• Հայ
  • Рус
  • Eng
Վիլեն Պարույրի Հակոբյան
1987-2006թթ.

 

ՎԻԼԵՆ ՊԱՐՈւՅՐԻ ՀԱԿՈԲՅԱՆ

(1938-)

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև միջազգային 6 այլ ակադեմիաների անդամ,ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2000-2016թթ.), ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար (2006-2016թթ.), ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական (2016 թվականից), բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժշկական ծառայության գնդապետ, «Մխիթար Հերացի» մեդալակիր Վիլեն Հակոբյանը ծնվել է Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղում: 1954 թվականին Վ. Հակոբյանը ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետ: Ուսանողական առաջին տարիներից սկսած՝ նա ակտիվորեն մասնակցել էր հասարակական, իսկ 3-րդ կուրսից՝ նաև ուսանողական գիտական աշխատանքներին: Ուսումնառության տարիներին ընտրվել է ուսանողական գիտական ընկերության խորհրդի անդամ, որը ղեկավարում էր ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Անդրանիկ Մեհրաբյանը: 3-րդ կուրսից նա ուսանողական գիտական աշխատանքներ է կատարել դեղագիտության ամբիոնում, որը ղեկավարում էր ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ, պրոֆեսոր Սիմոն Միրզոյանը, ում Վիլեն Հակոբյանը համարում էր իր ուսուցիչը:

Ավարտելով ինստիտուտը՝ երիտասարդ մասնագետը 1960 թվականին գործուղվում է Արթիկի շրջան, որտեղ զբաղեցնում է գյուղական բժշկական տեղամասի վարիչի պաշտոնը:

1962 թվականին վերադառնում է Երևան և աշխատանքի անցնում բժշկական ինստիտուտի դեղագիտության ամբիոնում, 1967 թվականին հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական թեզը՝ դառնում է դեղաբանության ամբիոնի ավագ գիտաշխատող: Գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ՝ նա նաև վարչական պատասխանատու աշխատանքներ էր  կատարում, նախ՝ բուժական ֆակուլտետի դեկանի տեղակալի, ապա՝ արտասահմանցի ուսանողների դեկանի պաշտոնում:

1972 թվականին Վ. Հակոբյանն ընտրվում է դեղաբանության ամբիոնի դոցենտ, իսկ 1977 թվականին, դոկտորական թեզի պաշտպանությունից հետո, 1978 թվականից դառնում է դեղաբանության ամբիոնի պրոֆեսոր: 1979 թվականին նա ընտրվում է ինստիտուտի բուժական ֆակուլտետի դեկան, 1983-1986թթ. ինստիտուտի կուսակցական կոմիտեի առաջին քարտուղարն էր, իսկ 1986 թվականին զբաղեցնում է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը: 1987-2006թթ. Վ. Հակոբյանը վարում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը: Վիլեն Հակոբյանի ռեկտորության տարիները համընկան 1988 թվականի աղետալի երկրաշարժի, վերակառուցման, հասարակարգերի փոփոխման, անվճարից վճարովի համակարգի անցնելու ժամանակահատվածին՝ երևույթներ, որոնք փորձության նոր էջ բացեցին և համալսարանի տարեգրության, և Վ. Հակոբյանի կենսագրությանմեջ: Նախադեպը չունեցող այս բոլոր իրավիճակներում նա ցուցաբերեց կազմակերպչի և նորարարի մեծ հմտություն: Վերևից կարգադրվող հրամանների փոխարեն ինքնուրույն որոշումներ կայացնելու և այդ որոշումներով, այսպես կոչված, վերակառուցման շրջանում առաջնորդվելու, հսկայական օղակ ղեկավարելը պահանջում էր բացառիկ համարձակություն:

Ոչ միայն համալսարանի, այլև հանրապետության կյանքում 1992-1995 թվականներն անցումային տարիներ էին, որոնք ուղեկցվում էին տնտեսական և էներգետիկ ճգնաժամով: Ի տարբերություն ողջ հանրապետության կաթվածահար տնտեսությանը՝ սարսափելի պայմանները շրջանցեցին բժշկական համալսարանը, որը, ի տարբերություն մյուս բուհերի, չդադարեցրեց գործունեությունը: Ավելին՝ բժշկական համալսարանը ասելիք էր դարձել, որտեղ և անխափան էլեկտրաէներգիա և ջեռուցում կար, և ընթացող դասապրոցես: Անգամ անհավանական կարող էր թվալ այն փաստը, որ այդպիսի պայմաններում ավելացավ Երևանի բժշկական համալսարանում սովորող հնդիկ և այլազգի ուսանողների թիվը:

«Բժշկական բուհում ուսումնական գործընթացը կանգ առնելու իրավունք չունի»,- այս կարգախոսն էր ստիպում համալսարանի ռեկտորին անգամ գիշերները համալսարան գալ, հսկել հոսանքի գողացման՝ այդ տարիներին շատ ընդունված ձևը: Ողջ հանրապետությունում, հատկապես բուհերում՝ խոսակցությունն այն մասին էր, որ բժշկականի ռեկտորի սրտացավ ու հոգատար աշխատանքի արդյունքում բժշկականցիները ոչ միայն ստանում են ժամանակի համար շատ բարձր աշխատավարձ, այլև հոգում իրենց հիգիենիկ հոգսերը հենց համալսարանում:

Խորհրդային Միության փլուզումից հետո հանրապետության սոցիալ-տնտեսական և քաղաքական անբարենպաստ պայմանների հետևանքով մտավորականների և գիտնականների մի մեծ հատված ստիպված էր հեռանալ երկրից, սակայն բժշկական համալսարանի անվանի գիտնականներից ոչ մեկը չլքեց մայր կրթօջախը, պատճառը հնարավորություների սահմաններում բուհի անձնակազմի համար ստղծված աշխատանքային և կենցաղային բարենպաստ պայմաններ էին, հատկապես՝ ամենամսյա հավելավճարի ձևով դրամական օգնությունը:

Քանի որ ԽՍՀՄ կազմալուծման հետևանքով համալսարանի դասախոսները զրկվեցին Խորհրդային Միության լավագույն կենտրոններում մասնագիտական որակավորումը բարձրացնելու հնարավորությունից, 1997 թվականից սկսում է գործել դասախոսների որակավորման բարձրացման դասընթացը, որ առաջինն էր հանրապետությունում: Վստահորեն կարելի է նշել նաև՝ Վ. Հակոբյանի շնորհիվ է, որ պետական բժշկական համալսարանը դարձել էր աշխարհի այն սակավաթիվ բժշկական բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը, որն իր պատվավոր տեղն էր գրավում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցանկում և որի դիպլոմը ճանաչվում է Եվրասիայի, Ամերիկայի, Մերձավոր Արևելքի բազմաթիվ երկրներում:

1966 թվականից Վ. Հակոբյանի հետևողական ջանքերի շնորհիվ ԵՊԲՀ-ն մասնակցում է Tasis Tempus-ի ծրագրերին, որոնք կրթության եվրոպական ֆոնդի կողմից առաջարկված են որպես համագործակցության ծրագիր բարձրագույն կրթության բնագավառում: Կոնկրետ և հանգուցային հարցերի լուծման շնորհիվ այդ ծրագրերը նպաստեցին ԵՊԲՀ-ում վարչական կառավարման հիմնական մեթոդների ներդրմանը, միջազգային կապերի հաստատմանը, միջերկրածովյան մի շարք բուհերի՝ Մարսելի Էքս Մարսել, Լյուվենի կաթոլիկ, Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանների հետ փորձի փոխանակմանն ու գործնական մի շարք միջոցառումների բարելավմանը: ԵՊԲՀ ռեկտորի կողմից հավանության արժանացավ հայ-ֆրանսիական ատամնաբուժական-ատամնատեխնիկական կենտրոնի ստեղծման գաղափարը, և նրա իսկ անմիջական գործնական մասնակցությամբ իրականացավ ֆրանսահայ բարերարների բարեգործական միջոցառումը, և սկսեց գործել ուսումնական քոլեջ-կենտրոնը: Նրա տնօրինության տարիներին իր իսկ նախաձեռնությամբ և անմիջական ղեկավարությամբ բժշկականը ընդլայնեց միջազգային կապերն ու շփումերը, մասնագետների և ուսանողների փոխայցելության, կատարելագործման և ուսուցման համագործակցության պայմանագրեր կնքվեցին, համատեղ գիտական ու գիտամանկավարժական ծրագրեր մշակվեցին Մոսկվայի, Բոստոնի, Կոլումբիայի (ԱՄՆ) համալսարանների բժշկական ֆակուլտետների, Դելիի (Հնդկաստան), Թուլուզի (Ֆրանսիա), Հալեպի (Սիրիա) համալսարանների միջև:

1995 թվականի մարտին Երևանի բժշկական ինստիտուտը վերակազմավորվեց համալսարանի, որին՝ որպես համալսարանական կլինիկա հատկացվեցին առաջին հիվանդանոցը և նրան հարող ողջ համալիրը: Այս հարցում չափազանց մեծ էին ռեկտորի ջանքերը: Կրթական համակարգի որակական վերափոխումների ուղղությամբ նրա կատարած նորամուծությունը եռաստիճան համակարգի ներդրումը և ընտանեկան բժիշկների համակարգին անցնելն էր:

Վ. Հակոբյանի՝ տարիներ տևած համառ պայքարի արդյունքում 2000 թվականին սեփականության իրավունքով բժշկական համալսարանի տնօրինությանը հանձնվեց Զեյթուն ուսանողական ավանի մասնաշենքերից մեկը, իսկ ուսանողների և աշխատակիցների ձմեռային և ամառային հանգիստն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով առողջարարական կենտրոններ ստեղծվեցին Դիլիջանում, Աղվերանում, Սևանի ափին:

Նրա նախաձեռնություններից մեկը չափազանց կարևոր էր ուսանողության համար: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ շուկայական հարաբերությունները բացառում են ձրի բուժումը, իսկ ուսանողների զգալի մասը վճարունակ չէ, նա պայմանագիր կնքեց Երևանի ուսանողական պոլիկլինիկայի հետ, որի համաձայն ուսանողները հնարավորություն ստացան պոլիկլինիկայի ծառայությունից օգտվել անվճար:

Արժանահիշատակ է այն փաստը, որ բժիշկ-գիտնականը համառորեն պայքարում էր լայն տարածում ստացած վատ սովորույթների, մասնավորապես, ծխելու մոլուցքի դեմ՝ համալսարանում կիրառելով խստիվ պատժամիջոցներ:

Կիրառական գիտությունների բնագավառում աշխատանքներն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար նրա նախաձեռնությամբ գիտահետազոտական կենտրոնը վերակազմավորվեց գիտաախտորոշիչ կենտրոնի:

Վ. Հակոբյանն իր ավանդն ունի հայկական բանակը զինվորական բարձրորակ բժիշկներով ապահովելու գործում: Նրա անմիջական մասնակցությամբ 1994 թվականին համալսարանում հիմնադրվեց ռազմաբժշկական ֆակուլտետը: 1995 թվականին Վիլեն Հակոբյանին շնորհվում է բժշկական ծառայության գնդապետի կոչում: Վ. Հակոբյանի ռեկտորական արդյունավետ գործունեությունը նշանավորվեց «Մխիթար Հերացի» մեդալով, որը նա ստացավ 1998 թվականին, նույն թվականին Լեհաստանի բժշկական ակադեմիայի կողմից բազմավաստակ բժշկագետին շնորհվեց «Ալբերտ Շվեյցերի» ոսկե մեդալ:

Երևանի պետական բժշկական համալսարանի 19 տարիները առ այսօր ղեկավարած ամենաերկարակյաց ռեկտորը ակադեմիկոս Վիլեն Հակոբյանն է:

Մեծ է նրա գործունեությունը նաև գիտական հրատարակությունների կազմակերպման ուղղությամբ. նա ընտրվել է Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմայի « Փորձարարական և կլինիկական ֆարմակալոգիա» հանդեսի (Մոսկվա), ՀՀ ԳԱԱ Հայաստանի բժշկագիտության ամսագրի գլխավոր խմբագիր (Երևան), Իրանի Իսլամական Հանրապետության բժշկական միջազգային ամսագրի խմբագրական խորհրդի (Թեհրան), բժշկական խմբագրությունների միջազգային ընկերության անդամ (ԱՄՆ):