«Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագիր
«Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագրով բազային կրթությունն իրականացվում է 6-ամյա անընդհատ և ինտեգրացված ծրագրով: Սահմանված 12 կիսամյակներից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարեկան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, 1 կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից կլինիկական առարկաներ: Ծրագրի ավարտին շրջանավարտը ստանում է «Բուժական գործ» մասնագիտությամբ բժշկի որակավորում:
Տեսական դասընթացների ուսուցման գործընթացն իրականացվում է համալսարանական մասնաշենքերում (կենսաքիմիական, վարչական, լաբորատոր, անատոմիական), կլինիկական դասընթացների ուսուցման գործընթացը՝ համալսարանի սիմուլյացիոն կենտրոնում, համալսարանական հիվանդանոցային համալիրներում, պոլիկլինիկաներում, նշված համալիրներին կից կլինիկական ախտորոշիչ, ախտաբանական լաբորատորիաներում և հանրապետության բուժկանխարգելիչ այլ հաստատություններում տեղակայված համալսարանական կլինիկական բազաներում: Ուսուցման գործընթացն իրականացնում է ամբիոնների պրոֆեսորադասախոսական անձնակազմը: Կլինիկական ամբիոններում դասավանդող դասախոսները պրակտիկ բժիշկներ են:
2023-24 ուստարվանից առանցքային փոփոխություններ են կատարվել կրթական ծրագրի ուսումնական պլանում: Մասնավորապես, ներդրվել է դասավանդման մոդուլային ձևաչափը:
Դասավանդվող դասընթացների ցանկն ըստ կուրսերի
I կուրս | Բժշկական ֆիզիկա Կենսաֆիզիկա մոլեկուլային կենսաբանության հետ Բժշկական քիմիա 1 Բժշկական կենսաքիմիա Բժշկական քիմիա 2 Բժշկական կենսաբանություն Մարդու անատոմիա Մարդու անատոմիա ճառագայթաբանության հետ Կլինիկական անատոմիա Բջջաբանություն և ընդհանուր հյուսվածաբանություն Սաղմնաբանություն մոլեկուլային կենսաբանության հետ Հյուսվածաբանություն |
Առաջին օգնություն կլինիկական հմտությունների հետ Գործնական հմտություններ Բժշկության պատմություն Հայկական քաղաքակրթություն Հայկական քաղաքակրթություն և հայ բժշկության պատմություն Լատիներեն Հայոց լեզու Ակադեմիական հայերեն Օտար լեզու Ակադեմիական անգլերեն Ընտրովի դասընթացներ |
II կուրս | Մարդու անատոմիա Հյուսվածաբանություն Նորմալ ֆիզիոլոգիա Կենսաքիմիա Մանրէաբանություն Տեղագրական անատոմիա, օպերատիվ վիրաբուժություն Բժշկական հոգեբանություն |
Փիլիսոփայություն Բիոէթիկա Քաղպաշտպանություն Ֆիզդաստիարակություն Էլեկտիվ դասընթացներ (հետազոտության հիմուքներ/սեքսոլոգիայի հիմունքներ, հաղորդակցության հմտությունները բժշկությունում) Ուսումնական պրակտիկա |
III կուրս
|
Ախտաբանական անատոմիա Ախտաֆիզիոլոգիա Մանրէաբանություն Տեղագրական անատոմիա, օպերատիվ վիրաբուժություն Ֆարմակոլոգիա |
Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա Ընդհանուր վիրաբուժություն Հանրային առողջություն Առողջապահական իրավունք Ուսումնական պրակտիկա |
IV կուրս
|
Ներքին հիվանդություններ (կարդիոլոգիա, ռևմատոլոգիա, գաստրոէնտերոլոգիա) Վիրաբուժական հիվանդություններ Մանկաբարձություն և գինեկոլոգիա Աչքի հիվանդություններ Քթի, կոկորդի, ականջի հիվանդություններ Կլինիկական իմունոլոգիա և ալերգոլոգիա Մանկաբուժություն |
Ճառագայթային ախտորոշում Նյարդաբանություն Նյարդավիրաբուժություն Բժշկական գենետիկա Ուրոլոգիա և անդրոլոգիա Դիմածնոտային վիրաբուժություն Հանրային առողջություն Հիգիենա և էկոլոգիա Ուսումնական պրակտիկա |
V կուրս
|
Ներքին հիվանդություններ (պուլմոնոլոգիա, նեֆրոլոգիա, գաստրոէնտերոլոգիա) Վիրաբուժական հիվանդություններ Մանկաբուժություն Մանկաբարձություն և գինեկոլոգիա Մաշկավեներաբանություն Էնդոկրինոլոգիա Հոգեբուժություն |
Համաճարակաբանություն Ուռուցքաբանություն Ֆթիզիատրիա Վարակիչ հիվանդություններ Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Կլինիկական ֆարմակոլոգիա Ընդհանուր ֆիզիոթերապիա, ռեաբիլիտոլոգիա, սպորտային բժշկություն Ուսումնական պրակտիկա |
VI կուրս
|
Ներքին հիվանդություններ (կարդիոլոգիա, նեֆրոլոգիա, պուլմոնոլոգիա, գաստրոէնտերոլոգիա) Վիրաբուժական հիվանդություններ Մանկաբարձություն և գինեկոլոգիա Ընտանեկան բժշկություն և պոլիկլինիկական թերապիա Ռեանիմացիա, ինտենսիվ թերապիա Վարակիչ հիվանդություններ Դատական բժշկություն |
Արյունաբանություն, տրանսֆուոլոգիա Մանկական վիրաբուժություն Կլինիկական պաթոմորֆոլոգիա Պրոկտոլոգիա Ռեաբիլիտոլոգիա, սպորտային բժշկություն Աղետների բժշկություն Ռազմադաշտային թերապիա Ռազմադաշտային վիրաբուժություն |
«Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագիրը և դրա կրթական միավորները կազմված են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ-ի) և ՀՀ «Բժշկություն» ոլորտային որակավորումների շրջանակի (ՈՈՇ-ի) պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով միջառարկայական հորիզոնական և ուղղահայաց ինտեգրացիայի սկզբունքը, ինչպես նաև կրթական ծրագրի ընդհանուր վերջնարդյունքները:
Բժշկի մասնագիտական գործունեության օբյեկտն առողջ կամ հիվանդ մարդն է:
«Բուժական գործ» մասնագիտությամբ կրթական ծրագիրն ավարտելուց հետո շրջանավարտը պետք է պատրաստ լինի իրականացնելու մասնագիտական հետևյալ գործառույթները՝
- բուժկանխարգելիչ,
- ախտորոշիչ,
- բուժական,
- վերականգնողական,
- գիտահետազոտական,
- կրթադաստիարակչական,
- կազմակերպչական, կառավարման:
Բուժկանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական գործառույթներն ինքնուրույն իրականացնելու համար շրջանավարտը պետք է անցնի առնվազն մեկ տարվա հետդիպլոմային ուսուցում:
«Բուժական գործ» մասնագիտությամբ կրթական ծրագրի ընդհանուր վերջնարդյունքներն են՝
- Ցուցաբերել բժշկության ասպարեզում մասնագիտական տեսական և գործնական խոր գիտելիքներ և քննադատական ըմբռնում:
- Մասնակցել առողջապահական հաստատությունների կառավարմանը:
- Կատարել բուժառուի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքում, փաստաթղթավորում և վերլուծություն:
- Տիրապետել արդի կլինիկական և հարկլինիկական հետազոտությունների կիրառման, բուժման և կանխարգելման միջոցառումների նշանակման ալգորիթմին:
- Իրականացնել նախահիվանդանոցային և հիվանդանոցային փուլերում ախտորոշում, շտապ բուժօգնություն և ախտաբանական վիճակի հնարավոր զարգացումների կանխատեսում:
- Կատարել բուժառուի վիճակի նախնական ախտորոշում և անհրաժեշտության դեպքում ուղեգրում նեղ մասնագետի մոտ:
- Կատարել բնակչության առողջական վիճակի մասին տեղեկատվության հավաքում, վերլուծում, առողջապահական ծրագրերի նախագծում, իրականացում, գնահատում և հնարավոր զարգացումների կանխատեսում:
- Իրականացնել առողջության վերաբերյալ բուժառուների, նրանց ընտանիքի անդամների, հանրության ուսուցում և մասնագիտական ուսումնական հաստատություններում դասավանդում:
- Տրամադրել պետական և ոչ պետական հաստատություններին ու կազմակերպություններին մասնագիտական և փորձագիտական խորհրդատվություն
- Վերլուծել և կիրառել ուսումնական, գիտական, նորմատիվ իրավական, տեղեկատվական և այլ գրականություն (այդ թվում՝ օտար լեզվով)՝ մասնագիտական գործունեության, ինքնազարգացման և նոր գիտելիքի ստեղծման նպատակով
- Անցկացնել կենսաբժշկական և առողջապահական հիմնախնդիրների շուրջ գիտահետազոտական աշխատանքներ
- Ցուցաբերել արդյունավետ հաղորդակցման, թիմային աշխատանքի, ստանդարտ և ոչ ստանդարտ իրավիճակներում որոշումներ կայացնելու և թիմակիցների համար պատասխանատվություն ստանձնելու հմտություններ, էթիկայի նորմերին համապատասխան գործունեություն և պատշաճ վարվելակերպ
«Բուժական գործ» մասնագիտության կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացներն ուսումնառած, բոլոր քննություններն ու ստուգարքները հաջողությամբ հանձնած շրջանավարտները դեկանի կարգադրությամբ և ռեկտորի հաստատմամբ թույլատրվում են ամփոփիչ ատեստավորման: Վերջինս հնարավորություն է տալիս բացահայտելու ապագա բժշկի ինչպես տեսական և գործնական պատրաստվածությունը կրթական ծրագրով սահմանված մասնագիտական խնդիրների բնագավառում, այնպես էլ շարունակելու կրթությունը կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում (տեսական բժշկություն):
«Բուժական գործ» մասնագիտությամբ ինտեգրացված կրթական ծրագիրն իրականացվում է ընդհանուր բժշկության ֆակուլտետի կողմից՝ դեկանի և կրթական ծրագրի ղեկավարի հսկողությամբ: