• Հայ
  • Рус
  • Eng
Վերգինե Գևորգի Միքաելյան
1938-1943թթ.

ՎԵՐԳԻՆԵ ԳԵՎՈՐԳԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

(1903-1990թթ.)

   Բժշկական բարձրագույն կրթության գործին հանրապետությունում ակտիվորեն ծառայած բժիշկ-կին գիտնականների շարքում իր բացառիկ տեղն ունի բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Վ. Միքայելյանը: Վ. Միքայելյանը ծնվել է Գյումրիում,  ուսուցչի ընտանիքում: Նա Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի առաջին դիմորդներից և առաջին շրջանավարտներից մեկն էր:

Տնտեսական ծանր կացության մեջ գտնվող երկրում, որը չուներ բժշկական կրթության կազմակերպման  անհրաժեշտ միջոցներ ու հնարավորություններ՝ այնուհանդերձ ստեղծվել էր բժիշկների պատրաստման ֆակուլտետ, որն իր կազմավորման փուլում կանգնած էր մեծ դժվարությունների առջև: Իրավիճակը շատերին ստիպում էր խոսել և կառավարությանը առաջարկություն ներկայացնել ֆակուլտետի լուծարման մասին՝ հանգամանք, որը հոգեկան տվայտանքներ էր պատճառում բժշկական ֆակուլտետի առաջին ուսանողներին, այդ թվում՝ Վ. Միքայելյանին: Նա ոչ միայն լարված պարապում էր, ակտիվորեն մասնակցում գործնական պարապմունքներին, այլև աշխատում էր հնարավորինս շատ լինել կլինիկաներում, մասնակցել համայցերին, հերթապահությունների ժամանակ օգնում էր բուժանձնակազմին, խնամում հիվանդներին, հանդես բերում մարդասիրական բացառիկ հատկություններ: Նյութական դժվարությունները հաղթահարելու, ինչպես նաև պրակտիկ բժշկությանն առնչվելու ցանկությամբ նա ուսմանը զուգընթաց՝ 1925-1927թթ. աշխատում է որպես բուժքույր:

   Պատմական 1927 թվականը, որը հետագայում Հայաստանի բժշկության պատմության մեջ մտավ որպես բժշկական ֆակուլտետի առաջին շրջանավարտներին բժշկի կոչում շնորհելու տարեթիվ, բժշկի դիպլոմ տվեց 32 շրջանավարտների, որոնց թվում էր նաև Վերգինե Միքայելյանը: Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո որպես բժիշկ նա աշխատում է հանրապետական կլինիկական հիվանդանոցում, իսկ 1928 թվականին գործուղվում է Սարդարապատ կայարան, որտեղ զբաղեցնում է Կարմիր խաչի բժշկական կետի վարիչի պաշտոնը և սկսում է իր ինքնուրույն գործունեությունը՝ որպես բժիշկ և առողջապահության կազմակերպիչ: Այնուհետև գործուղվում է Զանգեզուր, որտեղ աշխատում է որպես բժիշկ, այնուհետև՝ առողջապահության բաժնի համաճարակաբանական ջոկատի վարիչ:

   1929 թվականին Վ. Միքայելյանը հրավիրվում է Երևան և նշանակվում Երևանի գլխավոր համաճարակագետ: 1934 թվականին տեղափոխվում է բժշկական ինստիտուտ:

   1938 թվականին, նկատի ունենալով նրա անձնական մի շարք արժանիքները, բժշկական ինստիտուտի տնօրենի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների թվում հանրապետության ղեկավարությունը առաջնությունը տալիս է Վերգինե Միքայելյանին, և նա նշանակվում է բժշկական ինստիտուտի տնօրեն: Նոր պաշտոնը որքան բարդ ու պատվաբեր, այնքան էլ պարտավորեցնող էր: Դժվարություններ կային բուհի երիտասարդ տնօրենի համար շատ հարցերում. անհրաժեշտ փորձի պակասը, ուսումնակրթական համակարգում կողմնորոշում չունենալու հանգամանքը պետք է հաղթահարվեր շատ արագ: Նրան ներքուստ ճնշում էր այն միտքը, որ չունենալով ոչ գիտական աստիճան, ոչ կոչում՝ ուղղություն պետք է տար իր ուսուցիչներին՝ հայ բժշկության և բժշկագիտության երախտավորներին: Նա հասկանում էր, որ նոր պաշտոնն իրենից պահանջում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ցուցաբերել անհատական մոտեցում և նրբազգացություն՝ խորհրդակցելով ավագ ընկերների հետ, ինստիտուտի ղեկավարման գործին մասնակից դարձնելով նրանց: Երիտասարդ տնօրենը, աստիճանաբար հաղթահարելով դժվարությունները, հեռու վանելով բարդույթները, երկյուղածությունը, դիմում է համարձակ քայլերի՝ նպատակ ունենալով ըստ ամենայնի բարձրացնել ինստիտուտի հեղինակությունը և շրջանավարտների մասնագիտական մակարդակը: Համոզված լինելով, որ և ուսումնական, և գիտական աշխատանքներում հաջողության գրավականը աշխատակիցների և ուսանողների կարգապահությունն է՝ նա դիմում է գործնական քայլերի կարգապահական խախտումների դեմ պայքարի կազմակերպման գործում: Նրա ղեկավարության օրերին հաստատվեց այն կարգը, որ ուսանողները պետք է իրենց տեղերում սպասեն դասախոսներին, նրանց ներս մտնելու պահին ոտքի կանգնեն: Պարապմունքի վերջում ևս ուսանողները պարտավոր էին ոտքի կանգնել և սպասել մինչև դասախոսը դուրս գար լսարանից: Իսկ դասախոսին դրսում հանդիպելիս գլխարկը հանելու և բարևելու կարգը նույնպես համարվեց պարտադիր պայման:

   Զգալի էր Վ. Միքայելյանի կազմակերպչական աշխատանքը բուժախտականխիչ ֆակուլտետի ռուսական բաժնի ստեղծման գործում: Այդ հարցը վաղուց էր հասունացել, քանի

որ այդ ֆակուլտետում սովորելու ցանկություն ունեին ոչ միայն հանրապետության ռուսալեզու դպրոցների շրջանավարտները, որոնց մեջ քիչ չէին հայաստաբնակ ազգային փոքրամասնությունները, այլև՝ անդրկովկասյան հանրապետություններից եկածները:

   Հաջորդ քայլը սանիտարահիգիենիկ ֆակուլտետի վերաբացումն էր, որը 1936 թվականին դադարեցրել էր ընդունելությունը:

   Ձեռնարկված վերոնշյալ քայլերը ենթադրում էին ուսանողների թվի աճ՝ այն դեպքում, երբ ուսումնական բազան մնում էր նույնը, փաստ, որն, անկասկած, որոշակի դժվարություններ էր առաջացնում բարձրակարգ կրթության ապահովման գործում: Դանդաղ առաջ գնացող ինստիտուտի նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներն արագացնելու և ավարտին հասցնելու գործը Վ. Միքայելյանը համարում է ամենաառաջնակարգերից մեկը և իր ակտիվ ու նպատակասլաց գործունեության արդյունքում հասնում է այն բանին, որ 1939 թվականին ավարտվում է կենսաքիմիական մասնաշենքի Աբովյան փողոցին նայող հատվածը, ուր տեղափոխվեցին մինչ այդ անատոմիկումում տեղակայված բոլոր տեսական ամբիոնները:

   1940 թվականին Վ. Միքայելյանի կյանքը նշանավորվում է նրանով, որ նրան հաջողվում է ամփոփել իր գիտահետազոտական աշխատանքների արդյունքները և պաշտպանել ատենախոսություն՝ ստանալով գիտությունների թեկնածուի աստիճան:

   1941 թվականը կարելի է համարել բժշկական ինստիտուտի գործունեության ծանրագույն տարին: Ինստիտուտի 188 դասախոսներից զորակոչվեցին 55-ը, այդ թվում՝ պրոֆեսորներ, դոցենտներ, ասիստենտներ, ասպիրանտներ. սա նշանակում էր, որ ինստիտուտի տնօրենը պետք է հոգար այդ բացը լրացնելու, դասապրոցեսը շարունակելու հարցը: Պատերազմի առաջին տարին նոր փորձություն էր պատրաստել տնօրենի համար: Կատարելով կառավարության և պաշտպանության պետական կոմիտեի պահանջը, որը բխում էր պատերազմական իրադրությունից, ամբիոնների հետ համագործակցելով՝ Վ. Միքայելյանը իրագործում է աննախադեպ քայլ: Որոշակի փոփոխության ենթարկելով ուսումնական ծրագրերն ու պլանները, հնարավորության սահմաններում կրճատելով ուսման տևողությունը՝ պատերազմի առաջին տարվա ընթացքում բժշկական ինստիտուտը տվեց 2 շրջանավարտ կուրս: Բացառիկ այս քայլի արդյունքում 1941 թվականին շրջանավարտների թիվը հասավ 281-ի՝ նախորդ տարվա 93-ի փոխարեն:

   Վերգինե Միքայելյանի ղեկավարության տարիներին բաժին ընկավ ծանր փորձություն, քանի որ ինստիտուտի հատկապես կլինիկական ամբիոնները ուսումնական պրոցեսից զատ պարտավոր էին մասնագիտական բարձրորակ օգնություն ցուցաբերել նորաստեղծ էվակոհոսպիտալների վիրավորներին, ինչպես նաև՝ պաշտպանական նշանակության հիմնարկների աշխատակիցներին: Այս աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով նրա ղեկավարությամբ կազմակերպվում էին ռազմական ուղղվածությամբ հատուկ դասընթացներ, որոնցում մասնագիտական վերաորակավորում էին ստանում կլինիցիստները, բարձր կուրսերի ուսանողները: Յուրօրինակ էր նաև գիտնականների ուժերը մոբիլիզացնելուն ուղղված ջանքերը, որոնք ունեին մեկ նշանաբան՝ «ամեն ինչ ռազմաճակատի համար»: Սա նշանակում էր, որ նրա ղեկավարությամբ ինստիտուտի գիտահետազոտական աշխատանքները վերակառուցվեցին՝ հարմարեցվելով պատերազմական պայմանների պահանջներին:

   Վ. Միքայելյանի հետևողական աշխատանքի շնորհիվ վերափոխվում է ռազմական ամբիոնի աշխատանքային ոճը և ապագա բժիշկներին նախապատրաստում պատերազմական պայմաններում բանակի կազմում վստահ գործելուն:

   Բժշկական ինստիտուտի համար 1941 թվականի ամենամեծ փորձությունը, թերևս, Կրասնոդարի և Օրջոնիկիձեի բժշկական ինստիտուտների ուսանողների և դասախոսական անձնակազմի մեծ մասի էվակուացիան էր: Չնայած շենքային սուղ պայմաններին՝ տնօրենը կազմակերպեց դասապրոցեսի այնպիսի գրաֆիկ, որ չտուժեն ոչ «տանտերերը», ոչ՝ «հյուրերը»:

   Վ. Միքայելյանը ոչ միայն մեծ նշանակություն էր տալիս ուսանողական հանրակացարանում տարվող աշխատանքներին, ուսանողական ճաշարանում առկա վիճակին, այլև՝ ինստիտուտի օժանդակ տնտեսությունում կատարվող աշխատանքներին, որից ստացված գյուղատնտեսական մթերքներն օգտագործվում էին ուսանողական ճաշարանում:

   Այս ծանրագույն պայմաններում, որոնք բաժին ընկան ինստիտուտի տնօրենին, նրան անհանգստացնում էր նաև այն փաստը, որ գիտական խորհուրդը հաճախ սկզբունքայնություն չէր ցուցաբերում ատեստացիայի, գիտական կոչումների շնորհելու ժամանակ: Նա անհրաժեշտ էր համարում դոցենտի պաշտոն և կոչում տալ միայն նրանց, ովքեր ունեին աշխատանքային փորձ և առաջխաղացման հեռանկարներ: Վ. Միքայելյանը ինստիտուտի տնօրենի պաշտոնում մնաց մինչև 1943 թվականը՝ պաշտոնից ազատվելուց հետո շարունակելով իր գիտամանկավարժական գործունեությունը համաճարակաբանության ամբիոնում: 1950 թվականին նա պաշտպանում է դոկտորական թեզ, նույն թվականին նշանակվում ինստիտուտի տնօրենի տեղակալ, իսկ 1953 թվականին՝ սննդի հիգիենայի, այնուհետև՝ մանրէաբանության ամբիոնի վարիչ, որով սկսվում է գիտամանկավարժական գործունեության և հանրապետության համար բարձրորակ մանրէաբաններ պատրաստելու բուռն շրջանը:

   Անվանի գիտնականը երկար տարիներ ղեկավարել է վարակաբանների և մանրէաբանների հանրապետական գիտական ընկերությունը, եղել է նույնանուն համամիութենական ընկերության վարչության անդամ:

   Բժշկական կադրերի պատրաստման, համաճարակաբանության և մանրէաբանության զարգացման գործում բացառիկ ծառայությունների համար Վ. Միքայելյանը պարգևատրվել է ԽՍՀՄ բարձրագույն պարգևներով՝ «Աշխատանքային Կարմիր դրոշի», «Պատվո նշան» շքանշաններով և մեդալներով: 1981 թվականին Վերգինե Միքայելյանը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ և 87 տարեկան հասակում կնքել է իր մահկանացուն: