանիտարական և ստոմատոլոգիական ֆակուլտետների համար ստեղծել ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի նոր ամբիոն, որը տեղակայվում է 4-րդ կլինիկական հիվանդանոցում, որտեղ նա ընդգրկում է ընդունակ երիտասարդների և ստեղծում մի համերաշխ կոլեկտիվ: Այս հիվանդանոցում առաջին անգամ իրականացվում է հիվանդների համար ինտենսիվ վերահսկողական բաժանմունք:

1965 թվականին Ռ. Ստամբոլցյանի ղեկավարությամբ առաջարկվում և մշակվում է էլեկտրասրտագրի վերլուծության ինտեգրալ մեթոդ:

1966 թվականին Ռ. Ստամբոլցյանը նշանակվում է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտոր: Այդ պաշտոնում նա իրեն դրսևորում է որպես բժիշկ, դասախոս և գիտնական՝ մնալով նույն նրբազգաց, բարի ու հոգատար անհատը:

Ռ. Ստամբոլցյանը որպես բժիշկ ներդրեց բոլորովին նոր մի մոտեցում՝ հիվանդների հրավերով նա, առանց որևէ շահադիտական սպասման, մեկնում էր ամենահեռավոր շրջաններն ու քաղաքները, ցույց տալիս անվճար օգնություն: Ոմանց քննադատություններին ի պատասխան՝ նա նման դեպքերում պատասխանում էր. «Ես իմ ուսուցչի աշակերտն եմ»՝ ակնարկելով Ռուբեն Գյանջեցյանին:

Ռեկտորական գործունեության ժամանակահատվածում Ռ. Ստամբոլցյանն ի ցույց է դնում բժշկական բարձրագույն կրթության կազմակերպչի իր ունակությունները՝ ձգտելով զարգացնել ինստիտուտում առկա լավագույն արդյունքները, նպաստելով  ուսուցման և գիտահետազոտական աշխատանքների մակարդակի զգալի աճին:

Այդ տարիներին բժշկական ինստիտուտը գտնվում էր ծանր պայմաններում, քանի որ ամեն տարի ընդունելության ժամանակ ինստիտուտ էին ընդունվում ոչ միայն պետական պլանով նախատեսված թվով դիմորդներ, այլև բոլոր նրանք, ովքեր ընդունելության քննության ժամանակ ստացել էին դրական նիշեր: Սա խաթարում էր ուսումնառության բնականոն ընթացքը, ազդում ուսման որակի վրա, քանի որ ինստիտուտի հնարավորությունները թույլ չէին տալիս առանձին կուրս ընդունված 1000-ից ավելի ուսանողների ուսուցումը կատարել պատշաճ մակարդակով: 1967 թվականի ընդունելության քննությունների ժամանակ նա որոշում է ամեն կերպ կասեցնել այդ արատավոր գործընթացը: Սակայն այդ տարի նույնպես կրկնվում է այն, ինչ նախորդ տարիներին: Սկսվում է համառ պայքար Ռ. Ստամբոլցյանի և հանրապետության ղեկավարության միջև, այդ պայքարը ավարտվում է նրանով, որ Ռ. Ստամբոլցյանին հաջողվում է ստանալ կառավարության համաձայնությունը՝ հավելյալ ընդունելության դիմաց Հերացի փողոցի վրա կառուցել վաղուց նախատեսված այն մասնաշենքը, որի շինարարությունը տարբեր պատճառներով անընդհատ հետաձգվում էր: Բացի այդ՝ նրան հաջողվում  է բազում դժվարություններ հաղթահարելով ոչ միայն սկսել շինարարությունը, այլև մեկ մասնաշենքի փոխարեն կառուցել երկուսը:

1967 թվականին Ռաֆայել Ստամբոլցյանին շնորհվում է Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի կոչում: Գտնելով, որ ռեկտորի պարտականությունների կատարումը խանգարում է շարունակել  գիտաուսումնական և բուժական գործունեության լիարժեք կատարմանը, որին նա անսահման նվիրված էր և համարում էր իր կյանքի կարևորագույն գործը, դիմում է խնդրանքով՝ իրեն ազատել ռեկտորի պաշտոնից:

Ընդառաջելով նրա խնդրանքին՝ 1968 թվականին հանրապետության ղեկավարությունը դժվարությամբ համաձայնում է նրան ազատել բժշկական ինստիտուտի ռեկտորի պաշտոնից: Ռ. Ստամբոլցյանը շարունակում է իր բժշկագիտական գործունեությունը որպես ամբիոնի վարիչ: 1970 թվականին նրա ղեկավարած ամբիոնը տեղափոխվում է Աջափնյակում նոր կառուցված Հանրապետական հիվանդանոց, որտեղ նրա ղեկավարությամբ ստեղծվում է Հայաստանում առաջին սրտաբանական կլինիկան՝ ինֆարկտային բաժանմունքով:

1971 թվականին Ռ. Ստամբոլցյանը ընտրվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ: 1987 թվականին նա կամովին թողնում է ամբիոնի վարիչի պատասխանատու պաշտոնը, բայց հրաժարվում է հանգստի գնալու մտքից և շարունակում է իր գործունեությունը որպես ամբիոնի պրոֆեսոր:

1994 թվականին նա ընտրվում է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս: Խորհրդային տարիներին Ռ. Ստամբոլցյանը միութենական թերապևտների և սրտաբանների գիտական ընկերությունների վարչության անդամ էր, ապա՝ Հայաստանի Հանրապետության պետական բժշկագիտական փորձաքննական հանձնաժողովի նախագահը, թերապիայի մասնագիտական խորհրդի անդամ, Հայաստանի բժշկագիտական հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ: Երկար տարիներ եղել է նրա գլխավոր խմբագիրը, գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ (Փարիզ): Կառավարության կողմից նրա գործունեությունը գնահատվել է «Պատվո նշան» շքանշանով, որպես պատերազմի մասնակից պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի երկրորդ կարգի շքանշանով» և բազմաթիվ մեդալներով: