• Հայ
  • Рус
  • Eng
Ռուբեն Նիկիտի Գյանջեցյան
հդսդս 1944-1945թթ․

ՌՈւԲԵՆ  ՆԻԿԻՏԻ  ԳՅԱՆՋԵՑՅԱՆ

(1885-1954թթ.), (1944-1945թթ.)

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժշկական գիտության վաստակավոր գործիչ Ռուբեն Գյանջեցյանը ծնվել է Ադրբեջանի Նուխի քաղաքում: Շուշիի ծխական դպրոցն ավարտելուց հետո՝ 1905 թվականին ընդունվել է Մոնպելիեի /Ֆրանսիա/ համալսարանի բժշկական ֆակուլտետ, որն ավարտելուց հետո վերադառնում է Բաքու, որտեղ զգալի աշխատանք է կատարում խոլերայի համաճարակի ժամանակ:

1919 թվականին երիտասարդ բժիշկը նշանակվում է Անդրկովկասյան երկաթուղու հարավային ճյուղի հիվանդանոցի և ներքին հիվանդությունների բաժանմունքի վարիչ, 1922 թվականին տեղափոխվում է Թիֆլիս՝ նշանակվելով երկաթուղային հանգույցի հիվանդանոցի տուբերկուլոզային բաժանմունքի և դիսպանսերի վարիչ:

1923 թվականին Ռ. Գյանջեցյանը գործուղվում է Լենինգրադ: 1 տարի անց վերադառնում է և դառնում Բաքվի երկաթուղայինների հիվանդանոցի օրդինատոր, այնուհետև՝ ասիստենտ:

1930 թվականին Ռ. Գյանջեցյանը հրավիրվում է Երևանի բժշկական ինստիտուտ, որտեղ նախ զբաղեցնում է ասիստենտի պաշտոն՝ միաժամանակ վարելով տուբերկուլոզի գծով դոցենտական դասընթացը, իսկ 1933 թվականին նշանակվում է սանիտարական ֆակուլտետի թերապիայի ամբիոնի վարիչ: 1935 թվականից մինչև կյանքի վերջը անվանի գիտնականը ղեկավարել է հոսպիտալային թերապիայի ամբիոնը: 1941 թվականը նրա կյանքում ևս նշանավորվեց լայնածավալ աշխատանքներով էվակոհոսպիտալներում:

1944 թվականին նշանակվելով բժշկական ինստիտուտի տնօրեն, ով դեռևս 1941 թվականին արժանացել էր գիտության վաստակավոր գործչի կոչման՝ Ռ. Գյանջեցյանը հատուկ եռանդով սկսեց բժշկական բարձրագույն կրթության կազմակերպչի իր պատասխանատու դերը: Նրա ձեռնարկած միջոցառումներից արժանահիշատակ են ինստիտուտի ճաշարաններից կտրոնով տրվող սննդի հարցի կարգավորումը, ձմեռային կիսամյակային քննություններից հետո հաջորդ կիսամյակ փոխադրված ուսանողների ակադեմիական պարտքերի վերացման ժամկետների, ուսանողների թոշակի բաշխման կարգի սահմանումը, ինչպես նաև՝ գրադարանին կից հատուկ խորհրդակցական մարմնի ստեղծումը: Նրա նախաձեռնությամբ լուծվում են կենդանանոցի կառուցման հետ կապված հարցերը, ինստիտուտը ձեռք է բերում անհրաժեշտ սարքավորումներ, ընդարձակում ուսումնական բազաները:

1945-46 ուսումնական տարվա սկզբում ազատվելով տնօրենի պաշտոնից՝ Ռուբեն Գյանջեցյանը շարունակում է իր գիտամանկավարժական գործունեությունը՝ միաժամանակ ղեկավարելով ամբիոնը: Ռուբեն Գյանջեցյանն իր բժշկական և գիտական գործունեության ողջ ժամանակաշրջանում որոշակի աշխատանքներ է կատարել նաև երկրամասային ախտաբանության բնագավառում: Նա Հայաստան եկավ այն ժամանակ, երբ երկրամասային մի շարք հիվանդություններ, մասնավորապես մալարիան՝ մեծ տարածում էին ստացել հանրապետությունում: Մալարիայի դեմ պայքարը և հիվանդների բուժումը համարելով համաժողովրդական  առաջնահերթ և հրատապ խնդիր՝ նա ազգաբնակչության և շահագրգիռ կազմակերպությունների ուշադրությունն էր հրավիրում ախտականխման ծավալուն միջոցառումների կազմակերպման վրա: Նա հանրապետությունում առաջինն էր, ով մալարիայի վերաբերյալ գրեց մենագրություն:

Մեծ է եղել Ռ. Գյանջեցյանի դերը հանրապետության առողջարանային տարածքների գնահատման հարցում: Ըստ արժանվույն գնահատելով հանրապետության լեռնակլիմայական կայանները՝ նա նշում էր, որ այդ առումով Դիլիջանի կլիմայական պայմաններն անթերի են, և հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել այդ բացառիկ բուժավայրերին՝ նկատի ունենալով, որ տուբերկուլոզից բացի Դիլիջանի լեռնային կլիման առողջարար է ազդում բազմաթիվ այլ հիվանդությունների հետևանքով թուլացած օրգանիզմների վրա: Նա առաջարկում էր ստեղծել հնարավորություններ, որպեսզի Դիլիջանի բուժավայրը գործի անընդմեջ, որը առավելություն կունենա սեզոնային բուժավայրերի հանդեպ: Կլիմայական գործոնների ազդեցության տեսանկյունից էր գնահատում նաև Հայաստանի մյուս կլիմայական գոտիները:

Հետաքրքիր է նրա տեսակետը նաև սննդային ռեժիմի շարքում քաղցի, մասնակի քաղցի ռեժիմների առանձնացման վերաբերյալ: Գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ Ռ. Գյանջեցյանը ստեղծեց թերապևտների գիտական դպրոց, ակտիվորեն մասնակցեց հանրապետության հասարակական կյանքին՝ 3 անգամ անընդմեջ ընտրվելով Գերագույն Խորհրդի պատգամավոր: Իր աշխատանքային գործունեության ընթացքում նա ղեկավարել է Հայաստանի բժիշկների գիտական ընկերությունը, նպաստել նրա կազմում բժշկության տարբեր բնագավառների գծով սեկցիաների և նրանց հիման վրա գիտական ընկերությունների հիմնադրմանը:

Գիտնականը պարգևատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով, մեդալներով, «Առողջապահության գերազանցիկ» կրծքանշանով:

Ռուբեն Գյանջեցյանը կյանքից հեռացավ 69 տարեկան հասակում: Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Հայաստանի կառավարությունը նրա անունով կոչեց Դիլիջանի առաջին առողջարանը: