• Հայ
  • Рус
  • Eng
Վիլեն Արմենի Աստվածատրյան
1975-1987թթ.

ՎԻԼԵՆ ԱՐՄԵՆԻ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ

(1933-2006թթ.)

Բժշկական բարձրագույն կրթության անվանի գործիչ, ԽՍՀՄ, այնուհետև ՌԴ ԲԳԱ թղթակից-անդամ, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Աստվածատրյանը ծնվել է Երևանում: Վ. Չկալովի անվան միջնակարգ դպրոցը 1950 թվականին ավարտելուց հետո ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետ: 1956 թվականին նորավարտ բժիշկն աշխատանքի է անցնում Երևանի մանկական 2-րդ հիվանդանոցում, որտեղ ստանում է մանկաբույժի մկրտություն՝ օրդինատորի պաշտոնում:

1958 թվականին Վ. Աստվածատրյանը ընդունվում է Մոսկվայի Ն.Ի. Պիրոգովի անվան 2-րդ բժշկական ինստիտուտի ասպիրանուրան, որտեղ խորացնոմ է մանկաբուժության բնագավառում իր գիտելիքները: Միաժամանակ զբաղվելով գիտահետազոտական գործունեությամբ, 1961 թվականին ամփոփելով իր հետազոտությունների արդյունքները՝ պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն, ապա որպես ասիստենտ սկսում է իր գիտամանկավարժական գործունեությունը Երևանի բժշկական ինստիտուտում՝ բժիշկների կատարելագործման ֆակուլտետի մանկաբուժության ամբիոնում: 1963 թվականին, երբ այդ ֆակուլտետի բազայի վրա հիմնադրվում է Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտը, Վ. Աստվածատրյանը նույն պաշտոնով տեղափոխվում է նորաստեղծ ինստիտուտ, որտեղ 1965 թվականին ստանում է դոցենտի պաշտոն: 1967-1971թթ. այդ ինստիտուտում նա միաժամանակ աշխատել է որպես դեկան:

1970 թվականին Վիլեն Աստվածատրյանը նշանակվում է բժիշկների կատարելագործման ինստիտուտի մանկաբուժության ամբիոնի վարիչ, իսկ 1 տարի անց, ընտրվելով բժշկական ինստիտուտի հոսպիտալային մանկաբուժության ամբիոնի վարիչ, ղեկավարում է նոր հիմնադրված ամբիոնը և նրան կից գիտահետազոտական լաբորատորիան՝ դրանք դարձնելով ինստիտուտի առաջատար օղակներ:

1973 թվականին Վ. Աստվածատրյանը նշանակվում է նաև բժշկական ինստիտուտի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, 2 տարի անց՝ ռեկտոր, և 12 տարի ղեկավարում է Երևանի բժշկական ինստիտուտը՝ հանդես բերելով բժշկական բարձրագույն կրթության կազմակերպչի ունակություններ և վարպետություն, որոնք էլ ավելի բարձրացրին բժշկական ինստիտուտի հեղինակությունն ու վարկը ոչ միայն Հայաստանում, այլև Խորհրդային Միությունում:

1980 թվականին Վ. Աստվածատրյանը բժշկական կադրերի պատրաստման բնագավառում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար և բժշկական ինստիտուտի հիմնադրման 50-ամյակի առթիվ պարգևատրվում է «Աշխատանքային Կարմիր դրոշի» շքանշանով, իսկ մի խումբ գիտնականներ, այդ թվում նաև Վիլեն Աստվածատրյանը, արժանանում են գիտության վաստակավոր գործիչի կոչման:

Նրա ռեկտորության տարիներին ինստիտուտում կատարվեցին մի շարք նորամուծություններ. 1975 թվականին ստեղծվեց նախապատրաստական բաժանմունքը, Հայաստանի բժշկության պատմության թանգարանը, էականորեն բարելավվեցին գրադարանի պայմանները, այն տեղափոխվեց լաբորատոր մասնաշենք: Այդ թվականների ձեռքբերումներից է ընդարձակ և հարմարավետ ուսանողական ճաշարանը, որը ժամանակին համարվում էր լավագույնը Երևանի բուհերի մեջ: Այդ տարիներին առանձնահատուկ ուշադրության արժանացան արտասահմանցի ուսանողները, ստեղծվեց ռուսաց լեզվի նոր ամբիոն՝ արտասահմանցի ուսանողների համար, որտեղ նրանք ռուսերեն էին սովորում ռուսերենով բժշկական կրթություն ստանալու համար: Ստեղծվեցին նաև նոր ամբիոններ՝ կլինիկական դեղաբանության, ուռուցքաբանության, ստոմատոլոգիական և այլն: Այդ տարիներին ինստիտուտը դոկտորական ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհուրդ ունենալու իրավունք ստացավ, որի նախագահը մինչև 1987 թվականը Վիլեն Աստվածատրյանն էր:

Որպես բժիշկ-գիտնական՝ մեծ էր նրա դերը մանկաբուժության բնագավառում: Անվանի մանկաբույժը մի քանի տարի ղեկավարել է հանրապետության պուլմոնոլոգիական մանկական կենտրոնը՝ ամուր հիմքերի վրա դնելով այդ բուժական կենտրոնում կատարվող բուժկանխարգելիչ աշխատանքը՝ միաժամանակ պատրաստելով կադրեր և դրանց մասնակից դարձնելով ոչ միայն կլինիկական, այլև գիտական գործունեությանը: Հիշատակության արժանի էին նաև Վ. Աստվածատրյանի ղեկավարությամբ կատարվող գիտական հետազոտությունները: Իր աշխատակիցների հետ նա զգալի աշխատանք է կատարել բացահայտելու ինտերֆերոնի և դրա որոշ խթանիչների ազդեցությունը մանկական այնպիսի ծանր և տարածված հիվանդությունների բուժման և ախտորոշման գործում, ինչպիսիք են սուր ռեսպիրատոր հիվանդությունները : Գիտական աշխատանքների և կլինիկական փորձարկումների ընթացքում ստացվեցին գոհացնող տվյալներ, և գիտնականը հասավ այն բանին, որ մի քանի անգամ նվազեց հիվանդությունների թիվը ինչպես մանկական կոլեկտիվներում, այնպես էլ մանկական հիվանդանոցներում: Կլինիկաներում ստացված արդյունքների մասին 1974 թվականին Վ. Աստվածատրյանը զեկուցումով հանդես եկավ Վարշավայում տեղի ունեցած միջազգային կոնգրեսում, որը նվիրված էր վարակիչ և մանկաբուժական հիվանդություններին՝ արժանանալով ունկնդիրների հավանությանը և բարձր գնահատականին:

Վ. Աստվածատրյանը գիտական գործունեության մեջ մեծ տեղ էր հատկացնում համատեղ կատարված աշխատանքներին՝ բարձր գնահատելով միասնական ուժերով կատարվող աշխատանքների գիտական արժեքը: Նա համատեղ գիտահետազոտական աշխատանքներ էր կատարում ոչ միայն Երևանի բժշկական ինստիտուտի և հանրապետության բժշկական գիտական այլ կենտրոնների, այլև Խորհրդային Միության հայտնի ինստիտուտների, մասնավորապես՝ ԽՍՀՄ ԲԳԱ մանկաբուժության ինստիտուտի ցիտոքիմիայի լաբորատորիայի հետ: Վ. Աստվածատրյանի ղեկավարած ամբիոնի և դրան կից պրոբլեմային լաբորատորիայի մասնագետները մի քանի տարի (1977-1982թթ.) ԽՍՀՄ ԲԳԱ մանկաբուժության ինստիտուտի հետ համատեղ համալիր ծավալուն աշխատանք են կատարել, որը նպատակ ուներ բացահայտել կյանքի առաջին տարվա ընթացքում երեխաների մահացության պատճառների սոցիալ-հիգիենիկ և բժշկական հայեցակետերը, ինչպես նաև մշակել համապատասխան միջոցառումներ այդ պատճառների եթե ոչ վերացման, ապա զգալի նվազեցման համար: Իր գործունեության վերջին 20 տարիների ընթացքում Վ. Աստվածատրյանը հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է պարբերական  հիվանդության պրոբլեմի վրա՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծելով այդ բնագավառում գիտության ժամանակակից մեթոդներով հետազոտություններ կատարելու համար:

Իմունաբանության՝ որպես գիտության բուռն զարգացումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև կլինիցիստների, մասնավորապես մանկաբույժների շրջանում, որոնք նույնպես ակտիվորեն մասնակցում էին իմունաբանական հարցերի մշակման աշխատանքներին: Հայաստանում երեխաների իմունաբանական առաջին հետազոտությունը պատկանում է Վ. Աստվածատրյանին և նրա աշխատակիցներին: Անվանի բժիշկը իր մեջ հաջողությամբ համակցելով մանկաբույժի, գիտնականի և մանկավարժի լավագույն հատկանիշները և ամփոփելով բազմամյա գիտամանկավարժական գործունեության փորձը՝ գրել և 1975 թվականին հրատարակել է բժշկական բարձրագույն  ուսումնական հաստատությունների համար նախատեսված «Մանկական հիվանդություններ» դասագիրքը, որը հանրապետությունում ոչ միայն առաջինն էր, այլև լուրջ ներդրում էր մանկաբուժական գիտական գրականության մեջ: Այդ աշխատության համար 1976 թվականին Վ. Աստվածատրյանն արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի: Ի դեպ՝ նա Հայաստանի բժիշկ-գիտնականներից առաջինն էր, որ արժանացավ այդ պատվաբեր մրցանակին: Մեծ ճանաչում են գտել նաև Վիլեն Աստվածատրյանի «Առողջ մանուկ», «Բժշկական էթիկա» գրքերը, «Կլինիկական մանկաբուժություն» և «Երեխաների պարբերական հիվանդությունը» աշխատությունները: Շուրջ 30 տարի ղեկավարելով մանկաբուժության ամբիոնը՝ նա զգալիորեն նպաստել է մանկաբուժական կադրերի պատրաստմանը, ինչպես նաև մանկաբուժության՝ որպես բժշկության կարևորագույն բնագավառի զարգացմանը:

1976 թվականից նա ղեկավարել է Հայաստանի մանկաբույժների գիտական ընկերությունը, այնուհետև՝ երեխաների պահպանման ասոցիացիան, երկար տարիներ եղել է մանկաբույժների համամիութենական գիտական ընկերության վարչության անդամ, ԽՍՀՄ բժշկական բարձրագույն կրթության խորհրդի անդամ, բժշկական տարբեր հրատարակությունների խմբագրական խորհրդի անդամ, նաև՝ Հայաստանի բուհերի ռեկտորների խորհրդի նախագահի տեղակալ: Նա պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով: