«Ստոմատոլոգիա» մասնագիտության կրթական ծրագիր
«Ստոմատոլոգիա» մասնագիտության բազային կրթությունն իրականացվում է 5-ամյա անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով: Սահմանված 10 կիսամյակից յուրաքանչյուրի ուսումնական ծանրաբեռնվածությունը 30 ECTS կրեդիտ է: Տարեկան ծանրաբեռնվածությունը 60 ECTS կրեդիտ է, 1 կրեդիտը համարժեք է 30 ակադեմիական ժամի: Ուսումնառության ընթացքում ուսանողներն ուսումնասիրում են ինչպես տեսական, այնպես էլ մասնագիտական և հարակից կլինիկական առարկաներ: Ծրագրի ավարտին շրջանավարտը ստանում է «Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ բժշկ-ստոմատոլոգի որակավորում:
Տեսական դասընթացների ուսուցման գործընթացն իրականացվում է համալսարանական մասնաշենքերում (կենսաքիմիական, վարչական, լաբորատոր, անատոմիական), կլինիկական դասընթացների ուսուցման գործընթացը՝ ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, համալսարանական հիվանդանոցային համալիրներում, պոլիկլինիկաներում, դրանց կից կլինիկական ախտորոշիչ, ախտաբանական լաբորատորիաներում և հանրապետության բուժկանխարգելիչ այլ հաստատություններում տեղակայված համալսարանական կլինիկական բազաներում, որտեղ նեղ մասնագիտական առարկաներից բացի, ուսումնասիրվում են նաև ընդհանուր բժշկական առարկաներ:
Գործնական պարապմունքները ներառում են կերպառու ատամնաշարերի վրա ուսանողների աշխատանքը և ավելի բարձր կուրսերում բուժառուի ախտորոշման և բուժման գործընթացին նրանց առավելագույնս մասնակցությունը:
Հիմնական մասնագիտական ուղղություններն են՝ թերապևտիկ, օրթոպեդիկ, վիրաբուժական և մանկական ստոմատոլոգիա: Մասնագիտական ամբիոնները տեղակայված են ԵՊԲՀ ստոմատոլոգիական երեք կլինիկաներում, որոնք իրականացնում են բնակչության մասնագիտական որակյալ բուժօգնության կազմակերպման աշխատանքները՝ մարդկանց պարգևելով առողջ և գեղեցիկ ժպիտ:
Ամբիոններում մշտապես կազմվում և արդիականացվում են դասախոսությունները, թեստային առաջադրանքները, ուսումնական ձեռնարկներն ու դասագրքերը երեք լեզուներով: Ուսանողները մասնակցում են ամբիոնների գիտահետազոտական աշխատանքներին, ակտիվ մասնակցություն են ցուցաբերում ուսանողական գիտական խմբակների գործունեությանը:
Դասավանդվող դասընթացների ցանկն ըստ կուրսերի
I կուրս | Մարդու անատոմիա, գլխի և պարանոցի անատոմիա Ընդհանուր քիմիա Բիոօրգանական քիմիա Կենսաբանություն Հյուսվածաբանություն Մաթեմատիկա և բժշկական ինֆորմատիկա, վիճակագրություն Բժշկական ֆիզիկա Առաջին բուժօգնություն |
Լատիներեն և բժշկական տերմինաբանություն Հայ ժողովրդի պատմություն Բժշկության պատմություն Հայոց լեզու և բժշկական տերմինաբանություն Օտար լեզու Ռուսաց լեզու Ֆիզիկական դաստիարակություն |
II կուրս | Հյուսվածաբանություն, բերանի խոռոչի հյուսվածաբանություն Նորմալ ֆիզիոլոգիա, դիմածնոտային շրջանի ֆիզիոլոգիա Կենսաքիմիա, բերանի խոռոչի կենսաքիմիա Տեղագրական անատոմիա, օպերատիվ վիրաբուժություն (գլխի և պարանոցի) Մանրէաբանություն, վիրուսաբանություն, իմունաբանություն Փիլիսոփայություն Բժշկական հոգեբանություն Բիոէթիկա |
Ստոմ. նյութաբանություն Թերապևտիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա Վիրաբուժական ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա Ստոմ. հիվանդությունների կանխարգելում Ուսումնական պրակտիկա Քաղպաշտպանություն Ընտրովի դասընթացներ (հետազոտության հիմունքներ/սեքսոլոգիայի հիմունքներ) |
III կուրս
|
Մանրէաբանություն, բերանի խոռոչի մանրէաբանություն Ախտաբանական անատոմիա, գլխի և պարանոցի ախտաբանական անատոմիա Ախտաֆիզիոլոգիա, բերանի խոռոչի ախտաֆիզիոլոգիա Ֆարմակոլոգիա Առողջապահական իրավունք Հանրային առողջություն Ընդհանուր վիրաբուժություն Ներքին հիվանդությունների պրոպեդևտիկա Ճառագայթային ախտորոշում |
Թերապևտիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա Թերապևտիկ ստոմատոլոգիաՎիրաբուժական ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա Վիրաբուժական ստոմատոլոգիա Ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելում Օրթոպեդիկ ստոմատոլոգիայի պրոպեդևտիկա Օրթոպեդիկ ստոմատոլոգիա Ուսումնական պրակտիկա |
IV կուրս
|
Նյարդաբանություն Էնդոկրինոլոգիա Դատական բժշկություն Համաճարակաբանություն Կլինիկական իմունոլոգիա և ալերգոլոգիա Վարակիչ հիվանդություններ Հիգիենա և էկոլոգիա Քթի, կոկորդի, ականջի հիվանդություններ Մաշկավեներաբանություն |
Վիրաբուժական ստոմատոլոգիա Մանկական հասակի ստոմատոլոգիա Թերապևտիկ ստոմատոլոգիա Օրթոպեդիկ ստոմատոլոգիա Վիրաբուժական հիվանդություններ Ներքին հիվանդություններ Հոգեբուժություն Աղետների բժշկություն Ուսումնական պրակտիկա |
V կուրս
|
Հեմատոլոգիա Ուռուցքաբանություն Կլինիկական ֆարմակոլոգիա Գինեկոլոգիա Աչքի հիվանդություններ Ռեանիմացիա, ինտենսիվ թերապիա Ֆթիզիատրիա Մանկաբուժություն |
Վիրաբուժական ստոմատոլոգիա Մանկական հասակի ստոմատոլոգիա Օրթոդոնտիա Թերապևտիկ ստոմատոլոգիա Ստոմ. հիվանդությունների ֆիզիոթերապիա Օրթոպեդիկ ստոմատոլոգիա Ռազմադաշտային դիմածնոտային վիրաբուժություն |
«Ստոմատոլոգիա» մասնագիտության կրթական ծրագիրը և դրա առարկայական ծրագրերը կազմված են ՀՀ որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ-ի) և ՀՀ «Բժշկություն» ոլորտային որակավորումների շրջանակի (ՈՈՇ-ի) պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով միջառարկայական հորիզոնական և ուղղահայաց ինտեգրացիայի սկզբունքը, ինչպես նաև կրթական ծրագրի ընդհանուր վերջնարդյունքները:
Բժիշկ-ստոմատոլոգի մասնագիտական գործունեության օբյեկտը բուժառուն է: «Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ կրթական ծրագիրը նախատեսում է, որ այն յուրացնելուց հետո շրջանավարտը պետք է պատրաստ լինի իրականացնելու մասնագիտական հետևյալ գործառույթները՝
- բուժկանխարգելիչ,
- ախտորոշիչ,
- բուժական,
- վերականգնողական,
- կրթադաստիարակչական,
- կազմակերպչական կառավարման,
- գիտահետազոտական:
«Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ կրթական ծրագրի ընդհանուր վերջնարդյունքներն են՝
- Դրսևորելմասնագիտական տեսական և գործնական խոր գիտելիքներ:
- Ցուցաբերել հետաքննչական մարմինների պրակտիկ գործունեության համար մասնագիտական խորհրդատվական և փորձագիտական օգնություն:
- Մասնակցել բնակչության ստոմատոլոգիական խնդիրների բուժկանխարգելման, կլինիկական, համաճարակաբանական և գիտական հետազոտությունների համալիր նախագծմանը և իրականացմանը:
- Ցուցաբերել արտակարգ վիճակներում, համաճարակների և մասսայական ախտահարման օջախներում երեխաներին և մեծահասակներին առաջին բժշկական օգնություն:
- Մասնակցել տեղեկատվական ոլորտում առողջության քարոզչական և լուսավորչական աշխատանքներին, բերանի խոռոչի, թքագեղձերի և ծնոտների հիվանդություններով հիվանդների և նրանց ընտանիքի անդամների հիգիենիկ դաստիարակության իրականացմանը:
- Իրականացնել բերանի խոռոչի, թքագեղձերի և ծնոտների հիվանդություններով պացիենտների զննում, անամնեզի հավաքում, հիվանդության նախնական ախտորոշում և ստոմատոլոգիական քարտի լրացում:
- Կատարել բերանի խոռոչում դրսևորում ունեցող հիվանդությունների նախնական ախտորոշում և ուղեգրում համապատասխան մասնագետի մոտ:
- Անցկացնել կլինիկալաբորատոր և պարակլինիկական հետազոտություններ՝ այդ թվում ստոմատոլոգիական բուժախտորոշիչ սարքավորումների կիրառմամբ:
- Կատարել (կիրառել) տեղային անզգայացում:
- Իրականացնել բերանի խոռոչի, քունքստործնոտային հոդի, ատամի կարծր և փափուկ հյուսվածքների, պարօդոնտի, բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների, տրավմաների, դիմածնոտային շրջանի և ավշային համակարգի նորագոյացությունների և դեֆորմացիաների, թքագեղձերի, դեմքի նյարդերի հիվանդությունների ախտորոշում, կանխարգելում, բուժման և վերականգնման ժամանակ ստոմատոլոգիական օգնություն և հետբուժական խորհրդատվություն:
- Անցկացնել տարատեսակ անշարժ և շարժական կառույցներ պատրաստելու նպատակով՝ հենակետային ատամների հղկում, դրոշմների ստացում, կառույցի փորձարկում (հարմարեցում), ամրացում, շարժական տարբեր ատամնապրոթեզների բուժման կլինիկական փուլերի իրականացում և դրա հանձնում՝ հետագա խորհրդատվությամբ:
- Կատարել բերանի խոռոչի վիրահատական դաշտի նախապատրաստում, ատամների հեռացում, պարզ վիրաբուժական միջամտությունների իրականացում, կարերի տեղադրում ու հեռացում և հետվիրահատական վերքի մշակում:
«Ստոմատոլոգիա» մասնագիտության կրթական ծրագրով նախատեսված բոլոր դասընթացներն ուսումնառած, բոլոր քննություններն ու ստուգարքները հաջողությամբ հանձնած շրջանավարտները դեկանի կարգադրությամբ և ռեկտորի հաստատմամբ թույլատրվում են ամփոփիչ ատեստավորման: Վերջինս հնարավորություն է տալիս բացահայտելու ապագա բժիշկ-ստոմատոլոգի ինչպես տեսական և գործնական պատրաստվածությունը կրթական ծրագրով սահմանված մասնագիտական խնդիրների բնագավառում, այնպես էլ շարունակելու կրթությունը կլինիկական օրդինատուրայում և ասպիրանտուրայում (տեսական բժշկություն):
«Ստոմատոլոգիա» մասնագիտությամբ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագիրն իրականացվում է ստոմատոլոգիական ֆակուլտետի կողմից՝ դեկանի ղեկավարությամբ: